Մատչելիության հղումներ

«Եթե դա չբացահայտվի, ուրեմն սարքած գործ է». Ծառուկյանը՝ Աբովյանում հրկիզման գործի մասին


Աբովյանում հրկիզման գործը եթե չբացահայտվի, ուրեմն դա սարքած գործ է, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Այո, եթե դա չբացահայտվեց, դա սարքած գործ է, որ ստվեր գցեն ընտրությունների վրա», - ասաց Ծառուկյանը։

Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին հրկիզվել էր իշխանության թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան մի հատվածը: Քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդներն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Գրիգոր Գուլյանը և ԲՀԿ-ի աջակցությունը վայելող, գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն էին, վերջինս 400 ձայնի առավելությամբ հաղթեց իշխանական թեկնածուին։

Ընտրություններից հետո Աբովյանում մեծ ազդեցություն ունեցող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասել էր, թե հրկիզման այդ գործը «սարքված է»։ Այս հայտարարությունից հետ Ծառուկյանը կանչվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության, սակայն ինչպես հայտնել էր կոմիտեն՝ Ծառուկյանը պատռել էր ծանուցումը, այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով իրավապահ մարմնի նկատմամբ: Երկրորդ անգամ Քննչական կոմիտեն ծանուցումն ուղարկել էր խորհրդարան, Քննչական կոմիտեից երեկ տեղեկացրեցին, որ Ծառուկյանը կրկին չի ներկայացել։

Այսօր «Ազատության» հարցին, թե մտավախություն չունի՞, որ կարող է իրեն բերման ենթարկեն, Ծառուկյանը պատասխանեց. - «Դատարկ-դատարկ խոսում եք։ Ռեալ բանից խոսացեք, նյութ եք գտել, գնացեք գործը բացահայտեք։ Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի։ Մնեք արդեն թուղթն ուղարկել ենք, մենք դրա պատասխանը փակել ենք, մի կաթիլ մեղրն ա եղել, Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի, Ծառուկյանն իր կարծիքն ա ասել, ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել մի կաթիլ մեղրը, լուրջ գործով զբաղվեք։ Ո՞նց կարայի, անհրաժեշտ լիներ, ես չգնայի, Դուք ո՞նց եք պատկերացնում։ Ծառուկյանը գործի հետ կապ չունի, եթե Ծառուկյանը կապ ունենար, հիմա Ծառուկյանին 5 հազար հոգով էին տարել։ Դրա կարիքը չկա, ուզել են խախտեն, թեքեն ուղղությունները շեղեն։ Բայց ես էլի հարգել եմ... մինչև Ազգային ժողով ծանուցագիրը գալը, իմ փաստաբան ինչ-որ պետք է, ուղարկել է այնտեղ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG