Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքը փակելու համար. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի մեկնարկին համապարփակ անդրադարձ կատարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ նոյեմբերի 9-ին բռնազավթված Շուշի քաղաքում արած հախուռն հայտարարություններին:

Արձագանքելով Ալիեւի՝ ՌԴ խաղաղապահների վերաբերյալ հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները տեղակայվում են 5-ամյա ժամկետով, հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով:

«Կրկնում եմ՝ ինքնաբերաբար երկարացումով: Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հետ կապված բոլոր հարցերը, եւ փարատված չեն Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգային բոլոր մտահոգությունները:

2021թ. նոյեմբերի 26-ի եւ 2022թ.հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահն ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային, կարեւոր ներդրումը նրա տեղակայման գոտում անվտանգության եւ կայունության ապահովման գործում: Ավելին՝ ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում ՌԴ խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Վարչապետը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հակոտնյա գործողությունների եւ հայտարարությունների մեջ է մտնում նաեւ Լաչինի միջանցքի շուրջ արդեն երկար ժամանակ Ադրբեջանի կողմից զարգացվող մանիպուլյատիվ խոսույթը եւ փորձը զուգահեռներ գծել Լաչինի միջանցքի եւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տարածաշրջանային բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման միջեւ:

«Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, ԼՂ հայությանը շրջափակելու եւ նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար:

Մինչդեռ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումները նման զուգահեռների տեղ չեն թողնում, եւ սա հիմնավորվում է մի քանի փաստերով: Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ եւ 6-րդ կետերում գրված է «Լաչինի միջանցք», այսինքն՝ Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին: 

Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ Հայաստանի Հանրապետության որեւէ տարածքի, ո՛չ տեղանվան հիշատակում: Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է կամ տրանսպորտային ուղի, այլեւ 5 կիլոմետր լայնությամբ տարածք, անվտանգության գոտի: 9-րդ կետում որեւէ նման տարածքի հիշատակում չկա, եւ խոսք կա միայն հաղորդակցության մասին:

Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո:

9-րդ կետում ասվում է, որ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողություն իրականացնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը: Այս հարցը լրացուցիչ պարզաբանված է նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման մասին» թիվ 695 հրամանագրի 3-րդ կետով, որտեղ ասվում է. «Ռուսաստանի դաշնության Անվտանգության դաշնային ծառայությանը՝ իրականացնել հսկողություն Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ՝ քաղաքացիների, ապրանքների, տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երկկողմանի շարժման համար»»,- հիեցրեց գործադիրի ղեկավարը:

Վարչապետը նկատեց՝ այսինքն՝ մեր սուվերեն որեւէ տարածքի նկատմամբ հսկողության եւ մեր սուվերեն որեւէ գործառույթի օտարման մասին խոսք չկա եւ չի կարող լինել, խոսքը պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին է, եւ միայն սա կարող է անել ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը:

«Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ստեղծվել է միայն ու միայն Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ անխափան եւ անվտանգ կապ ստեղծելու նպատակով՝ որպես անվտանգության երաշխիք, որպես կյանքի միակ եւ այլընտրանք ճանապարհ:

9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական կապերը ապաշրջափակելու մասին է, եւ միայն այդ համատեքստում է հիշատակվում Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը, եւ այս հաղորդակցությունը, ըստ այդմ, տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացի մաս է:

Սա ակնհայտ է դարձնում նաեւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի բացվածքն է, նրա իմաստը բացատրող փաստաթուղթ»,- ընդգծեց Փաշինյանը:

Վերջինս արձանագրեց՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են: Այդ կետով Հայաստանը ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հիշատակված չէ որեւէ կոնկրետ երթուղի:

«Հայաստանի Հանրապետությունը մշտապես պատրաստ է եղել եւ պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել, եւ այդ նպատակով է շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին հսկիչ-անցագրային կետեր ստեղծելու մասին, եւ այդ որոշման ընդունման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ: Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճառով՝ Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը: Սա նշանակում է, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը, եւ Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից:

Ընդ որում՝ նման մերժողականությունը բացարձակապես անհասկանալի է: Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում եւ տրամադրված է խաղաղության, ինչպես հայտարարում է, եկեք բացենք ուրեմն այդ հսկիչ անցագրային կետերը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք: Պարզ է, որ նրանք սկզբից կտատանվեն, սկզբից կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Ադրբեջանական Հանրապետության քաղաքացիները միանշանակորեն կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է նոր ճանապարհների կառուցմանը, Փաշինյանն ասաց՝ Հայաստանի Հանրապետությունը նման պարտավորություն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ չունի: Հայտարարության 9-րդ կետը նման հնարավորություն նախատեսում է կողմերի համաձայնության պարագայում, եւ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տալ իր համաձայնությունը: Իսկ համաձայնություն չի կայանում միայն մի պատճառով. Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռքբերված պայմանավորվածություններին եւ ստորագրված հայտարարություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն եւ գործողություններ:

«Հատուկ ընդգծման կարիք ունի այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը ինքն է դրժել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ ձեռքբերված պայմանավորվածությունը, որի մասին նաեւ հրապարակային հայտարարություն է եղել: Ըստ այդմ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքները եւ հստակ արձանագրել, որ երկաթուղին գործելու է երկու երկրների օրենսդրություններին համապատասխան:

Ադրբեջանի նախագահը ինքը հրաժարվեց այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթղթի ստորագրումից: Այսօր էլ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է դրանից, ու ես պաշտոնապես հայտարարում եմ՝ հենց այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունն ամրագրող փաստաթուղթը:

Արդեն ասացի՝ Ադրբեջանի նախագահն ինքն է հրաժարվում օգտվել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության՝ Հայաստանի առաջարկած հնարավորությունից:

Ադրբեջանի նախագահը ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը Հայաստանի Հանրապետությունը գրավոր ձեւակերպել եւ Ադրբեջանին է փոխանցել դեռեւս 2021 թվականի դեկտեմբերին: Ընդ որում՝ մենք պատրաստվում ենք առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել: Եթե այդ առաջարկն էլ ընդունելի չի լինի Ադրբեջանի համար, մենք ունենք մեկ ուրիշ առաջարկ նույնպես:

Ադրբեջանի նախագահն ինքն է դրժում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հասցեագրման պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում:

Ադրբեջանի նախագահը ինքն է դրժում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը անժամկետ հետաձգելու տարբերակը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2020 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահի միջնորդությամբ:

Ադրբեջանի նախագահը ինքն է խախտում 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված հայտարարությունը եւ դրժում ձեռքբերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը պետք է ընթանա սահմանային անվտանգության ապահովման պայմաններում եւ բացառի ցանկացած էսկալացիա»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը:

Տպել
933 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին