Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հանրային բաց վայրերում դիմակ չունենալու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով

Հանրային բաց վայրերում դիմակ չունենալու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 10 
հազար դրամով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է ավելի մեղմ պատժաչափ սահմանել ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ստացավ  87 կողմ ձայն:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Այժմ գործում է միայն մեկ պայման-պահանջ: Այդպիսի պահանջ է հանրային բաց տարածքներում դիմակի առկայությունը, որը չի նշանակում, որ անձը պարտավոր է կրել դիմակը, պարզապես բավարար է, որ անձն իր մոտ ունենա այն:

Այսպիսով, հանրային բաց վայրերում դիմակի առկայության պահանջը խախտելը կառաջացնի 10 հազար դրամ տուգանքի սահմանում՝ նախկին 100 հազարից 250 հազարի դրամի փոխարեն: Իսկ մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնների խախտման համար սահմանված տուգանքի չափը շարունակում է մնալ նույնը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ ստացվել են առաջարկներ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, «Իմ քայլը»-ից Նիկոլայ Բաղդասարյանից, Սուրեն Գրիգորյանից, Վլադիմիր Վարդանյանից: Դրանց հիման վրա նախագիծը խմբագրվել է: Այսպիսով այդ առաջարկների հիման վրա սահմանվել է, որ հետադարձ ուժ կիառվի, և առաջարկվող դրույթը կիրառվի նաև նախկինում կիրառված տուգանքների վրա: Մինչև այժմ եղել են անձինք, որոնք ազատ տեղաշարժի պայմանները, պահանջները խախտել էին և տուգանվել օրինակ 100 հազար դրամով: Հիմա ոստիկանությունը եռամսյա ժամկետում կվերանայի այդ դատական ակտերը և կսահմանի 10 հազար դրամ վարչական պատասխանատվություն:

ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը նկատեց՝ հաջողվել է կոմպրոմիսային տարբերակով գալ ընդհանուր հայտարարի, ինչի համար շնորհակալություն հայտնեց:

Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, սակայն հանված են մի շարք սահմանափակումներ: Այնուամենայնիվ սահմանվել է հանրային բաց վայրերում դիմակների առկայության, իսկ հանրային փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պահանջ:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]