Մատչելիության հղումներ

Վրաստանի հարավում խիստ կարանտին է, Բաքվում՝ հատուկ ռեժիմ


Մարնեուլիի անցակետերից մեկում
Մարնեուլիի անցակետերից մեկում

Վրաստանում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը տեղափոխվում է Հայաստանին սահմանակից Մարնեուլիի և Բոլնիսի շրջաններ: Հայաստանի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանաբնակ այս շրջանները, որտեղ ընդհանուր առմամբ շուրջ 150 հազար մարդ է բնակվում, այս պահին շրջապատված են 12 ուժեղացված անցակետերով, իսկ միջգյուղային ճանապարհները գտնվում են ոստիկանության և զինվորականների շարժական պարեկային խմբերի անդադար հսկողության ներքո:

Վրաստանի կառավարությունը աննախադեպ այս քայլին դիմեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Մարնեուլիում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքի մասին:

«Հայտնի է դարձել, որ Մարնեուլիում բնակվող 62-ամյա մի կնոջ մոտ կորոնավիրուսի դեպք է հաստատվել: Այդ իսկ պատճառով Մարնեուլիի և Բոլնիսի շրջաններում խստագույն կարանտինի ռեժիմ է սահմանվում: Դա նշանակում է, որ արգելվում է ելումուտը այդ երկու շրջաններ, փակվում են բոլոր հաստատությունները` բացառությամբ պարենային խանութների և դեղատների: Քաղաքային և միջհամայնքային տրանսպորտի աշխատանքը դադարեցվում է: Որոշ դեպքերում մենք կարող ենք հատուկ թույտվություն տրամադրել միայն տեղի բնակիչներին՝ երբեմն նրանց թույլ տալով զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով: Բացի այդ, Մարնեուլիում շտապ կարգով դաշտային հոսպիտալ է տեղակայվելու», - երկուշաբթի երեկոյան Թբիլիսիում շտապ կարգով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե կորոնավիրուսի ընդամենը մեկ դեպքի պատճառով նման խիստ միջոցների ձեռնարկումը փոքր-ինչ տրամաբանական չէ: Իրականում սակայն Վրաստանի իշխանությունների այս քայլ ավելի քան օրինաչափ է` հաշվի առնելով Մարնեուլիում տեղի ունեցած դեպքի մանրամասները:

Բանն այն է, որ համաճարակաբաններին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ումից է վարակվել այդ կինը: Բացի այդ, նա, արդեն իսկ վարակված լինելով, մասնակցել է հոգեհանգստի մի արարողության, որը կովկասյան ավանդույթների համաձայն խիստ մարդաշատ է եղել, 100-ից ավելի մարդ է ներկա եղել:

«Այդ կինը անմիջական շփում է ունեցել շուրջ 90 հոգու հետ: Այդ 90 հոգու շփումների շրջանակը արդեն հասել է 1700-ի: Այժմ այդ բոլոր մարդկանց առողջական վիճակը ուսումնասիրվում է, և նրանք մեկուսացվելու են», - հայտարարել է խնդրին քաջածանոթ վրաց փորձագետներից մեկը` Վրաստանի խորհրդարանի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Ակակի Զոիձեն:

Մի շարք հավելյալ դրվագներ Մարնեուլիում ծավալվող իրադարձություններին հավելյալ դրամատիզմ են հաղորդում: Վարակակիր կինը աշխատել է քաղաքի խանութներից մեկում՝ որպես վաճառողուհի օրվա ընթացքում սպասարկելով հարյուրավոր մարդկանց:

Առավել մտահոգիչը սակայն այն հանգամանքն է, որ նա երկկողմանի թոքաբորբով Մարնեուլիի բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 18-ին: Կորոնավիրուսը սակայն նրա մոտ ախտորոշվել էր միայն մարտի 22-ին, և չի բացառվում, որ հիվանդանոցում գտնվելու առաջին չորս օրերին նա հասցրել էր մյուս հիվանդներին և բուժանձնակազմին ևս վարակել:

Հարավային Կովկասի մյուս պետությունում` Ադրբեջանում, իրադրությունը ևս բավական լարված է: Չնայած մահվան դեպքին և կորոնավիրուսի մի քանի տասնյակ հաստատված դեպքերին, պաշտոնական Բաքուն շաբաթներ շարունակ գերադասում էր զերծ մնալ կոշտ քայլերից:

Երեկ երեկոյան սակայն Ադրբեջանի կառավարությանը կից ստեղծված հատուկ հակաճգնաժամային շտաբը ի վերջո հայտարարեց կոշտ գործողությունների ծրագիր նախաձեռնելու, մասնավորաբար՝ երկրի ողջ տարածքում հատուկ ռեժիմ սահմանելու մասին:

«Կորոնավիրուսի համաճարակի պատճառով 65 տարեկանից բարձր անձանց արգելվում է դուրս գալ տանից, դադարեցվում է միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը, ելումուտը դեպի Բաքու, Սումգաիթ քաղաքներ և Ապշերոնի շրջան և վերը նշված շրջաններից Ադրբեջանի մնացյալ տարածք արգելվում է: Փողոցներում արգելվում են 10 հոգուց ավելի խմբերի կուտակումները», - Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Իբրահիմ Մամեդովը:

XS
SM
MD
LG