×


«Զարդերս ինձ հետ են ասոցացնում ու սիրում են, որ գովազդում էլ ես եմ նկարվում». Անժելա Հեքիմյան

Jielmya զարդերի հայկական ապրանքանիշը հասցրել է բավական սիրվել ու հաճախորդներ ձեռք բերել: Բրենդի հիմնադիր Անժելա Հեքիմյանը BRAVO.am-ին պատմել է զարդերի ստեղծման, դրանց միջոցով սեր տարածելու ու իր հաջողության գրավականի մասին:

- Անժելա, մի քիչ պատմեք Ձեր մասին ու թե ինչպես ստացվեց, որ սկսեցիք զարդեր պատրաստել:

- Զարդեր պատրաստում եմ 6 տարեկանից, միշտ եմ սիրել ու չեմ դադարել ստեղծագործել անգամ սովորելու ընթացքում: Սկզբում օպերային երգեցողություն եմ սովորել Ռ. Մելիքյանի անվան քոլեջում, ապա՝ նաեւ կոնսերվատորիայում: Ինստագրամում զարդերի էջը բացվել է 2015-ին, բայց քանի որ ծանրաբեռնված էի պարապմունքներով, այն վարել չէի հասցնում, թեեւ արդեն բավական վաճառքներ ունեի: Այդ ընթացքում շարունակում էի զարդեր պատրաստել, ինքս էլ էի կրում, հարազատներիս ու ընկերներիս նվիրում: Ընկերուհիս ասաց, որ կարող եմ ապրանքանիշ ստեղծել, ոգեշնչվեցի, ու իսկապես շատ մեծ ու գեղեցիկ պատմություն ծնվեց:

Կոնսերվատորիան ավարտելուց ու դիպլոմս ստանալուց հետո հասկացա՝ պետք է զբաղվեմ նրանով, ինչն իսկապես սիրում եմ: Զարդեր պատրաստելն ինձ համար ստեղծագործելու ու նոր բան հորինելու հնարավորություն է: Ամենաշատը սիրում եմ այն, որ աշխատելիս կտրվում եմ իրականությունից ու լրիվ ուրիշ աշխարհում հայտնվում:


- Իսկ ինչպե՞ս եղավ, որ արդեն 6 տարեկանում զարդ պատրաստելու ցանկություն առաջացավ:

- Զարդեր պատրաստելու հումքի խանութը, որտեղից մինչեւ հիմա շարունակում եմ այն ձեռք բերել, մեր տան կողքին է: Մի օր պատահաբար մտա, ու աշխատողի ասածն ինձ խոցեց, թե բաշարելու դեպքում կկարողանամ եզրաժապավենով ոլորած վզնոց ստանալ: Հաջորդ օրն իսկ պատրաստել էի ու իրեն ցույց տվեցի: Այն ժամանակ՝ 2006-ին, այսքան տարատեսակ նյութեր չկային: Կոկա-Կոլայի շշերը կտրում էի ձեռքի չափով, դրանցից ապարանջան սարքում ու հիացած կրում: Մանկուց եմ զարդեր պաշտող եղել, անգամ դպրոցում էի դրանով զբաղվում: Դասընկերուհիս հիշում է, թե ինչպես էի վերջին շարքում ապարանջաններ պատրաստում ու ուսուցիչներին նվիրում: Միշտ դասարանից հանում էին, քանի որ չէի լսում, բայց դա ինձ, միեւնույն է, չէր խանգարում, շարունակում էի ֆանատիկորեն իմ սիրած գործն անել: Բոլորն ասում են, որ զարդերս հենց ինձ հետ են ասոցացնում ու սիրում են, որ գովազդում էլ ես եմ նկարվում:

- Որտեղի՞ց է ծնվում Ձեր ոգեշնչումն ու ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ստեղծած զարդերը:

- Ամեն ինչից եմ ոգեշնչվում՝ հանճարեղ երաժշտությունից, օպերային երգերից, արվեստից, բնությունից, գեղեցիկ տեսարաններից: Վերջերս Ուիթնի Հյուսթոն էի լսում, ստեղծագործելու էներգիա ստացա նորից: Սիրում եմ ուսումնասիրել ճանապարհ անցած ու հաջողության հասած մարդկանց, իրենցից մոտիվացվում եմ: Իմ զարդերը սիրով լի են, միշտ ուզում եմ մարդկանց սեր փոխանցել ու ջերմություն, քանի որ դրանք վերջերս շատ են պակասել: Ուզում եմ ուրախ առիթներով կրեն իմ զարդերը:

- Ե՞րբ հասկացաք, որ Ձեր զարդերը մարդիկ հավանում են ու կրում:

- Երբ 15 տարեկանում էջը բացեցի, իմ շատ սիրելի մեյքափ արտիստներից մեկը զարդով նկար էր տեղադրել, ու հասկացա, թե ինչ իրարանցում է սկսվել: 2015-ին այն իր տեսակով առաջինն էր, որովհետեւ միայն ես էի խաչով ու կաշվով ապարանջաններ ստեղծում: Առհասարակ, ես եմ պատկերացնում, հորինում ու մոդելավորում զարդը, երբեք չեմ վերցնում, կարող եմ ոգեշնչվել, բայց երբեք նույնությամբ չեմ կրկնում մեկ ուրիշի ստեղծածը: Իսկ ինձնից իսկապես շատ են վերցնում, բայց ես ուրախանում եմ, նշանակում է՝ ստացվել է, որ կրկնօրինակում են: Լավ չէ, որ շուկայում միայն դու լինես:


- Ո՞ւմ համար են Ձեր զարդերն ու ի՞նչ ուղերձ ունեն կանանց:

- Ուզում եմ կանայք իմ զարդերով իրենց գեղեցիկ ու լավ զգան: Պատրաստում եմ միայն այնպիսի զարդեր, որոնք ինքս կկրեմ: Նախ ինձ եմ պատկերացնում դրանցով, նոր հետո՝ ուրիշներին: Կան գործեր, որ հավանում եմ, բայց չեմ սարքում, որովհետեւ չեմ կրի: Սովորաբար այն, ինչ հենց ինձ համար եմ արել, ավելի շատ է վաճառվում:

- Արդյո՞ք հեշտ եք բաժանվում Ձեր զարդերից, կարողանո՞ւմ եք դրանք հանգիստ ուրիշներին հանձնել:

- Պատվեր առաքելիս կամ նվիրելիս սրտանց եմ անում: Եթե գումար են տալիս ու գնում, ուրեմն՝ հոգատար կվերաբերվեն: Երկու խանութում ներկայացված են զարդերս: Երբ առաջին անգամ տարա, ինձ թվում էր՝ շատ եմ ուրախանալու, բայց դուրս էի եկել ու համարյա արտասվում էի: Երկրորդ խանութում թողնելիս ասացի, որ դրանք իմ երեխաներն են, որոնց նշույլ առ նշույլ հավաքել եմ եւ հիմա իրենց եմ վստահում: Խնդրեցի լավ ու ուշադիր վերաբերվել, քանի որ իմ մասնիկներն են:

- Իսկ ի՞նչ կարգախոս ունի Ձեր բրենդը:

- Պատրաստված է սիրով: Իզուր չի, որ այդքան խոսում եմ սիրուց, այն ինձ ապրեցնում է: Երբ ծանր իրավիճակներ են լինում, կամ ընկճվում եմ, մտածում, որ իմաստ չկա, նման պահերին հասկացել եմ՝ իմաստը զարդեր պատրաստելն է: Դա իմ փրկությունն ու երջանկությունն է, ինքնազարգացումը: Զարդերն իմ դեմքն են ու առանց դրանց ես անիմաստ կլինեի:


- Անժելա, ստեղծագործելիս ո՞րն է Ձեր սիրելի հատվածը՝ սկի՞զբը, թե՞ երբ արդեն զարդը վերջնական տեսքի է գալիս:

- Ամեն ինչն եմ սիրում: Զարդ պատրաստելու ընթացքը համեմատում եմ մարդու կյանքի փուլերի հետ: Երբ փականը դնում եմ, որից պետք է սկսեմ ու վերջացնում եմ, ասես երազանքի իրականացում լինի:

- Իսկ ովքե՞ր են հիմնականում գնում ու կրում զարդերը:

- Իմ զարդերը կրում են շատ տարբեր մարդիկ: Պատվիրատուների հետ շատ ջերմ ու սիրալիր եմ շփվում: Բոլորին շատ սիրում եմ, անգամ փողոցում տեսնելիս հիշում եմ, որ ինձնից զարդ են գնել: Պատվերներն առաքում են, բայց Ինստագրամով ես եմ շփվում նրանց հետ: Ժամանակը շատ քիչ է, քանի որ ամեն ինչով ես եմ զբաղվում՝ նկարներով, էջը վարելով: Բացառված է, որ ՍՄՄ մասնագետի վստահեմ, թեեւ խորհուրդներ շատ եմ լսում:

- Ե՞րբ են ստեղծագործելու ժամերն ու որտե՞ղ եք հիմնականում աշխատում:

- Ամեն օր եմ զբաղվում, կարող եմ ամբողջ գիշեր պատրաստել ու ցերեկն էլ շարունակել: Իմ սենյակը միշտ է զարդերով լի եղել, բայց սկսեցին այնտեղ չտեղավորվել: Հայրիկս հատուկ զարդերի համար կոմոդ պատվիրեց, բայց այն էլ քչություն էր անում: Դրա համար տեղափոխվեցի մեր հյուրասենյակ, սեղանին փռեցի հումքերս եւ ամբողջ օրն այնտեղ էի աշխատում, դրան զուգահեռ էլ ակտիվորեն խոսում էի: Հայրիկս աշխատանքից վերադառնում էր հոգնած ու ցանկանում հանգստանալ, բայց անդադար լսում էր իմ ձայնն ու տարբեր պատմությունները: Դա էլ բավական չէր, ամեն վայրկյան հարցնում էի.«Սիրո՞ւն է, հավանեցի՞ր»: Հազիվ մեկ ամիս դիմացավ ինձ, սեղան գնեց ու տեղադրեց իմ սենյակում, հումքերն էլ իր ձեռքով տեղափոխեց:


- Ձեր աշխատանքների գներն ինչպե՞ս եք սահմանում:

- Շատերն են ինձ ասում, թե ինչու ավելի թանկ չեմ վաճառում, քանի որ իմ բրենդը բավական հայտնի է Հայաստանում: Զարդերի գները հիմնականում սկսվում են 7000 դրամից, ուզում եմ ամենասովորական աշխատավարձ ստացողներն էլ իրենց կարողանան թույլ տալ գնել դրանք: Հայտնի մարդիկ են կրում իմ զարդերը եւ գովազդում, բոլորից շատ շնորհակալ եմ: Կառանձնացնեմ «Ամարաս» խմբի Վիկտորիա Մարտիրոսյանին, նրանից շատ եմ ոգեշնչվում՝ գեղեցիկ ու խոր կին է: Շնորհակալ եմ նաեւ ամեն մեկից, ով գոնե մեկ անգամ զարդ է գնել ինձնից, էլ չասեմ մշտական պատվիրատուներից:

Չեմ հիշում մի դեմք, որ որեւէ մեկին կոպտած լինեմ, թեեւ աշխատանքի բերումով շատ տարբեր մարդկանց եմ հանդիպել: Պատահել է, որ չոկեր եմ ուղարկել, փականը առաքիչի աչքի առաջ պոկել են ու հետ տվել: Նորից եմ մեծ սիրով սարքել ու հանգիստ ուղարկել: Գնորդներից մեկը մատանին 5 անգամ պոկել է ու ուղարկել, նորից ու նորից վերականգնել եմ: Իմ մշտական հաճախորդներին պարբերաբար նվերներ էլ անում եմ, որովհետեւ իրենք ինձ են սեր փոխանցում, ես էլ իրենց եմ փորձում վերադարձնել:

- Jielmya-ի ապագան ինչպիսի՞ն եք ուզում լինի:  

- Կձգտեմ, որ այն իր խանութն ունենա ու մնա այն խանութներում, որտեղ հիմա ներկայացված է, իրենց շատ շնորհակալ եմ, քանի որ ամենասկզբում ինձ հավատացել ու վստահել են:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Անժելա Հեքիմյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին