1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Արմաթ» ինժեներական լաբորատորիան ընդլայնում է աշխարհագրությունը. այն կգործի Հնդկաստանում

«Արմաթ» ինժեներական լաբորատորիան ընդլայնում է աշխարհագրությունը. այն 
կգործի Հնդկաստանում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Գուջարաթի շրջանում երեք «Արմաթ» լաբորատորիա կտեղակայվի, որոնց շահառու երեխաների թիվը կարող է հասնել չորս հարյուրի: Հնդկաստանի լաբորատորիայի պոտենցիալ խմբավարներին վերապատրաստելու նպատակով մարտի 15-ին հայ խմբավարները մեկ ամսով կմեկնեն այնտեղ, կիրականացնեն տեխնիկայի, սարքավորումների, ծրագրերի տեղադրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության մասին մանրամասներ հայտնեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «BattleLab India Pvt LTD» ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար և սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահը:

«Արմաթ»-ը արտահանելու նպատակով բանակցություններ ենք իրականացրել մի շարք երկրների հետ: Աշխարհագրությունը հետաքրքիր էր` Դոմինիկյան Հանրապետությունից մինչև Նիգերիա, Եթովպիա, Մոնղոլիա, Բանգլադեշ և այլն: Մի շարք երկրներում հաջողեցինք: Եթովպիայի և Աֆղանստանի հետ համագործակցության հուշագիր ենք ստորագրել: Պայմանագրեր կան Հնդկաստանի, Բանգլադեշի և Մոնղոլիայի հետ: Նախնական բանակցություններ կան Բանգլադեշի բանակի, երկու խոշոր դպրոցների և համալսարանների ցանցի հետ: Արդեն երկու տարի է քննարկվում է նաև հայկական բանակում «Արմաթ»-ը տեղադրելու հարցը, բայց դեռ հստակ պայմանավորվածություններ չկան, այնինչ «Արմաթ»-ը բանակում տեղադրելն օրհասական խնդիր է»,-ընդգծեց Վարդանյանը:

Վիջայ Շահն էլ, անդրադառնալով Հնդկաստանում «Արմաթ» լաբորատորիաների տեղադրմանը, շեշտեց, որ այն կարող է օգնել հնդիկ երեխաներին ճիշտ մասնագիտական կողմնորոշման հարցում, որովհետև Հնդկաստանում հատկապես 10-16 տարեկան դեռահասներն ունեն ստեղծարար հմտություններ, բայց դրանք լիարժեք բացահայտված ու համակարգված չեն, իսկ «Արմաթ»-ի մեթոդաբանությունը և կրթական մոդելը լավագույնս կարող են բացահայտել դա:

«Հնդկաստանը մեծ բնակչություն ունի, և մենք պարտավոր ենք ուժեղացնել մեր ապագա մասնագետներին, վերապատրաստել նրանց, զինել նոր գիտելիքներով ու հմտություններով, որ նրանք կարողանան առավելագույնս մրցունակ լինել զարգացող աշխարհում»,-ասաց Վիջայ Շահը:

Նա շեշտեց, որ Հնդկաստանի «Արմաթ» լաբորատորիայում հինգ ուղղությամբ են զինելու երեխաներին` ծրագրավորում, եռաչափ մոդելավորում, ռոբոտաշինություն, արհեստական բանականություն և անօդաչու թռչող սարքեր: «Այդ ամենը երեխաներին համալիր գիտելիքներ կտա, որոնք հնարավոր կլինի կիրառել ժամանակակից աշխարհում»,-եզրափակեց Վիջայ Շահը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) նախաձեռնել և իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման կրթական ծրագիրը: ԱՏՁՄ-ն սկսել է տեխնոլոգիական կրթության Հայկական մոդելի արտահանման գործընթացը աշխարհով մեկ: Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 575 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ շուրջ 15000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմատիկային։

Երիտասարդ ինժեներներին հնարավորություն է տրվում մշակելու, կառուցելու, փորձարկելու և բարելավելու իրենց իսկ ստեղծած լուծումներն անվտանգ և ուրախ միջավայրում՝ ընթացքում ձեռք բերելով նոր ընկերներ և միասին հիմնելով ստարտափներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]