HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Կեղծիքի զարթոնք. Սաակաշվիլիի գիրքը մեծ շուքով գովազդվում է

Սիրտս խառնեց, երբ կարդացի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքից հատված. «Ես որոշեցի դատական բարեփոխումներով զբաղվել» տպվել է «Հայկական ժամանակում»։ Երկու տող փորձեցի ավել կարդալ, սիրտս ավելի խառնեց։

Երկու հաստատություն նախապես պայմանավորվել, ապա հրաժարվել էին այս գրքի շնորհանդեսը անել, որն էլ պատճառ դարձավ նրա նկատմամբ հետաքրքրության։

Սկզբում՝ փետրվարի 7-ին Չարենցի տուն-թանգարանում է նախատեսված եղել «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը, սակայն թանգարանի տնօրինությունը չեղարկել է (գիրքը թարգմանել է Միքայել Նահապետյանը)։ Տուն-թանգարանը դա բացատրել է տեխնիկական պատճառներով, իսկ մամուլը գրում է, թե դեր է խաղացել բնապահպանության նախարարության՝ Մեսրոպ Եսայան անունով պաշտոնյայի հետևյալ գրառումը ֆբ-ում. «Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրինությունը լավ կլինի, որ Սաակաշվիլու կողմից բանտերում հայտնված Ջավախքահայերին, Վրաստանում անցանկալի անձ հայտարարված բազմաթիվ գործիչների հատուկ հրավիրեն»։

Բազմաթիվ կազմակերպթյուններ առաջարկեցին շնորհանդեսը իրենց մոտ անել, որոնց մեջ՝ «Բյուրոկրատ» և «Հայ գիրք» գրախանութներըը, «Հոդված 3» մամուլի ակումբը, ԱԻՄ-ը, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը։

Ապա լուր տարածվեց, թե շնորհանդեսը լինելու է «Նոյյան տապան» գրախանութում, սակայն փետրվարի 1-ին այս գրախանութն էլ հրաժարվեց, տնօրենը պատճառաբանեց, թե քաղաքականությանը չի ուզում խառնվել, իսկ գրախանութի աշխատակից Հասմիկ Սիմոնյանը իր ֆբ էջում գրեց. « Նոյյանը չի գրաքննիչ, գրաքննվել է Նոյյանը»:

Փետրվարի 2-ին ԱԺ հանրապետական պատգամավոր, ջավախահայ Շիրակ Թորոսյանը, ում մուտքը Սաակաշվիլին արգելափակել էր Վրաստան, tert.am-ին տված հարցազրույցում ասաց.

«Ես ի սկզբանե շատ վրդովվեցի, երբ իմացա, որ այդ գիրքը թարգմանվել է հայերեն և իմացա, որ այդ գրքի շնորհանդեսն ուզում են Հայաստանում անել: Դա վիրավորական է մեզ համար, որովհետև Սաակաշվիլին այն մարդն է, ով սկզբնավորեց, հիմք դրեց այն քաղաքականությունը, որ Հայաստանից Վրաստան` բնականաբար Ջավախք, որևէ տպագիր նյութ՝ գիրք, ամսագիրք, թերթ, անգամ՝ բուկլետ չպետք է գնա: Եվ անթույլատրելի եմ համարում, որ նման մարդուն առնչվող նյութ հերիք չի թարգմանվի, դեռ մի բան էլ դրա շնորհանդեսը լինի» ,-ասել էր ԱԺ պատգամավորը:

Նա հայտարարեց, որ եթե որևէ հաստատությունում՝ թանգարանում, գրախանութում, ինստիտուտում կամ այլուր տեսնի նման գիրք, ապա «անարգանքի սյունին կգամի այդ հաստատության ղեկավարին»:

Ջավախահայերը այլ պատճառներ էլ ունեն Սաակաշվիլուն չսիրելու, նա երկու անգամ կրճատեց հայերենի ժամերը, օրենք մտցրեց, որով տեղական մարմիններում պետք է պարտադիր վրացերեն անցնեն նիստերը, չեղարկեց Ջավախքում մանկավարժական ինստիտուտի կառուցումը և այլն։

ՖԲ-ում ջավախահայ Աղվան Հովհաննիսյանը գրեց. «Սաակաշվիլուն պաշտպանող հայը ամբողջ ջավախահայության թշնամին է»։

Արդյոք ջավախահայե՞ր են այցելել «Նոյյան տապան» գրախանութ։ «Նոյյան տապանը» լռում է։

Փետրվարի 6-ին տեղեկություն հայտնվեց, որ շնորհանդեսը լինելու է Երևանի «Յանկի» փաբում։

Առաջին անգամ չէ, որ ինչ-որ հաստատություն հրաժարվում է անել ինչ-որ միջոցառում, և այն տեղափոխում են այլ տեղ, բայց այս անգամ հայկական քաղաքացիական հասարակությունը մեծ աղմուկ բարձրացրեց՝ շնորհանդեսի երկու չեղարկումը որակելով որպես գրաքննություն։

Անցած տասն օրերին հայկական մամուլի թիվ մեկ թեման դարձել էր շնորհանդեսի չեղարկումը (երկու օրինակ՝ «Հրապարակ» օրաթերթ՝ «Մշակույթի նախարարությունը արգելել Է Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը» , «Ազատություն» ռադիոկայան «Սաակաշվիլիի գրքի շնորհանդեսը չեղարկել է նաև «Նոյյան տապան» գրախանութը»

Այս պատմությունը օգնեց, որ Սաակաշվիլու գրքի նկատմամբ հետաքրքրությունը աճի, այնքան, որ ես էլ բացեմ թերթերը ու փորձեմ մի քանի տող կարդալ։ Պարզվեց, որ հայկական մի շարք թերթեր երկու ամիս շարունակ հատվածներ են տպում այդ գրքից՝ առանց խմբագրության կողմից կեղծիքները ծանոթագրելու։

Քաղաքացիական հասարակությունը շնորհանդեսի չեղարկումը համեմատեց անցած տարի Թումանյանի տուն-թանգարանում բացված «Խավարում» ցուցահանդեսի կասեցման հետ։ «Խավարումը» պատմում էր ստալինյան բռնաճնշումների մասին: Մշակույթի նախարարությունը ցուցադրությունը կասեցրել էր։

Միակ ընդհանրությունը այն է, որ մշակույթի նախարարությունն է և՛ ստիպել, որ Չարենցի տուն թանգարանը հրաժարվի շնորհանդեսից (այդպսի տեղեկություն կա), և՛ կասեցրել «Խավարումը» ցուցահանդեսը, իսկ տարբերություններն ավելի շատ են. մի դեպքում՝ «Խավարումը» թանգարանի նախագիծն էր, իսկ մյուսը՝ թանգարանի հետ կապ չունի։ Բովանդակային առումով էլ են տարբեր՝ մեկը բռնության դեմ, զոհերի հիշատակին է նվիրված, մյուսը բռնապետի երկրպագություն, նրա գրքի լույս ընծայման շնորհավորանք ու նրա տիրապետության մասին կեղծիքի տարածումն է։

Իհարկե, մշակույթի նախարարությունը իր պատճառներն ունի շնորհանդեսը չեղարկելու, այսուհանդերձ խոշտանգումներով բանտեր պահող բռնակալի գրքի շնորհանդեսի ամենահարմար տեղը բանտում խոշտանգումներից սպանված բանաստեղծի տուն թանգարանը չէ։

«Վահան խնդրում եմ որևէ արժանահավատ վկայություն բերեք, որ վրացիները ատում են Սահակաշվիլիին, բացի սեփական խոսքին հղվելը: Ես չգիտեմ Դուք որ վրացիների հետ եք շփվում, իմ հետ ով շփվել է, բոլորն ասում էին, որ նա Վրաստանը դարձրեց քիչ թե շատ եվրոպական մոդելին մոտ, զարգացող երկիր»,- հարցնում է բանաստեղծ Արթուր Մեսրոպյանը, ով նույնպես վրդովված է շնորհանդեսի չեղարկմամբ և ասում է, որ իրեն Սաակաշվիլին առանձնապես չի հետաքրքրել երբևէ, խնդիրն այն է, որ գրաքննությունը անընդունելի է առհասարակ։

Էլի եմ հանդիպել նույն մոտեցմանը «ինձ ո՛չ Սա՛ակաշվիլին հետաքրքրական է, ոչ էլ այդ գիրքը, ո՛չ էլ պիտի կարդամ, ինձ գրաքննության փաստը հետաքրքրական է»։

Իրոք, ո՞րն է ավելի հետաքրքրական՝ գրաքննաության փա՞ստը, թե՞ Սաակաշվիլին ու նրա բռնությունները.

«Սահակաշվիլիի ռեժիմը հարազատ է ֆաշիզմին, 325 հազար վրացի է բանտերում նստել»,- այս վերնագիրն ունի վրացի իրավապաշտպան, «Նախկին քաղբանտարկյալները հանուն մարդու իրավունքների» հկ-ի նախագահ Նանա Կակաբաձեի հետ հարցազրույցը.

«Բանտերում կտտանքներ էին ու անմարդկային վերաբերմունք։ Երբ ինձ հարցնում են՝ ինչի հետ կարելի է համեմատել Սաակաշվիլիի ռեժիմը, ես պատասխանում եմ՝ ֆաշիզմի հետ։ Նաև այն նման էր 30-ականների սովետական շրջանին, երբ, ինչպես գիտեք, միլիոնավոր մարդիկ են գնդակահարվել։ Այդպես էր նաև Վրաստանում։ Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ անմեղ մարդկանց փողոցում գնդակահարել են ոստիկանները կամ էլ քաղաքացիական հագուստով հատուկջոկատայինները։ Նրանք սպանում էին հիմնականում երիտասարդ տղաների։ Միայն մեր կազմակերպությունը 150 այդպիսի անուն ունի, որոնց սպանել են հենց փողոցում»։

Կակաբաձեի հետ հարցազրույցի մյուս մասը վերնագրված է. «Գրեթե ամեն բանտարկյալի բռնաբարում էին»։

Իրավապաշտպանը պատմում է.

«Ինչո՞ւ է լռում ժողովուրդը։ Որովհետև նրանք գիտեն, եթե մի բան ասեն, այդ կադրերը կհրապարակեն։ Սա կովկասյան ժողովուրդ է, լրիվ ուրիշ խառնվածք, սա Եվրոպա չէ։ Դուք տեսե՛ք, թե ինչքան մարդ՝ 320 հազար։ Կալանավորի աչքի առաջ բռնաբարում էին կնոջը և աղջկան։ Այդպիսի դեպքերը բացառություն չէին, այլ հաճախ կրկնվող։ Դա սարսափ էր։ Ուղղակի հնարավոր չէ պատկերացնել։

Երբ իշխանությունը փոխվեց, մի հոգևորականի հնարավորություն տվեցին նույնպես նայել։ Երբ նա դուրս եկավ, խելագարի պես վազում էր և ասում. «Ինչ եմ ես տեսնում, 12 տարեկան տղան նայում է, թե ինչպես են բռնաբարում մորն ու հորը միասին։ Պատկերացնում եք երեխային ստիպել են նայել»։

Նանա Կակաբաձեն եղել է սովետական այլախոհ, ամբողջ կյանքը զբաղվել է իրավապաշտպանությամբ, և ասում է, որ 70-ական թվականներից հետո Վրաստանը այդպիսի ահավոր օրեր չի ապրել։

Բանտերում խոշտանգումների մասին մարդիկ իմացան 2012-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ, երբ վրացական բանտի աշխատակից Վլադիմիր Բեդուկաձեն, ում հանձնարաված էր նկարահանել խոշտանգումները, փախավ Բելգիա և տարածեց իր հետ տարած նկարահանումներից մի քանի կադր։

Իսկ հետո ընտրություններում հաղթեց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքը: Նա այնքան գումար ներդրեց ընտրություններում, որ ընտրակեղծիքներն էլ չփրկեցին Սաաակաշվիլուն։

Կակաբաձեն դեռ 2011-ին տված հարցազրույցում ասում է.

«Մենք Շևարդնաձեի ժամանակ պայքարում էինք իշխանության դեմ, ասում էինք՝ չկա այն դեմոկրատիան, որը սպասում էինք, բայց համեմատած նրա հետ՝ ինչ հիմա է կատարվում, Շևարդնաձեի շրջանը լավն է, եթե այն վատ ժամանակ մենք իրավապաշտպաններս ինչ-որ մեկին պաշտպանում էինք, ինչ-որ բանի հասնում էինք, հիմա դա չկա, մենք միայն փաստերն ենք արձանագրում»։

Վրաստանից դուրս Սաակաշվիլիի հանցանքներից հայտնի էր, որ կոծկել է Սանդրո Գիրգվլիանիի սպանությունը, ինչի համար վերջերս հեռակա կարգով դատապարտվել է երեք տարվա ազատազրկման (Սաակաշվիլու դեմ քրեական չորս գործ է հարուցված)։ Ինչո՞ւ է այս դեպքը հայտնի դարձել, հավանաբար այն պատճառով, որ Սաակաշվիլին հրապարակավ պաշտպանել է ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիին, ով խառնված էր սպանությանը։ Երբ բացվեցին խոշտանգումների պատմությունները, ապա մյուս հանցանքները, դեռ նախագահական ժամկետը չավարտված՝ 2013-ի աշնանը Սաակաշվիլին փախավ երկրից։

Բռնվեց ռեժիմի գլխավոր ֆիգուրներից մեկը՝ Վանո Մերաբիշվիլին, ու դատվեց ընտրությունները կեղծելու, ընտրողներին կաշառելու, ցույցը բռնությամբ ցրելու ու նաև Գիրգվլիանիի սպանությունը քողարկելու մեղադրանքներով։

Սաակաշվիլիի նախագահության վերջում 4-միլիոնանոց Վրաստանի բանտերում կար 24 հազար բանտարկյալ։

Իշխանափոխությունից անմիջապես հետո ազատվեց 190 քաղբանտրկյալ, նրանց մեջ ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանը, ով 4 տարի բանտում էր, դատապրտվել էր 10 տարվա ազատազրկման։ Հետո կրկին մեծ համաներումով հազարավոր բանտարկյալներ ազատվեցին։

2008-2009 թվերին բնակչության մեկ շնչին ընկնող թվով Եվրոպական դատարան դիմումներով Վրաստանը առաջին տեղում էր։

Հետագայում Վրաստանի դատախազության տվյալներով՝ մոտ 70 ոստիկան է դատվել խոշտանգումների համար։ Այժմ էլ 6 նախկին ոստիկան են դատում, որոնց դեմ ցուցմունք են տվել մոտ 600 նախկին կալանավորներ։

2009-ին էր, Թբիլիսիում Հանրապետական կուսակցության գրասենյակում էինք, Դավիթ Զուրաբիշվիլին պատմում էր վրացական իշխանության մասին.

«Դատարան չկա, բոլոր դատական որոշումները երեք հոգու ձեռքն է՝ նախագահ, արդարադատության նախարար՝ Զուրաբ Ադեիշվիլի, ներքին գործերի նախարար` Վանո Մերաբիշվիլի»։

Իսկ կոռուպցիա՞, ասում են կոռուպցիա չկա.

«Այո, առաջ դատարանում կոռուպցիա կար, բայց դատարանները շատ ավելի անկախ էին, արանքում կարող էր արդարադատությունը հաղթել։ Հիմա ասում են փող չեն վերցնում, լավ, չեն վերցնում, բայց դատարան չկա, բոլոր որոշումները, անխտիր բոլոր որոշումները վերևում են ընդունվում»։

Ու Զուրաբիշվիլին հերթով դատական որոշումների օրինակներ էր շարում։

Որ Սաակավիլին իր կամքով մարդկանց բանտում էր պահում, երևում է 2013-ի նախագահական ընտրություններից հետո նրա տված հարցազրույցում. «Ես անձամբ եմ խորհուրդ տվել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, որ բանտից չազատի Սկռիլնիկովին ու Չախալյանին»։

Դավիթ Զուրաբիշվիլին միակ մարդը չէր, որ Սաակաշվիլիի դեմ էր խոսում, Երևանից Թբիլիսի մեզ բերող վրացի վարորդը, ամբողջ ճամփին միայն Սաակաշվիլուն էր հայհոյում, ուրիշ բանից չէր խոսում, հայհոյում էր։ Լավ, մի հոգի, երկու հոգի։ Բայց ոչ, երկու տարի իրար վրա 2008-ին և 2009-ին լրագրողական գործով Վրաստան գնացի, բազմաթիվ հանդիպումներ ունեցա  ու բացի Սաաակաշվիլու կուսակցության անդամներից, մի հոգի չտեսա, որ Սաաակավշիլիի մասին դրական բան ասի։ Հենց ասում ես՝ բա կոռուպցիան վերացրեց, քմծիծաղ են տալիս։

«Մի լվացքի փոշի ինքնուրույն չես կարող բերել, ամբողջը մոնոպոլիա է։ Դեղերն ու հիվանդանոցներն էլ միևնույն մարդու ձեռքն են»,- ասում էր Զուրաբիշվիլին։

Մոնոպոլիա գիտեի, հայաստանցին չի զարմանա տնտեսության մոնոպոլիաներից։ Բայց Զուրաբիշվիլին բաներ պատմեց, որ Հայաստանում տեսնված չէր՝ գիշերային որոշումները։ Սա իսկը 37 թվի մեթոդ՝ գիշերային այցերը, իհարկե, տարբեր նպատակներով. նոր Վրաստանում գիշերը գնում են բիզնեսմենի տուն, թղթերը դնում են առաջը, ասում՝ ստորագրի, ու ամբողջ բիզնեսը ձեռից առնում են։ Հա՛, փոքր բիզնեսին այնքան էլ չեն կպնում, բայց մի քիչ խոշորացած լինի, ձեռից առնում են։

Նույնը պատմում է Նինա Կակաբաձեն, թե ինչպես գիշերը ժամը 2-3-ին նոտարով ստիպում էին մարդկանց հրաժարվել սեփականությունից։

Հետո, երբ Սահակաշվիլին թռավ, բիզնեսը խլելու մոտ 1000 գործ բացվեց դատախազությունում։

Ապա նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանք» խմբակցության անդամ Զաքարիա Կուցնաշվիլին է ասում.

«Վրաստանում բոլորը գիտեին՝ ով ինչի հետևն է կանգնած, ով ունի իրավունք ներկրել նավթամթերքներ, ով ունի իրավունք իմպորտի, ով իրավունք ունի ալյուր ներկրել, ով իրավուքն ունի Ուկրաինայից ներկրել մետաղ, և այլ արտադրանք։ Սաակավիլին ստեղծեց էլիտար կոռուպցիա։ Նա սահմանափակեց բիզնեսը Վրաստանում: Բոլոր բիզնեսմենները վախենում էին, որ մի օր նրանց կմոտենա գործակալը և կամ փայ կուզի, կամ ամբողջ բիզնեսը։ Եվ խլում էին գործարարներից հաջողակ ամբողջ բիզնեսներ, մարդիկ ստիպված էին լքել Վրաստանը, որ գոնե կենդանի մնան»։

Բիձինա Իվանիշվիլին 2013-ին իշխանափոխությունից հետո, Ֆորբսին տված հարցազրույցում պատմում է.

«Ամբողջ բիզնեսը հսկողության տակ էր: Վերնախավը, հիմնականում չորս հոգի (Սաակաշվիլին, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, Արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին և Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան), ամբողջ փողերը իրենց էին վերցնում, նրանց եկամուտները, ինչպես ասում էին, գնահատվում էին ամիսը 40-50 միլիոն դոլար: Վերահսկվում էր ոչ միայն յուրաքանչյուր բիզնեսմեն, այլ նաև շուկայի յուրաքանչյուր վաճառող: Նրանց նպատակը ոչ այնքան ունեցվածքն էր, որքան հսկողությունը: Բայց ունեցվածքը նույնպես վերցնում էին»:

Առաջին կասկածը Սաակաշվիլիի նկատմամբ, որ նաս ամենևին էլ այն բարեփոխիչը չէ, ինչպես ներկայացնում է Արևմուտքը, առաջացավ 2005-ին, երբ սպանեցին վարչապետ Ժվանիային և Կվեմո Քարթվելի շրջանի նախագահի հանձնակատար Ռաուլ Յուսուպովին, բայց պաշտոնապես ձևակերպեցին դժբախտ պատահար, թե նրանք բնակարանում շմոլ գազից են թունավորվել։ Հիմա պարզվել է, որ սպանություն է։

Հետո լուրերով արդեն լսում ես, որ 2008-ին ընտրությունները կեղծվում են, բռնություններ, ցուցարարներին ծեծելով ցրում են, բայց էլի հեռավորությունից, ո՛չ հայկական մամուլը, ո՛չ էլ եվրոպականը նորմալ ինֆորմացիա չեն տալիս։ Սաակաշվիլիի անունը, եթե հանդիպում ես, ապա հիմնականում որպես Կովկասյան մի հանրապետությունում դեմոկրատիա կառուցող։

2008 թվի վրաց-ռուսական պատերազմից մի ամիս անց IWPR-ի ծրագրով մի քանի լրագրողներով այցելեցինք Վրաստան ու աչքով տեսանք, թե ինչ է կատարվում։

Այն ժամանակ «Armenia Now»-ում (www.armenianow.com) էի աշխատում, ու գրեցի հաղորդում. «Ոչ ոք չի հաղթում. Այց հետպատերազմյան Վրաստան»։

Հետաքրքիր բան է նացիոնալիզմը, շատ պարզ էր, որ Վրաստանը հարձակվել է Օսեթիայի վրա, բայց վրացիները, նույնիսկ նրանք, ովքեր ատում էին Սաակաշվիլիին, չէին կարողանում դա խոստովանել, ասում էին Ռուսական կայսրությունը կրկին ներխուժել է մեր երկիրը, օկուպացիա ու նման բաներ։ Գրել էի.

«Պատերազմը ո՞վ սկսեց» հարցը մնում է օդից կախված։ Իշխանությունները պնդում են, որ սկսել են ռուսները, ու իր տեղեկատվական պատերազմի հիմնական դրույթն է կրկնում, թե ռուսական զրահատեխնիկան արդեն օգոստոսի 7-ին Ռոյսկի թունելում էր. «Եվ ինչ արեցինք մենք. միայն համարժեք պատասխան տվեցինք ագրեսիային։ Մեր երկիր մտնեն ռուսներ, թե մեկ ուրիշը` մենք համապատասխան հակահարված կտանք, անկախ նրանից, թե ինչ գին դա կունենա»,- ասում է Կուբլաշվիլին։ Այդ գինը, պաշտոնական տվյալներով, 180 զոհված զինվորներն են և մոտ 150 խաղաղ բնակիչները, իսկ ոչ պաշտոնականով`  1000-ից ավելի զոհված զինվորները, հիմնահատակ ավերված պաշտպանական համակարգը»։

Ուրեմն, պիտի վրացի չլինես, որ ճշմարտությունը ասես, ինչպես հաղորդմանս մեջ.

«Մեդիա Նյուզ» գործակալության աշխատակից Լիզա Տոնականյանն ասում է, որ ազգային փոքրամասնությունները վստահ են, որ Վրաստանն է նախահարձակ եղել, որ գրավի Օսիան, բայց իրենց կարծիքը բարձրաձայն չեն ասում»։

Այսուհանդերձ, ճշմարտությանը մոտենում էր Հանրապետական կուսակցությունը.

«Հանրապետական կուսակցությունը գնահատում է, որ Վրաստանը, տրվելով Ռուսաստանի սադրանքին, մտավ մեծամասշտաբ ռազմական գործողությունների մեջ, որը կոպիտ սխալ էր` հավասարազոր հանցագործության.

«Ոչ մի ողջամիտ մարդ չի կարող ասել, որ վրացական բանակը, ինչքան էլ հերոսաբար կռվի, կարող է հաղթել ռուսականին, դա ուղղակի անհնար է,- ասում է Զուրաբիշվիլին: 

Պաշտպանության փոխնախարար Կուտելին ասում է. «Մենք չէինք սպասում նման ռեակցիա Ռուսաստանի կողմից»։ Եվ ես հարց եմ տալիս. «Իսկ ինչո՞ւ չէիք սպասում»։

Բայց հաջորդ տարի արդեն Պատա Զաքարաշվիլին վստահ ասում էր, որ Վրաստանն է հարձակվել։ 2009-ին կրկին IWPR֊ի ծրագրով, կրկին Գորի, Թբիլիսի պտտվեցինք, արդեն «Անկախ»-ում գրեցի, «Ցխինվալին վերցնելը պրոբլեմ չէր», պրոբլեմը վրացական նացիոնալիզմն է» հաղորդումը։ Ահա, այս անգամ արդեն, Պատա Զաքարաշվիլիին հարցնում եմ.

«Իսկ չկայի՞ն Վրաստանում մարդիկ, որ մտահոգվեին, կանխատեսեին, որ Ցխինվալին վերցնելը պրոբլեմ է, որ Ռուսաստանը թույլ չի տա»:

«Ինչո՞ւ չկային, օգոստոսի 8-ի առավոտյան, երբ Ցխինվալին գրավել էին, ու ամբողջ Թիֆլիսը հրճվանքի մեջ էր, ես «Ազատություն» ռադիոյին տված հարցազրույցում ասացի, որ սա շատ մտահոգիչ է ու վտանգներով լեցուն»:

Թբիլիսիում հաջորդ անգամ եղա  2011-ին, գրական կոնֆերասնի էի, վրացի գրողների հետ սուրճ ենք խմում, խոսակցությունը՝ էլի Սաակաշվիլին, զզվանք ու ատելություն։ Հարցնում եմ, մի լավ բան չե՞ք ասի այդ մարդու մասին։ Ծիծաղում են: Չէ՛, լավ, մեկդ կա՞ որ մի քիչ հավանի նրան, խնդրեմ ձե՛ռք բարձրացրեք: Ծիծաղում են: Ոչ մեկը։ Ասում են՝ Վրաստնաում մի քիչ ակտիվ ես, սպասիր հետևիցդ գան։ Ի՞նչ, քաղբանտրկյալներ շատ կա՞ն։ Լիքը։ Օրինակ՝ կա՞ մեկը որ ունենա բանտում մարդ, իհարկե, ծիծաղացին, «Սիեստա» հրատարակչության տնօրեն Կետին պատմեց իր հարազատի մասին, որ բանտում է։

Սաակաշվիլին ավելի շատ Ռուսաստանն էր ատո՞ւմ, թե՞ Վրաստանը սիրում, երկուսն էլ կասկածելի են։ Այսպես 2008-ի հաղորդումից.

«Դավիթ Զուրաբիշվիլին մեղադրում է Սաակաշվիլուն անսկզբունքային քաղաքականության մեջ, որ մի կողմից առանց մրցույթների վրացական խոշոր ձեռնարկությունները վաճառում է Ռուսաստանին (Թբիլիսիի «Տելասի» էլեկտրական բաշխիչ ցանցը, Մառնեուլի ոսկու գործարանը, մետալուրգիական գործարան և այլն) ու ապահովում ռուսական տնտեսական ներխուժումը, մյուս կողմից` մարտնչող ու անձնական վիրավորանքներ հասցնելով Ռուսաստանի ղեկավարներին (մի անգամ Պուտինին անվանել է լիլիպուտին), ի չիք դարձնում համագործակցության ու շփման բոլոր եզրերը։ Նա ասում է, որ անհրաժեշտ են նոր ընտրություններ, քանի որ Սաակաշվիլին այլևս չի կարող Ռուսաստանի, Օսիայի, Աբխազիայի հետ հարաբերություններ հաստատել, որոնք անհրաժեշտ են երկրի կայունության համար»։

Ռուաստանի հետ թշնամանալով Սաակաշվիլին խորտակեց նաև վրացական տնտեսության հինգ հիմնական ճյուղերը, որի մասին տես «Ուր է վրացական թեյը. վրացական տնտեսության հինգ ուղղությունները քանդվում են»։ Մի երկու մեջբերում.

«Սաակաշվիլին եկավ ու թեյի վերջին պլանտացիաները վառել տվեց, երևի վերացնելու համար Ռուսաստանի հետ կապող ևս մի բիզնես: Լավ, պլանտացիաները վառեցիր հասկացանք, բա ի՞նչ անեին հազարավոր թեյ մշակողները, թեյի լավագույն մասնագետները, հիմանականում կանայք, ովքեր ճկուն մատներով գիտեին՝ ինչպես հավաքել թեյի լավագույն տերևները: Թուրքիայի սևծովյա քաղաքներում, Հոպայի հյուրանոցում, խանութներում ու գիշերային բարերում անընդհատ հանդիպում ես վրացուհիների:

Վրաստանը ավանդաբար հենվում էր արդյունաբերական հինգ ճյուղերի վրա` թեյ, գինի, Բորժոմ, տուրիզմ, ցիտրուս (մանդարին, նարինջ): Հինգն էլ ռուսական շուկա էր մատակարարվում: Ճիշտ է, մյուս չորս ճյուղերը դեռ շնչում են, թեյի պես չեն մեռել, բայց հոգեվարքի մեջ են»:

Բայց մյուս կողմից Սաակաշվիլին խոնարհվում էր Թուրքիայի առաջ՝ թուրքերին տրամադրելով Վրաստանում մեծ հնարավորություններ։ Ավետիք Իշխանյանը գրում է.

«Սահակաշվիլին միայն Աջարիայում հեկտարը պաշտոնապես մեկ-երկու լարիով թուրքերին վաճառեց (ստվերային միլիոններ գրպանելով) և այսօր Աջարիայում ողջ բիզնեսը թուրքերի ձեռքին, է և պաշտոնապես գրանցված են 300 000 թուրքեր»։

Եվ նաև, գաղտնի տեսագրությունները։ Հայաստանում էլ կան, հիմա չգիտեմ, բայց Տեր-Պետրոսյանի ժամանակ ընդդիմադիրների ու ակտիվ գործիչների սեռական կյանքը տեսագրում էին։ Ընկերս պատմում էր՝ 90-ականներին, որ մի նախարար իրեն ցույց էր տվել մի դաշնակցականի անկողնային տեսարաններ։ Նույնիսկ նկարում էին գործչի ու նրա օրինական կնոջ ակտը։ Սաակաշվիլիի ժամանակ տոտալ գաղտնատեսագրում էին, և իշխանափոխությունից հետո կարծես վերջ տրվեց դրան: Ահա ինչ է պատմում Իվանիշվիլին.

«Ինձ մտերիմ մարդկանցից մեկը, նա այն ժամանակ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալն էր և գլխավորում էր մեր կուսակցության շտաբը, սխալ կատարեց, որի համար նրա դեմ քրեական գործ հարուցվեց:

Այդ ծառայությունը (ՆԳՆ-ի մեջ է մտնում) Սաակաշվիլիի իշխանության ժամանակ հավաքել էր հսկայական տեսադարան, կոմպրոմատներ Վրաստանում հայտնի մարդկանց դեմ: Այնտեղ 40 հազար մարդու անձնական կյանքից կադրեր կային: Այդ նկարհանաումների վրա, մեր հաշվարկներով, ծախսվել է մոտ 100 միլիոն դոլար: Եվ այսպես, այդ անվտանգության ծառայության ղեկավարը, մեր համախոհը, օգտվեց այդ տեսադարանից. այն բանի համար, որ իր դեմ ինչ-որ վատ բան էին գրել, ինտերնետում տեղադրեց կադրեր այն մարդու վերաբերյալ, որը, նրա կարծիքով, այդ հրապարակումն էր արել: Այնտեղ ինչ-որ սեքսուալ տեսարաններ էին, որոնցից հասկանալի էր դառնում, որ այդ մարդը միասեռական է: Արդյունքում, մենք այդ ամբողջ տեսադարանը լրագրողների ներկայությամբ հրապարակայնորեն ոչնչացրինք»:

Նույնը ասում է նաև Նանա Կակաբաձեն.

«Սահակաշվիլիի ժամանակ պետական ռեկետ էր, չկար անկախ բիզնես, ամեն ինչ նա էր վերահսկում։ 3-4 հոգի էին ամեն ինչ վերահսկում։ Այդպիսի բան չկար նույնիսկ Սովետի ժամանակ, չկար այդպիսի տոտալ կոնտրոլ։ Բոլորին վերaհսկում էին։ Նկարահանում էին անձնական կյանքը՝ ննջարանում, հյուրանոցում։ Նույնիսկ բանտերում կտտանքները նկարում էին, դա ուղղակի մղձավանջ էր։ Ինչի՞ էր դա պետք կառավարությանը, պարզ չէ»։

Դավիթ Զուրաբիշվիլին ասում էր, որ ազատ մամուլ չի մնացել, միայն մի անկախ հեռուստատեսություն է մնացել՝ «Իմեդին», որը չի կարողնաում փակել, քանի որ ամերիկացիները չեն թողնում (2007-ին ոստիկնները ավտոմատով ներխուժել էին հեռուսատեսություն, պառկեցրել լրագրողներին հատակին, ընդհատել հեռարձակումը։ Հետո պարզվեց, որ նույն տարի  այն վաճառվել է ամերիկյան ընկերության

Նույնն է ասում Կակաբաձեն.

«Նա հենց իշխանությունը ձեռքը առավ, ի՞նչ եղավ. փակեց գրեթե բոլոր հեռուստատեսությունները, որոնք անկախ էին և լուսաբանում էին իրադարձույունները ամբողջ Վրաստանով մեկ։ Մնացին միայն փոքրիկ կայաններ, որոնք չէին կարող որևէ կարծիք ձևավորել։ Փակվեցին բոլոր անկախ ժուռնալներն ու թերթերը»։

Վրացի նացիոնալիստ Սաակաշվիլին փախավ Վրաստանից ու շատ հեշտ դարձավ ուկրաինացի նացիոնալիստ։ Ի՞նչն էր պատճառը՝ այդքան հետևողական հակառո՞ւս էր, թե՞ մի նոր երկիր էր հայտնաբերել, որտեղ մի կերպ փորձում էր ռեաբիլիտացվել։

Ռեժիսոր Գոգա Խանդրիավան 15 սյուժեից բաղկացած «Հերոկրատիա» սերիալն է նկարել Սաակավիլիի ռեժիմի մասին։ Առաջին սերիան սկսում է ոստիկանությունում խոշտանգումի տեսարանով։

Բայց Հայաստանում Սաակաշվիլու պաշտամունք է, երկու ամիս առաջ ֆեյսբուքում ստեղծվել է «Ուժերի զարթոնք» գրքի ֆեյսբուքյան էջ, որտեղ Սաակաշվիլու երիտասարադական լուսանկարներն են դնում, նրա հարցազրույցները դնում այսպիսի վերնագրով նյութեր, որ տպվել է դեկտեմբերի 11-ին «Հրապարակ»-ում. «Հայաստանին Սահակաշվիլու պես գործիչներ են պետք». մի խոսքով՝ փառաբանում։

Բազմաթիվ մարդիկ ֆեյսբուքում որպես բողոքի նշան իրենց պրոֆիլի նկարի վրա փակցրել են Սահակաշվիլու գրքի նկարը։

Ֆեյսբուքյան մի քանի արձագանքներ.

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյան.

«Էս ինչ ստալինիզմ էր!!! Միքայել Նահապետյան, պատրաստ եմ ԱԺ-ի իմ աշխատասենյակը տրամադրել գրքիդ շնորհանդեսի համար: Կարող ենք կահույքը քո ուզած ձևով դասավորել, հյուրերիդ համար անցագրեր գրել, շամպայնն էլ իմ վրա»:

Ակտիվիստ Արա Ներսիսյան,.

«Ինքներդ ձեզ հարցնում եք, թէ ինչպես եք վերաբերվում Սահակաշվիլուն: Եթե դրական, ուրեմն ռսահպատակ չեք, եթե բացասական, ուրեմն ռսահպատակ եք»:

Գարեգին Միսկարյան.

«Թե ոնց է սերժիկն իր ճուտերով վախենում Սաակաշվիլու գրքի ստվերից»։

Ռեժիսոր Տիգրան Խզմալյան.

«Մինչդեռ Ռսաստանում արգելում են ՛՛Ստալինի մահը՛՛ ֆիլմի ցուցադրությունը՝ ՀՀ-ում արգելեցին կենդանի վրաց նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունց.

«Ցուցահանդես, գրքի շնորհանդես, որոնցով կարող են իր ու իր իշխանավարման էությունը բացահայատող հարցեր տրվեն, բացահայտումներ արվեն, արգելում է»:

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին աշխատակից Հասմիկ Հարությունյան.

«Դե, ժողովուրդ ջան, սլավա կապեէսէս։ Սրանք պարզապես փորձում են սապոնվելու նորանոր հնարքներ, ստրուկի հոգեբանության նորանոր ատրիբուտներ ներմուծել»։

Արեն Ոսկանյան.

«պոռնո Լեվլ հյուսիսային կորեա»։

Ակտիվիստ Դավիթ Սանասարյան.

«Միքայելը կարևոր գործ է արել, ուսանելի գործ է թարգմանել, մի մարդու կողմից գրված գիրք, ով Վրաստանը փոխեց հիմնովին, դրեց զարգացման ռելսերի վրա: Մեր հասարակության մեջ կա մի խնդիր, որ միշտ այլ պետությունների առաջնորդներին նայում են Հայաստանի պատուհաններից։ Իհարկե չի նշանակում, որ Միխեիլն իր դրական կողմերից բացի բացասականը չուներ, սակայն Վրաստանի պատմության մեջ ինքը կմնա ոսկե տառերով»։

Տիգրան Տուրվանդյան.

«Սաակաշվիլին Եվրոպական ժողովրդների համար ռեֆորմատորի կերպարա հատկապես Հետ Խորհրդային տարածքում ու ժողովրդների ազատության խորհրդանիշ»:

Առնոլդ Բլեյան.

«Միխեիլ Սաակաշվիլին ունիկալ դրական և իրական, օրինակելի քաղաքական գործիչ է: Վրաստանի նախագահի պաշտոնում ստեղծեց լիովին մի նոր երկիր, որտեղ յուրաքանչյուր բնակիչ` Վրաստանը սիրող ու հարգող վրաստանցի` վրացի, մեգրել, հայ, օս, աբխազ, ռուս, ադրբեջանցի, ուկրաինացի և այլոք, ով ստրկամիտ չի, գող չի, նենգ չի, աշխատասեր է, արդար է, ազատատենչ է, սիրով ու հպարտությամբ կարող է ապրել` եվրոպացուն բնորոշ մարդկային պայմաններում: Երանի՜ Ուկրաինայում հաջողության հասնելուց հետո էլ անցներ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի ու Մոլդովայի վրայով ու մաքրեր այդ երկրները սպանիչ կոռուպցիայից, անպատժելիությունից ու օլիգարխիայից…

Փետրվարի 7-ին Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը մեծ ցնծությամբ նշվեց Յանկի փաբում։

Մեկնաբանություններ (4)

rafayel
Այս աղմուկը ինչ նման է սովետական տարիների արշավներիին՝ ՙԵս այդ գիրքը չեմ կարդացել, բայց գիտեմ, որ դա սրիկայական գիրք է, հեղինակն էլ ,,սրիկա և բախտախնդիր արարած,, է:Ախր մի փորձի կարդա կարողա մի բան էլ դու հասկանաս,թե ինչպես կարելի է երկիրը փրկել վարի գնալուց,թե չէ մի Վրաստանն է մնացել էդ էլ թշնամի հայտարարենք ու պրծնենք
ռաֆայելին
Իսկ ո՟վ է Վրաստանին թշնամի հայտարարում: Ինչո՟ւ եք աղավաղում իմ մտքերը: Ես Վրաստանի թշնամի, ճիվաղ Սահակաշվիլուն եմ Հայաստանի և հայ ժողովրդի թշնամի համարում: Ուշադիր կարդացեք Իշխանյանի հոդվածը, հենց իրենք՝ վրացիք են նրան համարում իրենց երկրի թշնամի: Եվ հետո, այդ ինչպե՟ս փրկեց երկրը վարի գնալուց, ինչպես Դուք եք գրում անզուգական հայերենով, պատերազմական լկտի և գյադայական արկածախնդրությա՟մբ, Աբխազիան և Հարավային Օսիան վերջնականորեն կորցնելո՟վ, Աջարիան դե ֆակտո թուրքերին նվիրելով... Դուք մտածո՟ւմ եք, թե ինչեր եք գրում, թե՟ գրում եք հանուն գրելու...
Հրաչյա
Այս սրիկա և բախտախնդիր արարածի ձաբռտուքն այս օրերին հայերեն թարգմանելը, տպագրելն ու մեդիական աղմուկ հարուցելը կատարյալ դավադրություն է Հայաստանի դեմ: Լիովին համամիտ եմ հեղինակին, որն, ինրպես միշտ աչքի է ընկնում իր արթնամտությամբ և առողջ դատողությամբ, իսկ տրանսլիտով ու փոքրատառով ներկայացած ռաֆայելին կասեի հետևյալը - ավելի լավ է Պուտինի նման թշնամի ունենալ, քան երդվյալ հայատյաց ու թրքամոլ Սահակաշվիլու պես բարեկամ:
rafayel
Ես հենց հիմա կարդում եմ այդ գիրքը, շատ հետաքրքիր կարդացվում է, մի փոքր թարգմանությունը այն չի, բայց թարգմանիչը շատ ջահել է հետո ավելի լավ կստացվի,ու մի բան էլ՝ եթե մեկին մեր թշնամին ՝ Պուտինը, ատում է ուրեմն մեր համար դրական կերպար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter