Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը սեղանի տակ, սեղանի վրա բան չի արել» (տեսանյութ)

Քաղաքականություն
gagik

ԱԺ-ն քննարկում է դատական բարձրագույն խորհրդի հինգ հոգանոց կազմը։ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն առաջին պաշտոնի համար ներկայացրել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածությունը` հինգ տարի ժամկետով։ Դատական խորհրդի կազմին ԱԺ-ն կընտրի փակ, գաղտնի քվեարկությամբ։ Գագիկ Հարությունյանն իր ելույթում հայտարարեց, որ ինքը սիրում է բանավոր ելույթ ունենալ, սակայն այս անգամ իր ելույթը կլինի գրավոր։ Նա նաեւ նշեց, որ 75 տարի առաջ է եղել ԱԺ շենքում` ԳԽ մարմնի կազմում։ Պարոն Հարությունյանը նշեց նաեւ, որ իր գործունեության ընթացքում փորձել է լինել օբյեկտիվ. «Իմ քայլերը միտված են եղել սահմանադրական դեֆիցիտի հաղթահարմանը` այդ նպատակով սահմանելով համարժեք համակարգ։ Արդարության պակասը դարձել է երկրի առաջընթացը խոչընդոտող գործոն։ Անհրաժեշտ դասեր քաղելով տարիների փորձառությունից` ես պարտավորվում եմ ՀՀ-ում կայացնելու հանրային վստահությունը վայելող դատական իշխանությունը»: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նրան հարց ուղղելով, հիշատակեց անցած տարի ապրիլի 10-ին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ինքն այլեւս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում, ինչպես նաեւ` չի հավակնելու ՀՀ վարչապետի պաշտոնին. «Դուք ներկա եք եղել այդ հանդիպմանը, Սերժ Սարգսյանը սա լո՞ւրջ էր ասում, թե՞ հետո հումորային բան է եղել, ասենք` սեղանի տակից ձեռքով «թխի, թող գա» է արել։ Սա ես լրիվ լուրջ եմ հարցնում։ Մյուս հարցս` ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ։ ՀՀ-ում ընտրություններ կեղծվե՞լ են, թե ոչ»: Ի պատասխան Գագիկ Հարությունյանն ասաց. «Հանրապետության նախագահի հետ մեր հանդիպումների ժամանակ երբեք չի եղել, որ նա իր խոսքը կատակով կամ անլուրջ ասի։ Ձեր ասած` սեղանի տակ, սեղանի վրա բան չի եղել։ Բոլոր ընտրությունների ժամանակ, երբ ՍԴ դիմել են, չի եղել մի դեպք, որ ՍԴ-ն իր դիտարկումները արել է։ Սակայն ներկայացված փաստերն այնպիսին չեն եղել, որ ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները։ Մեծամասնական ընտրությունների ժամանակ եղել է այնպես, որ անվավեր են ճանաչվել տվյալ ընտրատարածքի այդ ընտրություններր։ Քիչ առաջ ես ուրախացա, որ ԱԺ-ն որոշեց միահամուռ ձեւով մարտի մեկի իրադարձությունները քննարկել։ Մեկ անգամ չէ, որ մեր երկիրը նման խնդրի առաջ է կանգնել։ 2003թ. ընտրություններին ծանր իրավիճակ էր, երբ հանրային հակամարտության էր վերածվում քաղաքականը։ Հարցը տեղափոխեցինք իշխանության տիրոջը, իսկ իշխանության տերը ժողովուրդն է եւ կոչ արեցինք` տալ իր վերդիկտը։ Երբ քննում էինք այդ գործը, կային բազմաթիվ փաստեր, որ վկայում էին բազմաթիվ խախտումների մասին։ Մենք չէինք ցանկանում մեխանիկական գործողություն կատարել»: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` ասելով «Սերժ Սարգսյանի այս հրապարակային հայտարարությունը, փաստորեն, պարտավորվածություն չի կրում։ Ձեր ասածից ելնելով` կարող ենք ասել, որ դուք որոշակի պարտավորվածություն ստանձնում եք, որ նա չի առաջադրվի ՀՀ վարչապետի պաշտոնում, թե մի ժամ հետո կփոխվի ձեր տեսակետը»։ «Ես ոչ միայն ասացի, այլեւ գրավոր ընթերցեցի։ Ինչ կոնտեքստով է ասել Սերժ Սարգսյանը, այդ հարցը պետք է ուղղեք նրան։ Քաղբանտարկյալների առկայության հետ կապված` ես պատշաճ չէի համարի հերքել կամ հաստատել, քանի ու որեւէ գործի նյութերի ծանոթ չեմ եղել, մեզ դիմած որեւէ դիմումով նման հարց չի քննարկվել։ Անկախ քաղաքական նկատառումներից` մենք բոլորի դիմումները քննարկել ենք։ Լուրջ չի լինի, եթե ես ապրիորի հայտարարություններ անեմ»: Այնուհետեւ, ԱԺ-ին ներկայացվեց դատական բարձրագույն խորհրդի` ՀՀԿ եւ ՀՅԴ հաջորդ թեկնածուին` Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին։