211652_close_icon
views-count13304 դիտում article-date 14:56 11-09-2017

Մահացել է հայտնի նյարդավիրաբույժ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Զոհրաբյանը

ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ ափսոսանքով հայտնում է, որ սեպտեմբերի 10­ին վախճանվել է հայ բժշկագիտության զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նյարդավիրաբույժ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական նյարդավիրաբուժության ակադեմիայի ակադեմիկոս Սուրեն Գեղամի Զոհրաբյանը։ Կյանքի ընթացքում ունեցած մասնագիտական նվաճումների, Հայաստանում նյարդավիրաբուժության հինմնադրման գործում ունեցած անուրանալի ավանդի համար ականավոր բժիշկը բազում պարգևների և կոչումների է արժանացել։ Սակայն դեռ աշխատանքային գործունեության ընթացքում «Գրիգոր Լուսավորիչ բժշկական» կենտրոնի իր կողմից հինադրված կլինիկան Սուրեն Զոհրաբյանի անունով կոչելը բեղուն գործունեության հազվադեպ ու միաժամանակ խիստ պատվաբեր գնահատանք էր։ Երևանի բժշկական ինստիտուտը գերազանցությամբ ավարտած երիտասարդ վիրաբույժ Սուրեն Զոհրաբյանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին մասնագիտական մեծ դպրոց է անցել զինվորական տարբեր հոսպիտալներում։ Անվանի պրոֆեսորն անհամար վիրահատություններ է կատարել` կիսելով յուրաքանյուր հիվանդի ցավն ու ապաքինման բերկրանքը։ Նա իր փորձն ու ունակությունները փոխանցել է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի շատ երկրների իր ուսանողներին։ Պրոֆեսորի բազմաթիվ սաներն ու գործընկերները, հարազատներն ու մերձավորները նրան կհիշեն որպես փայլուն մասնագետ, իմաստուն ընկեր, ընտանիքի լավագույն հայր։ ՀՀ առողջապահության նախարարը և ողջ անձնակազմը խորապես վշտակցում է անվանի բժիշկ գիտնականի հարազատներին և մերձավորներին։ Սուրեն Գեղամի Զոհրաբյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 11­ին, ժամը 18­ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը կկայանա սեպտեմբերի 12­ին, ժամը 14-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ Սուրեն Գեղամի Զոհրաբյանի կենսագրությունը Նյարդավիրաբույժ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Եվրասիական նյարդավիրաբուժության ակադեմիայի ակադեմիկոս։ • Ծնվել է 1921թ. ապրիլի 5-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում: Կրթություն • 1942թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: • 1942-45 թթ. ծառայել է ռազմաճակատի տարբեր հոսպիտալներում, որպես վիրաբույժ։ • Սովորել է Մոսկվայի բժշկական ակադեմիայի նյարդավիրաբուժական ինստիտուտում: 1947-ին պաշտպանել է թեքնածուական, իսկ 1957-ին՝ դոկտորական թեզը: • 1947-1959թթ. վերապատրաստվել է Ռուսաստանի բժշկական ակադեմիայի նյարդավիրաբուժության ինստիտուտում: Աշխատանքային գործունեություն • Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներից։ • 1942թ.՝ նյարդաբան, նյարդավիրաբույժ Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ, բաժանմունքի վարիչ զինվորական դաշտային հոսպիտալներում: • 1958-1959թթ.՝ ԵԲԻ պրոռեկտոր։ • 1958թ. կազմակերպել Է ԵԲԻ բժիշկների կատարելագործման ֆակուլտետը, ղեկավարել նյարդաախտաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնն ու կլինիկան: • 1963թ.-ից՝ ԵԲԿԻ-ն: • 1992թ.-ից՝ ԱԱԻ-ն: • Ղեկավարել է նյարդախտաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնն ու կլինիկան։ *1960թ.՝ Իրաքում կազմակերպել Է նյարդավիրաբուժական կլինիկա: • 1971թ.՝ Լուսակայում (Զամբիա)՝ բժշկական համալսարան։ • 1960-1991թթ.՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ: *1960թ.-ից՝ նյարդավիրաբույժների հայկական ընկերության նախագահ: • 1983թ.­ից՝ նյարդավիրաբույժների եվրոպական և համաշխարհային ընկերակցությունների, Եվրասիական նյարդավիրաբույժների ակադեմիայի անդամ: • 2004թ.՝ ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի անդամ։ Ձեռքբերումներ և պարգևատրումներ • 1957թ. բժշկական գիտությունների դոկտոր: • 1958թ. պրոֆեսոր: • ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկի շքանշան: • “Մխիթար Հերացու” շքանշան: • “Բաղրամյանի” շքանշան: • Երևանի Պետական Համալսարանի ոսկե մեդալ: • ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի ոսկե մեդալ: Այլ • Աշխատանքները վերաբերում են երևակայական ցավերի (կաուզալգիա) համախտանիշի, Էպիլեպսիայի տարբեր ձևերի ախտածնության, կլինիկայի և բուժման, գլխուղեղի անոթային հիվանդությունների և գանգագլխուղեղային վնասվածքների, համաճարակաբանության հարցերին։ • Զորաբյանի անունով Է կոչվել Երևանի «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոնի նրա նախաձեռնությամբ հիմնադրված նյարդավիրաբուժական կլինիկան։ • Գիտական աշխատանքներ` 4 մենագրությունների և 247 գիտական աշխատանքների հեղինակ` նվիրված նյարդաբանության և նյարդավիրաբուժության արդիական պրոբլեմներին: Գիտական զեկույցներով հանդես է եկել Իսպանիայում, Կանադայում, Ճապոնիայում, գերմանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, ԱՄՆ-ում , Հարավային Կորեայում, Զամբիայում, Ռուսաստանի Դաշնությունում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել 1988-ի ավերիչ երկրաշարժից տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու գործին։ Անմասն չի մնացել 1990­-94թթ. արցախյան պատերազմի մարտիկներին նյարդավիրաբուժական ծառայություն ապահովելու գործում։

Նմանատիպ նյութեր