«Հայաստան» հիմնադրամի մոտ 100 տ մարդասիրական բեռն Արցախ չի հասել՝ Գորիսի պահեստում է

«Հայաստան» հիմնադրամի մոտ 100 տ մարդասիրական բեռն Արցախ չի հասել՝  Գորիսի պահեստում է

PanARMENIAN.Net - «Հայաստան» հիմնադրամի աջակցությունն արցախցիներին՝ մոտ 100 տոննա մարդասիրական բեռը, դեռ Արցախ չի հասել:

«Այսօր էլ խոսել ենք և, վերջին տվյալներով, դեռևս գտնվում է Գորիսի պահեստում մեր տրամադրած հումանիտար աջակցությունը», - ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, հայտնում է «Ազատությունը»։

Արշամյանի տեղեկացմամբ, շաքարավազ, մակարոնեղեն, բրինձ ու հնդկաձավար է՝ այն, ինչ հենց Արցախի կառավարությունն էր խնդրել նախորդ տարեվերջին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստից հետո, որտեղ քննարկվել էր Արցախին հրատապ աջակցելու հարցը։

Արցախի սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությունից տեղեկացրել են, որ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը տեղ հասցնելու ուղղությամբ:

Հիմնադրամի բեռը տեղ չհասած՝ խոսակցությունների թեմա է դարձել։

«Այնտեղ՝ Արցախում ինչ-որ շահարկումներ կային կապված նույնիսկ անորակ բրնձի հետ, որ այնտեղ բաժանվել է, նաև մեզ են մարդիկ ֆեյսբուքյան էջով գրում՝ ո՞ւր է ձեր տրամադրած օգնությունը և այլն», - ասել է Արշամյանը։

Նա շեշտել է, որ հիմնադրամի մթերքը տեղ հասնելուն պես բաշխվելու է սոցիալապես անապահով արցախցիներին, բնականաբար, անվճար։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---