Մատչելիության հղումներ

ԱՄՆ դատախազությունը մեղադրանք է առաջադրել Էրդողանի նախկին օգնականներին


ԱՄՆ դատախազությունը մեղադրանք է առաջադրել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի նախկին օգնականներից մի քանիսին՝ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու նպատակով Իրանին գաղտնի օգնություն ցուցաբերելու համար։

Մանհեթանի շրջանային դատարանի մեղադրական եզրակացության համաձայն, Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Զաֆեր Չաղլայանը միլիոնավոր դոլարների կաշառքի և ոսկերչական իրերի դիմաց աջակցել է, որպեսզի Իրանը կարողանա փոխանցումներ կատարել Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգի միջոցով՝ շրջանցելով Իրանի հանդեպ պատժամիջոցները:

Թուրքիայի էկոնոմիկայի ներկայիս նախարար Նիհաթ Զեյբեքչին այսօր մեկնաբանել է իր նախորդի անվան շուրջ ծավալված դատական սկանդալը:

«Զաֆեր Չաղլայանը Թուրքիայի շահերին հակասող ոչինչ չի արել, մեզ համար կարևորը Թուրքիայի շահերն են։ Մեզ չի անհանգստացնում, թե արդյոք նա գործել է ի հակառակ այլ երկրների շահերի, թե ոչ», - հայտարարել է Զեյբեքչին՝ հավելելով, որ Չաղլայանի դեմ ներկայացված մեղադրանք դեռ հստակ չէ։

Ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու համար Իրանին գաղտնի աջակցելու գործով մեղադրվում է նաև իրանական ծագումով թուրք գործարար Ռեզա Զարաբը։ Նա ձերբակալվել էր անցած տարի և Նյու Յորքի դադարանի առաջ էր կանգնել ոչ միայն Իրանին աջակցելու, այլև պաշտոնական Թեհրանին և իրանական այլ կառույցների արժույթ և ոսկի վաճառելու համար։

Իրանցի գործարարի անունը հայտնի է դեռ 2013 թվականից։ Այն ժամանակ Զարաբը Էրդողանի որդու անվան հետ կապվող սկանդալային «Մեծ կաշառքի» գործով գլխավոր կասկածյալներից մեկն էր և 2013-ի դեկտեմբերի 17-ին ձերբակալվել էր Թուրքիայի կառավարության 3 նախարարների որդիների հետ միասին: 2014-ին նրանց մեղադրանքը հանվել էր։

Զաֆեր Չաղլայանից և Ռեզա Զարաբից բացի, ամերիկյան դատարանի մեղադրական եզրակացության մեջ հիշատակվում են թուրքական պետական «Հալք» բանկի կառավարիչ Սուլեյման Ասլանը, նրա տեղակալներ Լևենթ Բալկանն ու Մեհմեդ Հաքան Աթիլան։ Նրանք մեղադրվում են Իրանի անունից Ռեզա Զարաբի իրականացրած գործարքները կոծկելու համար կաշառք վերցնելու և պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ։

Այս գործով ընդհանուր առմամբ 9 մեղադրյալ կա, այդ թվում՝ Զարաբի ենթականերից մի քանիսը։ Այժմ կալանքի տակ են գտնվում մեղադրյալներից միայն երկուսը՝ Զարաբն ու Աթիլան։ Նրանց դատավարությունը կմեկնարկի հոկտեմբերի 30-ին Նյու Յորքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG