«Շատ լավ կլինի, որ այդ հետևություններն արվեն և լինեն մշտական». Դավիթ Բաբայանը՝ Կոնստանտին Զատուլինի հայտարարությունների մասին

«Դրական կընդունենք, եթե հետևություններ անեն այդ ամենից, և ընդհանրապես Ադրբեջանին զենք չվաճառեն՝ լինի դա ՌԴ-ն թե այլ պետություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի այն հայտարարության մասին, թե ՌԴ-ն ապրիլյան պատերազմից հետո հետևություններ է արեկ:

Հիշեցնենք, որ Կ. Զատուլինը ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել էր, որ իրենք հետևություններ են արել 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո և հիմա Հայաստանին մատակարարում են ամենաժամանակակից զենքը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք վաճառելուն, Կ. Զատուլինն ասել էր, որ Ադրբեջանին հիմա մատակարարվում է այն զենքը, որի ձեռքբերման համար պայմանագրերը ստորագրվել են մինչև 2016 թվականը:

Դ. Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանն այն երկիրն է, որին նույնիսկ պարսատիկ չի կարելի  վաճառել. «Դա ահաբեկչական երկիր է, և այդ նույն զենքն օգտագործվում է նույն Ռուսաստանի և այլ երկրների դեմ: Շատ լավ կլինի, որ այդ հետևություններն արվեն և լինեն մշտական: Բոլոր երկրները պետք է զերծ մնան Ադրբեջանին զենք վաճառելուց»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ ռուսական կողմն աստիճանաբար հասկանում է, որ  Ադրբեջանին չի կարելի զենք վաճառել. «Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը նույնպես ստիպում է, որ նման քաղաքականություն որդեգրվի: Ողջունելի է, որ բոլոր երկրներն էլ վերանայեն Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները, հատկապես՝ զենքի վաճառք չլինի»:

Դ. Բաբայանը համաձայն չէ Կ. Զատուլինի այն կարծիքին, որ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել: «Ես կարծում եմ, որ շատ լուրջ պետք է վերաբերվենք այդ հայտարարություններին, դա հենց այնպես արվող հայտարարություն չէ: Եթե երկրի նախագահն ամեն անգամ հայտարարում է, որ Երևանն էլ է իրենցը, Զանգեզուրն էլ է իրենցը, Սևանն էլ է իրենցը, իրենց երեխաներին նույնիսկ այդպես են դաստիարակում, ինչո՞ւ չպետք է լուրջ ընդունենք: Սա է նրանց գերնպատակը: Իրենք անկեղծ են այստեղ, իրենք չեն թաքցնում իրենց գերնպատակը, որ իրենք ուզում են հոշոտել Հայաստանը, հայ ժողովրդին, ոչնչացնեն մեր պետականությունը: Մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք այդ հարցերին»:

Տեսանյութեր

Լրահոս