Մատչելիության հղումներ

Փաշինյանն էջմիածինցիների կոչ արեց ընտրել նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին կին քաղաքապետին


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Էջմիածնում ելույթ ունեցավ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցությունը վայելող քաղաքապետ թեկնածու Դիանա Գասպարյանի հանրահավաքում:

Փաշինյանն անդրադարձավ թավշյա հեղափոխությունից առաջ Էջմիածնում տիրած մթնոլորտին, կոռումպացվածությանը, ամենաթողությանը, ապա կոչ արեց էջմիածինցիներին գալիք կիրակի գնալ ընտրատեղամասեր և կատարել այն հեղափոխությունը, որը պակաս կարևոր չէ ապրիլյան հեղափոխությունից:

Կոչ անելով քվեարկել Դիանա Գասպարյանի օգտին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ - «Դուք կիրակի օրը հնարավորություն ունեք իրականացնել սիրո և համերաշխության հեղափոխության հաջորդ՝ ամենավճռական փուլը, և Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ազատ, արդար կամարտահայտմամբ ընտրել առաջին կին քաղաքապետին»:

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 12 թեկնածու, ինչն աննախադեպ է:

Վաղը քարոզարշավի վերջին օրն է, որի ընթացքում թեկնածուների միջև որևէ միջադեպ չի եղել: Ընտրապայքարն անցնում է խաղաղ, ազատ, ինչը նույնպես աննախադեպ է Էջմիածնում:

Հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենա 37 համայքներում, որոնցից 16-ում «Քաղաքացիական պայմանագիրը» թեկնածու է առաջադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG