Կստեղծվի կիբեռանվտանգային ստորաբաժանում` «1991» անվամբ

ՀՀ զինված ուժերի կազմում նոր հատուկ միավոր կստեղծվի. այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը» (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ ազդարարեցին «1991 ստորաբաժանումի» ստեղծումը:

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրեցին Դավիթ Տոնոյանը (ՀՀ ՊՆ), Արմեն Օրուջյանը (FAST), Լևոն Պետրոսյանը («Հայ Տեք»):

Ծրագրի շրջանակում զինծառայողները ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան.

  • անցնել աշխատանքի հենց ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում՝շարունակելով կիրառել իրենց ստացած գիտելիքները և զարգացնել դրանք,
  • աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում,
  • ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:

«Սա ոլորտային ստորաբաժանում է լինելու: Ժամկետային այն զինծառայողները, որոնք հատուկ կարգով գալու են ծառայության Պաշտպանության նախարարության կիբեռանվտանգության ստորաբաժանումներում, այս ծրագրի շնորհիվ հնարավորություն կունենան մեծ կրթական հարթակում ձեռք բերել այնպիսի գիտելիքներ, որոնք անվտանգային պրոֆիլում` թե պաշտպանության համար, թե իրենց հետագա կյանքում, շատ կարևոր դեր կարող են խաղալ: Նրանք կիրականացնեն նաև գիտահետազոտական և այլ գործառույթներ կիբեռանվտանգության ոլորտում` ապահովելու ՀՀ անվտանգությունը: Այս ծրագրի շրջանակում կիբեռանվտանգության ոլորտում լայն անելիքներ ունենք` և՛ անվտանգության մեջ կիբեռանվտանգության դերակատարության աննախադեպ աճի, և՛ զինված ուժերի մարտունակության բարձրացմանը միտված տեղեկատվության տեխնոլոգիաների կիրառության: Պետք է նշել, որ ծրագիրն այս մակարդակին նոր ենք բարձրացնում, բայց առաջին քայլերը, ստորաբաժանումները ստեղծվել են տարիներ առաջ, պարզապես հիմա հասել ենք այն մակարդակին, որ այդ շեմը կարող ենք բարձրացնել»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հուշագրով FAST հիմնադրամին է վերագրված ծրագրի բովանդակային աջակցության իրագործումը, ինչը ենթադրում է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տվյալագիտության և արհեստական բանականության բնագավառների նախապատրաստական դասընթացների անցկացում:

Ծրագրի ժամանակացույցի համաձայն, առաջին երկու տարիների ընթացքում կստեղծվի զորակոչիկների կարողությունների առավելագույն օգտագործման և զարգացման կայուն մեխանիզմ: Երեք տարվա ընթացքում նախատեսվում է ծրագրի մասնակիցների թիվը հասցնել 300-ի, իրականացնել մի քանի գիտահետազոտական նախագծեր, իսկ հինգ տարվա ընթացքում հասնել արդյունքների առևտրայնացմանը:

«1991 ստորաբաժանման շրջանակում նաև այլ խոշոր մասնակցություններ են լինելու, օրինակ` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և այլ խոշոր ընկերություններ, որոնք ունեն աշխատակիցներ, ովքեր զորակոչվելու են բանակ: Այս աշխատուժն է օգտագործվելու ՊՆ կարիքների համար: Բացի դրանից, ինքնուս բազմաթիվ երիտասարդներ կան, որոնց հնարավորություն է տրվելու իրենց գիտելիքները ներդնել ժամկետային ծառայության ընթացքում և ծառայել ըստ ունակության»,- լրագրողներին հայտնեց «Հայ Տեքի» գործադիր տնօրեն Լևոն Պետրոսյանը:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս