Չորաթանի սբ Հռիփսիմե եկեղեցին կվերականգնվի և կսկսի գործել

Չորաթանի սբ Հռիփսիմե եկեղեցին կվերականգնվի և կսկսի գործել

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական տարածքում գտնվող Չորաթան գյուղի սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ կիրականացվեն։

ԿԳՄՍ նախարարությունը և բարերար Վարդան Քալանթարյանը գործակցության հուշագիր են կնքել։

Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նա շնորհակալություն է հայտնել բարերարին գործակցության համար՝ հուշարձանների պահպանության գործում կարևորելով մասնավոր հատվածի աջակցությունը պետությանը:

Քալանթարյանը նշել է, որ ծնունդով Չորաթան գյուղից է, և եկեղեցու վերականգնման աշխատանքներին ուղղված քայլերը նախաձեռնել է դեռևս 2014-ից: Վերականգնման նախագիծն արդեն համաձայնեցվել է, բացվել է խորանը, պեղումներն իրականացվել են, և դրանց արդյունքում պարզվել է՝ 16-րդ դարով թվագրվող եկեղեցին իրականում 13-րդ դարի կառույց է:

«Ամենայն հարգանք տածելով մեր պատմամշակութային արժեքների նկատմամբ՝ հինը պետք է պահպանենք և ավելացնենք նորը»,- ասել է բարերարը՝ հավելելով, որ այս ընթացքում եկեղեցու հարակից տարածքը ձեռք է բերվել, և վերականգնումից հետո եկեղեցին կդառնա գործող՝ շահագրգիռ բոլոր կողմերի նախնական համաձայնությամբ:

Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ցորենի պահեստ, հետագայում բարերարի ջանքերով այն գրանցվել է համայնքի անունով: Տարածքում նախատեսվում է կառուցել նաև զանգաշտարակ և հոգևորականի կացարան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---