1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մատենադարանի կեսդարյա «բնակչուհին»

Մատենադարանի կեսդարյա «բնակչուհին»

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 78-ամյա Աիդա Չարխչյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ամենաերկարակյաց աշխատակցուհիներից է։ Մատենադարանի կեսդարյա «բնակչուհին» ընդամենը 23 տարեկան դեռատի աղջիկ էր, երբ 1966 թ. ընդունվեց աշխատանքի՝ իբրեւ զբոսավար։

Այժմ տիկին Աիդային հաճախ կարելի է տեսնել մատենադարանի թանգարանում՝ հայկական մշակույթի եւ քաղաքակրթության «դռները» զբոսաշրջիկների առջեւ բացելիս։ «Հայրենադարձների ընտանիքից եմ։ Պարսկաստանից Հայաստան եկանք, երբ 21 տարեկան էի։ Երկու տարի անց ընդունվեցի Մատենադարանում աշխատելու եւ մինչ օրս այստեղ եմ։ Մատենադարանը շատ ուժեղ էներգետիկա ունի՝ մտնում ես ու «կպնում», չես կարողանում այլեւս պոկվել։ Տարիների ընթացքում եղել են առաջարկներ, առիթներ՝ այլ վայրերում աշխատելու, մի անգամ փորձել եմ»,-«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում պատմում է մատենադարանցին։ Փորձը փորձանք, իհարկե, չբերեց, փոխարենը տիկին Աիդային ընդմիշտ հետ բերեց. «Այդ ժամանակ Մատենադարանի տնօրենը Սեն Արեւշատյանն էր՝ շատ իմաստուն մարդ։ Ասացի, որ հրավիրում են կանանց կոմիտե աշխատելու։ Մեկ շաբաթով ազատեց՝ ասելով. «Թույլ եմ տալիս, եթե կարողանաս՝ խնդրեմ գնա, եթե չէ՝ հետ արի»։

Հաջորդ օրն իսկ, կանանց կոմիտե գնալու ճամփին, արդեն «սրտիցս արյուն էր կաթում»։ Պատահաբար այդ օրը ստացվել էր այնպես, որ կոմիտե էին հրավիրվել Հայաստանի բոլոր կանայք։ Մոտ 3000 կին կար. «Այս կանայք բոլորը միասին խոսում էին՝ իրար հերթ չտալով, վերջը՝ մի գժանոց։ Հաջորդ օրը անմիջապես հետ վերադարձա ու մնացի Մատենադարանում։ Այդ մեկ անգամն էր, որ փորձ արեցի՝ այլ վայրում աշխատելու։ Հետո կրկին առիթներ եղան, բայց Մատենադարանից դուրս գալ այլեւս չցանկացա, չկարողացա»։ Հարցազրույցի ամբողջ ընթացքում, հարազատ տան նման, «աչքի պոչով» հետեւում էր ներս ու դուրս անող բոլոր այցելուներին՝ մերթ ընդ մերթ հիշելով նրանց հետ կապված բազմաթիվ զավեշտալի դեպքեր։

Պատմում է՝ Մատենադարանում են Բելոռուսիայից ժամանած պատվիրակության ներկայացուցիչներ, երկու կին, մեկը՝ երիտասարդ աղջիկ, մյուսը՝ համեմատաբար տարեց։ Աղջիկը, ասում է, ըստ երեւույթին, նրա քարտուղարուհին կլիներ։ Ասել էին, որ կառավարական պատվիրակություն է, ինքն էլ գնաց թանգարանի ցուցանմուշները ներկայացնելու։ «Մեր պատմությունն եմ պատմում, ասում եմ, որ հայերը ընդունել են քրիստոնեությունը շատ վաղ, եւ դեռ չեմ հասցրել ասել՝ 301 թվականին, այս երիտասարդ աղջիկը խոսքը «վրա բերեց». «Մեզ մոտ՝ Բելոռուսիայում քրիստոնեությունն ընդունել են մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում»։ Քրիստոսը դեռ չծնված իրենք ընդունել էին։ Սովորաբար, այդպիսի անլուրջ բաներ շատ են խոսում։ Ախր լռելն էլ է արվեստ, մտածում ես՝ թե չգիտեք, ինչու եք խոսում։ Մեծահասակ կինը շրջվեց, ասաց՝ «Մալչի, դուռա»։ Շատ են այսպիսի դեպքերը, մեկ-մեկ ասում են՝ ինչո՞ւ գրի չես առնում։ Մատենադարանում աշխատելը մեծ երջանկություն է, նաեւ պատիվ է»,-հպարտությամբ նշում է Մատենադարանի աշխատակցուհին։

Հպատանալու առիթներ շատ է ունեցել, հատկապես տպավորված է 1969 թ. Փարիզում տեղի ունեցած ցուցահանդեսով, երբ առաջին անգամ Մատենադարանից դուրս էին բերվել հայկական ձեռագրերը, իրեն էլ ուղարկել էին որպես ֆրանսերեն լավագույն իմացող եւ բացատրող. «Այն ժամանակ ես ջահել աղջիկ էի։ Ֆրանսիայի հայերը գալիս էին, խոսում, ծանոթանում։ Այնպիսի զգացողություն էր, ասես Մատենադարանը գլխիս լուսապսակ լիներ»։ Աշխատանքից դժգոհելու առիթներ, ասում է, երբեք չի ունեցել, իր խոսքով՝ եղել են վատ աշխատակիցներ. «Օրինակ՝ մի վարիչ ունեինք, շատ անհաջող մարդ էր։ Մանր-մունր բաները մարդ լուրջ չի ընդունի։ Ցանկացած աշխատավայրում էլ լինում են անախորժություններ, տհաճ պահեր, բայց դրանք անցողիկ են»։ Անդրադառնալով Մատենադարանի այցելությունների թվին, ասաց, որ միայն 2018 թ. ունեցել են 113000, իսկ 2019-ին՝ 132500 այցելու։ «Այցելությունների նման աճ դեռ երբեք չէր ունեցել Մատենադարանը, ասում են, որ այս տարի թիվն ավելի է մեծանալու։ Հայաստանում շատ քիչ թանգարաններ կան, որ այսքան այցելուներ են ունենում»,-ընդգծեց Աիդա Չարխչյանը։

Լիանա Սարգսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]