Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ընդունել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը սատարելու մասին հայտարարություն: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, համապատասխան մանդատ ունեցող միակ միջազգային կառույցն է, որի առաքելությունն է կողմերին աջակցության ցուցաբերումը` հասնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Համանախագահող երեք պետությունների ջանքերի շնորհիվ, որպես խնդրի լուծման հիմք, մշակվել է սկզբունքների եւ տարրերի ամբողջականություն, որոնք արտացոլված են Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի նախագահների համատեղ հայտարարության մեջ»,-ասված է հայտարարության մեջ:

 Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի միջնորդությամբ ադրբեջանցի զինվորականի դին հանձնվել է ադրբեջանական կողմին: Այս մասին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման  ծրագրերի  ղեկավար Զառա Ամատունին: «Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր ենթադրյալ ադրբեջանցի զինծառայողի դիակը փոխանցվել է ադրբեջանական կողմին»,-ասաց Զառա Ամատունին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Ես վերահաստատեցի Թուրքիայի աջակցությունը Մինսկի գործընթացին»,- գրել է Չավուշօղլուն:

Անդրադառնալով այդ հանդիպմանը, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ, առհասարակ, պետք է խոստովանել մեկ բան՝ Թուրքիան մշտապես ներգրավված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գործընթացում: «Այդ ներգրավածությունը բացասական է, և սա բոլորի համար ակնհայտ է: Թուրքիայի քաղաքականությունը բացեիբաց ուղղված է հայոց պետականության դեմ, ինչը դրսևորվում է ոչ միայն Ադրբեջանին սատարելով, նրան ագրեսիայի դրդելով և դրանում հովանավորելով, այլ նաև հայոց Ցեղասպանության ժխտմամբ, նրա ճանաչման պահանջի դեմ հակահայկական տարբեր ծրագրեր իրականացնելով»,- ասել է Դ. Բաբայանը և ավելացրել, որ այսպիսի հանդիպումներով, իհարկե, չի նշանակում, որ Թուրքիան պաշտոնապես պետք է դառնա հակամարտության կարգավորման միջնորդներից մեկը, որն անհնարին է և պարզապես անթույլատրելի: Դ. Բաբայանն ընդգծեց, որ վերջին շրջանում թուրքական կողմի ակտիվությունը ղարաբաղյան հիմնախնդրի գործում ակնհայտ է, և հենց այդպիսի հանդիպումների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հավանաբար Թուրքիային հասկացնում են, որպեսզի նա չհատի «կարմիր գիծը»:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին Վիեննայում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1800 կրակոց:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի 2016 թվականի այցերին նվիրված լույս են տեսել հատուկ փոստային նամականիշներ: Նամականիշների շարքում հատուկ տեղ է զբաղեցրել Հայաստան կատարած պատմական այցի վերաբերյալ թողարկված նմուշը: Վատիկանի պաշտոնական կայքում նշվում է, որ նամականիշի հեղինակը Դանիելա Լոնգոն է, ով պատկերել է Ծիծեռնակաբերդում Հռոմի պապի աղոթքի պահը:

50 տարի առաջ՝ 1967 թվականի նոյեմբերի 29-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում հանդիսավոր արարողությամբ բացվեց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրը: Հայոց ցեղասպանության հուշահամալիրն արդարացիորեն համարվում է գլխավորն ու ամենատպավորիչը բազմաթիվ այլ համանման հուշարձանների շարքում: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հայ ազգին միավորող եզակի հուշարձան է: 

Հայաստան և աշխարհ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Բելառուս ՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որն անցկացվում է նախ նեղ կազմով, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստի ձևաչափով:  

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայում խորհրդարանական մեծամասնություն կազմող իշխող քաղաքական ուժի՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատվիրակությանը, որի կազմում են նաև Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամներ: Ընդգծելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը իրավամբ բնութագրվում է որպես ռազմավարական և դաշնակցային՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ երկկողմ հարաբերություններն առանձնանում են մշտական ակտիվ քաղաքական երկխոսությամբ, արտաքին քաղաքական կոորդինացման բարձր մակարդակով, արդյունավետ աշխատանքով միջազգային հարթակներում, շատ լավ համագործակցությամբ տնտեսության, ռազմական, ռազմատեխնիկական, ինչպես նաև հումանիտար ոլորտներում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունների մասին և ընդգծել, որ դրանք հնարավորություն են տալիս էլ ավելի մեծ հոգատարությամբ զարգացնել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված միջպետական հարաբերությունները:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: ՀՀ Նախագահը շնորհավորել է ԵՄ հատուկ ներկայացուցչին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, թե ուրախ է, որ այս կարևոր առաքելությունը վերստին վստահվել է փորձառու դիվանագետի: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Տոյվո Կլաարի գործունեությունը իր դրական նպաստը կբերի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այլ նաև նոր շունչ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհանիսին՝ երկրի Միավորման օրվա առթիվ: 

Ֆրանկոֆոնիայի նախարարների 34-րդ համաժողովում ներկայացվել է Երևանում 2018թ. կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համաժողովի մասնակիցների հաստատմանն է ներկայացրել կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, կարգախոսը և քննարկումների հիմնական թեմաները։ Հայաստանի առաջարկությամբ որոշվել է Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթաժողովն անցկացնել 2018թ․ հոկտեմբերի 11-12-ը, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների նիստերը հետևյալ օրացույցով՝ հոկտեմբերի 7-ին՝ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը, հոկտեմբերի 8-9-ը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը։ Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնել է 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետություն ու կառավարություն միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների համաժողովի նախագահությունը։

ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: «Վերջերս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան այցի ընթացքում ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպմանը ձեռք բերվեց համաձայնություն, որով ՀՀ մատակարարվող բնական գազի գինը եկող տարվա համար մնում է անփոփոխ: Այդ համաձայնությունը ամրագրվում է արձանագրության ստորագրմամբ»,- ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։ 

Իրանը շատ լավ հարաբերություններ ունի հարեւան պետությունների հետ, մասնավորապես՝ բարձր մակարդակի համագործակցություն Հայաստանի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: «Վերջին տարիների քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եղել, ինչպես նաեւ պետք է նշեմ մեծարգո նախագահ դոկտոր Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցության եւ ՀՀ վարչապետի՝ Իրան կատարած այցի մասին, որոնք երկկողմ հարաբերությունների շրջանակում շատ կարեւոր են: Բավականին լավ հնարավորություն է ընձեռնված երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- նշեց նա։

Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ, որոնք թույլ են տալիս շահավետ ներդրումներ կատարել ու հաջողությամբ գործարարությամբ զբաղվել։ Հայաստանում հայ-իրանական գործարար համաժողովի բացմանը այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Նման համաժողովները կարեւոր հարթակ են երկու երկրների պետական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների համար՝ քննարկելու երկկողմ առևտրատնտեսական ոլորտում առկա հնարավորություններն ու խնդիրները, որոշելու մեր երկրների միջեւ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Հուսով եմ, որ այս համաժողովը կնպաստի իրանական գործարարների կողմից Հայաստանի ներդրումային հնարավորությունների առավել գործադրմանը: Հայաստանում իրականացվող բարեփոխումները նախատեսում են ամրագրել առավել բարենպաստության ռեժիմներ, հստակեցնել օտարերկրյա ներդրողներին տրվող երաշխիքները, հնարավորություն տալ գործարարներին օգտվելու Հայաստանում գործող ու նախատեսվող լրացուցիչ արտոնություններից, ներդրումային վեճերի լուծման ժամանակակից մեխանիզմներից, հետևողականորեն կրճատել ու պարզեցնել մի շարք ընթացակարգեր», - նշեց նա:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին: Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Զավարզինի առաջարկով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը միաձայն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 

Մոնրեալում կայացել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի տասնմեկերորդ և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների քսանիններորդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը  ընտրվել է Վիեննայի կոնվենցիայի կողմ երկրների 11-րդ հանդիպման համանախագահ: Հանդիպման ընթացքում տեղի էր ունեցել Ուզբեկստանի ՄԱԶԾ գրասենյակի կողմից կազմակերպված կլիմայի փոփոխությանը և օզոնային շերտի պահպանությանը նվիրված միջազգային լուսանկարչական մրցույթի հաղթողների աշխատանքների ցուցահանդեսը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Լուսինե Թորոսյանի լուսանկարը «Օզոնային շերտի պահպանություն» անվանակարգում արժանացել է առաջին պատվավոր տեղին:

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր: Պայմանագրի շրջանակում նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, հատկապես մանկապարտեզներում իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ:

Թբիլիսիում կայացել է ՏՀՏ զարգացման և կիբեռանվտանգության տասներորդ հոբելյանական միջոցառումը (GITI-2017), որին մասնակցել են նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները: Ներկայացնելով «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պետուհան» և «Մեծ տվյալների վերլուծության» համակարգերն ու դրանց հիմնական գործառույթները՝ պետական եկամուտների կոմիտեն պետական ոլորտին առնչվող 7 անվանակարգի մրցանակցներից արժանացել է երկուսին:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարներ` հանուն տնտեսական զարգացման» քառամյա ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի հունվարին, որին Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքը միացել է այս տարվա մայիսին եւ հայտարարված մրցույթի արդյունքում ճանաչվել հաղթող:

 Հայկական արտադրության բնական և օրգանական կոսմետիկայի` շուրջ 10 հազար դոլարի առաջին փորձնական խմբաքանակն արտահանվում է Հարավային Կորեա և Հոնգ Կոնգ: Արտահանման պատվերը «Նաիրիան» ընկերությունը ստացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում «Cosmoprof North America 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցության արդյունքում:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Նախագահ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Խորհրդակցության մասնակիցները լսել են Պաշտպանության բանակի հրամանատարի զեկույցը: Դեկտեմբերի 2-ին, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին: Նույն օրը Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել զորամասերից մեկում նորակառույց ճաշարանի, մեկ այլ զորամասի զորանոցի և զինծառայողների համար բազմաբնակարանանոց բնակելի շենքի բացման արարողություններին, բարեխիղճ և գերազանց ծառայության համար պարգևատրել զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին: «Ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանքեռանդքրտնաջան աշխատանքորոնք իվերջո բերում և յուրաքանչյուրիս հասցնում են բարձր պրոֆեսիոնալիզմիԺամանակակիցզինված ուժերչի նշանակում միայն արդիական սպառազինությունայլ նաև նշանակում էունակությունորը թույլ է տալիս այդ սպառազինությունը կիրառել ժամանակին և ամբողջհզորությամբՇնորհակալ եմ ձեզԱյսօրվա զորավարժություններն ապացուցեցին ձեր ունակությունը»,-ասել է Նախագահ Սարգսյանը՝ մաղթելով զինծառայողներին բարի ծառայություն և հպարտ կեցվածք:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է ԱԺ ընդունած «Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է ԱԺ կողմից ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները: Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Դատախազության մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ։

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որը վարել է ծառայության պետ Վահրամ Շահինյանը:
Հոբելյանական նիստում ունեցած իր ելույթում Վահրամ Շահինյանն ամփոփել է անցած տասը տարիների ընթացքում կառույցի կայացման և զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, առավել նշանակալի ձեռքբերումներն ու դեռևս առկա խնդիրները։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ Հանրապետության Նախագահը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի համար մի խումբ ազատամարտիկների խրախուսել է պետական բարձր պարգևներով:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մասնակցել է «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով համաժողովին: Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, GRECO-ի գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոսիտոն, այլք:

«Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի արդյունքներով՝ հայ հանրության 33 տոկոսը բավարարված է արդարադատության համակարգից: Ծրագրի ամփոփմանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ցուցանիշը որակեցին բավականին բարձր:

 Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացվելիք որոշման նախագծով ջրի սակագնի 11.4 դրամով թանկացումը մանրածախ սպառողների համար կսուբսիդավորվի ողջ 2018 թվականի համար։ Այս մասին  հայտնեցին ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեից։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Սամվել Բաբայանի և մյուսների գործով վերջին դատական նիստը:  Սամվել Բաբայանը մեղավոր ճանաչվեց  ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց  6 տարվա ազատազրկման:

Երևան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը կանվանակոչվի Մոնթե Մելքոնյանի անունով։ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը կանվանակոչվի Լեոնիդ Ազգալդյանի անվամբ:

Սփյուռք

Չինաստանում ապրում է մոտ 600 հայ: Չինաստանի հայկական համայնքն ինստիտուցիոնալ ձևով կազմավորվել և գրանցվել է 2013 թվականի վերջին: Չինաստանի հայ համայնքի նախկին նախագահ Մհեր Սահակյանը նշեց, որ այն ունի իր գործադիր մարմինը, որի անդամները ներկայացնում են Չինաստանի տարբեր քաղաքներում բնակվող հայերի շահերը:

Միացյալ Թագավորության Լորդերի պալատի ներկայացուցիչները Սիրիայի խորհրդարանում, ինչպես նաև հայ պատգամավոր Նորա Արիսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև հայկական համայնքի ներկա վիճակը: Այս մասին ասաց Արիսյանը: «Լորդերի պալատի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում էին Սիրիայի վերականգնմանն ու իրավիճակին, անվտանգության վերահաստատմանը: Անդրադարձ եղավ հայկական համայնքին»,- հայտնեց Արիսյանը: Նա բրիտանացի խորհրդարանականներին ներկայացրել է, որ Սիրիայի պատերազմի ընթացքում մեծ թվով եկեղեցիներ և դպրոցներ են քանդվել, սակայն ներկայում տարվում են դրանց վերականգնման աշխատանքները:

Միջազգային խճանկար

Վրաստանի կառավարությունը նոյեմբերի 27-ը սգո օր Էր հայտարարել նոյեմբերի 24-ին Բաթումի «Լեո Գրանդ» հինգաստղանի հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի 11 զոհերի հիշատակին: «Լեո Գրանդ» 22-հարկանի շենքում հրդեհը բռնկել Էր նոյեմբերի 24-ին ժամը մոտավորապես 20:00-ին եւ շարունակվել մի քանի ժամ: Ինչպես նշել են պաշտոնական վրացական աղբյուրները, հրդեհի բոլոր 11 զոհերը շնչահեղձ են եղել։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Բաթումի «Լեո Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, որն ավելի վաղ զբաղեցրել Է պետության ղեկավարի պաշտոնը, չի պլանավորում մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին:

Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան մաքոքային բանակցություններ Է սկսել Սիրիայի կառավարության եւ միացյալ ընդդիմության պատվիրակությունների միջեւ, որոնք գտնվում են ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակում, բայց տարբեր հարկաբաժիններում: Նոյեմբերի 30-ի առավոտյան ՄԱԿ Է ժամանել սիրիական միացյալ ընդդիմության պատվիրակությունը՝ Նասեր Հարիրիի գլխավորությամբ: Մեկ ժամ անց Ժնեւի կենտրոնակայան Է ժամանել նաեւ Դամասկոսի պատվիրակությունը: Ժնեւում միջսիրիական բանակցությունների ութերորդ փուլն սկսվել Է նոյեմբերի 28-ին: Սակայն Դամասկոսի պատվիրակությունը դրանց միացել Է միայն մեկ օր անց: Ենթադրվում Է, որ փուլը կշարունակվի մինչեւ հաջորդ շաբաթ, թեեւ կառավարական պատվիրակությունը պլանավորում Է Ժնեւից մեկնել դեկտեմբերի 2-ին: Միացյալ ընդդիմության պատվիրակությունը մտադիր Է մնալ մինչեւ դեկտեմբերի 15-ը:

Ղրղզստանի նախագահի պաշտոնն ստանձնած Սոորոնբայ Ժեենբեկովն իր հրամանագրով Ղրղզստանի Հանրապետության հերոսի կոչում Է շնորհել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին: 

Մշակույթ

Մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը միանգամից երկու անվանակարգում առաջադրվել է «Գրեմի» երաժշտական մրցանակին: Այս մասին հայտնում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը: Մանսուրյանի հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում: «Գրեմի»-ին է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:

Հայազգի հայտնի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը Դմիտրի Խվորոստովսկու հետ ընդգրկվել է «Գրեմմի 2018» հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների թվում: Դմիտրի Խվորոստովսկին և Կոնստանտին Օրբելյանն առաջադրվել են «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում «Sviridov: Russia Cast Adrift» («Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան») սկավառակի համար։

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի համանուն սաունդթրեքը, որի հեղինակն ու կատարողը հայտնի ռոք երաժիշտ Քրիս Քորնելն է, առաջադրվել է «Գրեմի» մրցանակի: Քորնելի «Խոստումը» երգը առաջադրված է «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում: Հայտնի ռոք երաժիշտ Քրիս Քորնելը մահացել է 2017 թվականի մայիսին՝ կյանքի 52-րդ տարում: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենալու 2018 թվականի հունվարի 28-ին Նյու Յորքում։

 Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում 2018թ-ի սեպտեմբերի 21-ին կբացվի «Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև 2019թ-ի հունվարի 13-ը: Ցուցահանդեսում ներկայացված կլինեն Բոստոնի Ամերիկայի հայկական թանգարանի մի շարք ցուցանմուշներ, այդ թվում՝ նկարազարդ ձեռագրեր:

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հալեպում ծնված ֆրանսահայ հայտնի քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի ստեղծագործությունների՝ «Խաղաղություն. Թորոսի ամբողջական հավաքածու» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։

 «Մանկական եվրատեսիլ-2017» հեղինակավոր միջազգային մրցույթում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Պոլինա Բոգուսևիչը «Թևեր» երգով: Մրցույթի հայաստանյան մասնակիցը՝ 9-ամյա  Միշան ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը:

Գրքի երևանյան փառատոնի փակման շրջանակում կայացավ դեռևս սեպտեմբերին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հայտարարած ստեղծագործական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը։ Մրցույթի մասնակից գրողներն առանց տարիքային սահմանափակման հայտեր են ներկայացրել 4 անվանակարգերում՝ արձակ, չափածո, դրամատուրգիա և մանկապատանեկան գրականություն։

Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակներում հյուրընկալեց Դանիայի հավաքականին և լրացուցիչ ժամանակում պարտվեց 71։78 հաշվով։ Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ընտրական փուլի մյուս հանդիպումը կանցկացնի 2018 թվականին: Փետրվարին կայանալիք խաղում Հայաստանի մրցակիցը Ալբանիան է, իսկ հանդիպումը կկայանա Երևանում:

Ներկայացվել է 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի խորհրդանիշը:

Մոսկվայի Կրեմլի պալատում կայացավ ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը, որի արդյունքում առաջնության մասնակից 32 թիմերը բաժանվեցին 8 խմբերի:

Ծաղկաձորում ավարտված բաց միջազգային մրցաշարի հաղթող դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Վիտալի Բերնադսկին, ով մի քանի տուր շարունակ առաջատարն էր: Նա 9 հնարավորից հավաքեց 7 միավոր: 6,5-ական միավորով երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար կիսեցին Մարին Բոսիոչիչը և Տիգրան Պետրոսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]