×


«Շաբաթօրյակ». Համերգներ՝ տնից, Դեփին պաշտպանող կանայք եւ չեղարկված հարսանիքներ

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում աշխարհն ընդհանրապես իրեն նման չէ. փողոցները դատարկ են, կյանքն առաջվա պես չի եռում, մշակութային նորությունների մեծ մասն էլ սկսվում է «չեղարկվել է» կամ «հետաձգվել» բառերով:



Չնայած այդ ամենին՝ «Շաբաթօրյակ»-ի շրջանակում պատմելու շատ բան ունենք: Հետեւել ենք, թե մարդիկ ինչպես են միավորվում այս ծանր օրերին, դրամահավաքներ ու համերգներ կազմակերպում, շարունակում վայելել ու գնահատել կյանքը:



Բազմազավակ Լոուն

Ջուդ Լոուն 6-րդ անգամ հայր է դառնալու: Նրա կինը՝ Ֆիլիպա Քոենը, բալիկի է սպասում: Այս մասին հայտնի է դարձել զույգի նոր լուսանկարներից, որոնցում նրանք զբոսնում են Լոնդոնում:

Լոուն եւ Քոենը նշանադրվել են 2019-ի մայիսին: Հարսանիքից հետո դերասանը խոստովանել էր, որ երազում է նորից հայր դառնալու մասին:


«Երեխաներս արդեն մեծ են, ու պատրաստ եմ նորն ունենալ: Փոքրիկի հետ միշտ ուրախ է, ու քեզ երիտասարդ ես զգում: Պաշտում եմ Ֆիլիպային ու ուզում եմ՝ համատեղ երեխա էլ ունենանք»,- ասել է նա:

Ավելի վաղ Լոուն ամուսնացած է եղել դիզայներ Սեդի Ֆրոստի հետ: Նրանք ամուսնալուծվել են 2003-ին: Զույգը 3 երեխա ունի՝ Ռեֆերետին, Ռուդին ու Այրիսը: Մոդել Սամանթա Բերկի հետ նա 9-ամյա դուստր ունի, իսկ Քեթրին Հարգինգի հետ՝ 3-ամյա:


Դեփին պաշտպանող կանայք

Պենելոպա Կրուսն իր աջակցությունն է հայտնել Ջոնի Դեփին ու խոսել նրա անվան շուրջ ստեղծված սկանդալի մասին: Դերասանի նախկին կին Էմբեր Հերդը նրան մեղադրում է բռնության մեջ:

Կրուսը պատմել է, որ Դեփի հետ բազմիցս աշխատել են, մինչ այդ էլ նրա վաղեմի երկրպագուն է եղել: 19-ամյա Կրուսին Դեփի հետ ծանոթացրել է Պեդրո Ալմոդովարը:


«Միշտ հիացել եմ նրա բարությամբ, խելքով, տաղանդով ու հումորի յուրահատուկ զգացումով»,- ընդգծել է դերասանուհին ու շեշտել, որ Դեփը միշտ բարի ու հոգատար է եղել մարդկանց նկատմամբ:


«Իմ առաջին հղիության ժամանակ, մինչ նկարահանում էինք «Կարիբյան ծովի ծովահենները», ամեն օր նրա կողքին եմ եղել: Ամուսնուս հետ երբեք չենք մոռանա, թե որքան հոգատար է եղել իմ հանդեպ այդ ընթացքում»,-ավելացրել է Կրուսը:

Ավելի վաղ Դեպին պաշտպանել է նաեւ նրա նախկին հարսնացու Վայնոնա Ռայդերը: Նախկին ամուսնուն աջակցել է նաեւ Վանեսա Պարադին, որի հետ նրանք 14 տարի ապրել են միասին ու 2 երեխաներ մեծացրել:


«Ջոնի Դեփին մոտ 25 տարի ճանաչում եմ: Նա միշտ բարի է եղել, ուշադիր, հոգատար, առատաձեռն ու ոչ ագրեսիվ: Գիտեմ, թե նրան ինչերի մեջ է մեղադրում Էմբերը, կասեմ, որ դրանք Ջոնիի հետ ոչ մի կապ չունեն: Նա երբեք ագրեսիա չի ցուցաբերել»,-գրել է Պարադին:



Դեփն ու Հերդն ամուսանցել են 2015-ի փետրվարին: 2016-ին դերասանուհին ցանկացել է ամուսնալուծվել, ինչից հետո հայտնել է, որ ամուսինն իրեն ծեծել է: Դեփն էլ նրա դեմ հայց է ներկայացրել ու 50 մլն դոլար պահանջել կեղծ մեղադրանքների համար: Այս տարվա փետրվարին էլ խոսակցություններ են հայտնվել, ըստ որոնց՝ Հերդին ծեծել է առաջին ամուսինը:

Չեղարկումներ

Dior նորաձեւության տունը որոշել է հետաձգել մայիսի 9-ին պլանավորված կրուիզային ցուցադրությունը: Որոշումը կայացվել է հյուրերի ու աշխատակիցների անվտանգության համար: Այն պետք է կայանար իտալական Լեչեում՝ դիզայներ Մարիա Գրացիա Կյուրիի քաղաքում:


Ցուցադրության նոր ժամկետը դեռ որոշված չէ. ամեն ինչ կախված է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակից: Վերջին օրերին նման հայտարարություններ են արել նաեւ Hermes-ը, Gucci-ն, Versace-ն եւ Max Mara-ն: 


Նույն ճակատագրին է արժանացել նորաձեւության աշխարհի ամենահեղինակավոր իրադարձություններից մեկը՝ Met Gala-ն, որն այս տարի նախատեսված էր մայիսի 4-ին: Կազմակերպիչներն այն անորոշ ժամանակով հետաձգել են:


«Մետրոպոլիտեն թանգարանի աշխատակիցները հիվանդության նշաններ ունեն, բացի այդ էլ մեզ տեղեկացրել են 50-ից ավելի մարդկանց մասնակցությամբ առաջիկա 8 շաբաթվա ընթացքում միջոցառումներ չանել: Դրա համար մինչեւ մայիսի 15-ն ամեն ինչ չեղարկում ենք»,- հայտնել է թանգարանի ղեկավարությունը:


Այս տարի ցուցադրության թեման պետք է միավորեր ժամանակն ու նորաձեւությունը: Թանգարանի 150-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես էլ էր սպասվում: Մարտի 16-ին բոլոր հրավիրվածները էլեկտրոնային նամակներ են ստացել, որ ապրիլի 4-ի միջոցառումը չի կայանալու:


Կաննի կինոփառատոն

Կաննի 73-րդ փառատոնը, որի բացումը նախատեսված էր 53 օրից, նույնպես հետաձգվել է: Կազմակերպիչները հայտարարություն են տարածել ու հայտնել, որ մայիսի 12-23-ի փոխարեն, հնարավոր է՝ փառատոնը կազմակերպվի հունիսի վերջին եւ հուլիսի սկզբին:


Կաննի կինոփառատոնն անցկացվում է ամեն տարի մայիսին: Առաջին անգամ այն տեղի է ունեցել 1946 թվականին եւ ընդամենը 2 անգամ՝ 1948-ին ու 1950-ին, չեղարկվել ֆինանսական խնդիրների պատճառով:


Լավլիի ու Ռեյնոլդսի բարեգործությունը

Հոլիվուդյան դերասաններ Բլեյք Լավլին եւ Ռայան Ռեյնոլդսը նույնպես միացել են կորոնավիրուսի դեմ պայքարին: Ամուսինները 1 մլն դոլար են տրամադրել Միացյալ Նահանգների եւ Կանադայի սննդային բանկերին, որոնք օգնում ենք են կարիքավոր մարդկանց:

Այս մասին Ռայանը Թվիթերում է գրել.«Կորոնավիրուսը հատկապես ծանր հարված էր տարեց մարդկանց ու ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար: Այդ նպատակով Բլեյքի հետ 1 մլն ենք տրամադրում: Նրանք մեր օգնության կարիքն ունեն: Եթե կարող եք, դուք էլ միացեք»:


Լավլին էլ կոչ է արել անգամ մեկուսացման շրջանում կապ պահել իրար հետ տեսազանգերի միջոցով.«Հիշեք սիրո մասին, որը, չնայած բոլոր դժվարություններին, կարող է հաղթահարել այս ամենը: Բոլորս էլ իրար համար ինչ-որ բան կարող ենք անել, եթե անգամ պարզապես պետք է մնալ տանը»,- ավելացրել է նա:


Ռեյնոլդսն ու Լավլին ամեն տարի էլ մասնակցում են բարեգործության: 2019-ին նրանք շուրջ 2 մլն դոլար են հատկացրել փախստականների երեխաների իրավունքների պաշտպանության կենտրոնին:


Տնային առցանց համերգներ

«Միասին՝ տանը» բարեգործական նախաձեռնության շրջանակում Coldplay-ի երգիչ Քրիս Մարտինը սոցցանցային իր էջում ուղիղ հեռարձակմամբ համերգ է անցկացրել: Նա կատարել է խմբի Trouble, Viva La Vida, Yellow, ինչպես նաեւ Դեւիդ Բոուի Life of Mars երգերը: Բացի այդ, նա նաեւ շփվել է երկրպագուների հետ ու պատասխանել նրանց հարցերին:




Ապա նման 4 ժամանոց համերգ է անցկացրել Ջոն Լեջենդը, որին հետեւել է 114 հազար մարդ: Նա խոստովանել է, որ նախկինում սոցիալական ցանցերում երբեք ուղիղ եթեր չի ունեցել ու մադկանց կոչ է արել տանը մնալ: 

«Որպեսզի կանխենք վիրուսի տարածումը, պետք է տանը նստենք: Պահպանեք տարածություն: Բոլոր համերգները չեղարկվել են, բայց երաժշտությունը մեզ միավորում է, դրա համար էլ այստեղ ենք», - ասել է նա:




Լեջենդը համերգը սկսել է Սթիվի Ուանդերի Love’s in Need of Love Today-ով ու 10-ից ավելի երգ կատարել: Ուղիղ եթերին է միացել նրա կինը՝ մոդել Քրիսի Թեյգենը, որը հարցում էր արել իր հետեւորդների շրջանում, թե ինչ հագուստ կրի այդ օրը: Նրանք նախապատվությունը տվել են սրբիչին:): Լեջենդն էլ անսովոր տեսքով էր` պիջակով, բայց առանց տաբատի:


Կադրում է հայտնվել նաեւ զույգի դուստր Լունան, որը հայրիկին խնդրել է կատարել «Գեղեցկուհին եւ հրեշը» ֆիլմի սաունդթրեքը:


Իտալական ապրանքանիշերի օգնությունը

Իտալական նորաձեւության տները շարունակում են աջակցել ծանր դրության մեջ հայտնված երկրին ու գումար հատկացնել առողջապահության ոլորտին: Prada-ն գումար է հատկացրել Միլանի 3 հիվանդանոցի: Versace-ի ստեղծագործական տնօրեն Դոնաթելա Վերսաչեն 200 հազար եվրո է նվիրաբերել Սուրբ Ռաֆայել հիվանդանոցին: «Հիմա միմյանց մասին հոգ տանելու ժամանակն է»,-ասել է նա:


Մինչ այդ իր դրամական աջակցությունն էր ցուցաբերել նաեւ Armani-ն՝ 1,25 մլն եվրո հատկացնելով բուժհաստատություններին: Իսկ Bvlgari-ն Ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտին նոր սերնդի 3D հետազոտական մանրադիտակ է նվիրել:

Լոմբարդիան եւ Միլանն ամենաշատն են տուժել վիրուսից, այնտեղ կառուցվում է 80 հազար քառակուսի մետր տարածքով նոր հիվանդանոց, որը պատրաստ կլինի 10 օրվա ընթացքում: Moncler-ն այդ նպատակով 10 մլն եվրո է նվիրաբերել: «Միլանը մեզ անհավանական կյանք է նվիել, չպետք է հրաժարվենք նրանից: Մեզնից յուրաքանչյուրը պետք է քաղաքին տա այն, ինչ նրանից ստացել է»,- ասել է բրենդի գործադիր տնօրեն Ռեմո Ռուֆֆինին:



Կատարյալ մեկուսացում

Ջարեդ Լետոն 12-օրյա հանգստի էր մեկնել անապատ ու ամբողջովին մեկուսացել մարդկանցից: Այդ ընթացքում նա պատկերացում էլ չի ունեցել, թե ինչ է կատարվում աշխարհում:


«Ոչ հեռախոս կար, ոչ կապի այլ միջոցներ: Մեր ճամբարից դուրս տեղի ունեցող ոչինչից տեղյակ չէինք: Վերադարձա աշխարհ, որն ամբողջությամբ տարբերվում է իմ տեսածից: Այն ընդմիշտ է փոխվել»,- ասել է դերասանը:


Նա վերադարձել է փակ սահմաններով, միմյանց ձեռք չսեղմող եւ տներում փակված մարդկանցով լի աշխարհ:

Հետաձգված հարսանիքներ

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվում են բոլոր միջոցառումները, այդ թվում՝ հարսանիքները: Միանգամից մի քանի աստղային զույգ է որոշել սպասել լավ ժամանակների:

Մոտ օրերս պատրաստվում էին ամուսնանալ Էմմա Սթոունն ու Դեյվ Մաքքերին: Նրանք որոշել են տեղափոխել արարողությունն անորոշ ժամանակով:


Հարսանիքի էին նախախատրաստվում նաեւ Քեթի Փերին եւ Օռլանդո Բլումը: Մարտին սպասվող նրանց պսակադրությունն էլ է հետաձգվել: Այն պետք է տեղի ունենար Ճապոնիայում, հրավիրված էր 150 հյուր: Փոքրիկի սպասող երգչուհին անչափ հուզված էր ու անհամբերությամբ էր սպասում, թե երբ է սպիտակ զգեստ հագնելու:



Նատալյա Վոդյանովան եւ Անտուան Առնոն նույնպես հետաձգել են հունիսի սկիզբին նշանակված հարսանիքը: 300 հյուրերը պետք է հավաքվեին Շամպանում: Հնարավոր է՝ հարսանիքն ավելի ուշ լինի, կամ էլ անցկացվի ընտանեկան նեղ շրջանակում:


Զվարճալի զբաղմունքներ

Ոչ բոլորն են խորհուրդ տալիս իմաստավորված ու հետաքրքիր ժամանակ անցկացնել: Կարելի է տանը մնալու ընթացքը նաեւ զվարճալի զբաղմունքների վրա ծախսել: Հենց դա էլ կոչ է անում հումորային հեռուստաշոուի հաղորդավար Էլեն ԴեՋեներեսը: Նրա հաղորդման նկարահանումները եւս կասեցվել են, ու տանը մնացած Էլենը ժամանակը յուրովի է անցկացնում:


Նա խորհուրդ է տալիս անձրեւային օրերին 4000 փազլից նկար հավաքել. «Ձանձրանում եմ, համզոված եմ դուք էլ եք ձանձրանում: Այս փազլն ինձ գոնե 1 ժամով կզբաղեցնի: Վաղուց դրանք չեմ հավաքել, բայց կարծում եմ՝ դժվար չի լինի»:

View this post on Instagram

A post shared by Ellen DeGeneres (@theellenshow) on

Պարզվում է նա նախ հաշվել է բոլոր փազլերն ու պարզել, որ դրանք ընդամենը 3999-ն են: «Ընդհանրապես զվարճալի չէ, ավելին ասեմ՝ անարդար է: Էլ իմաստ չկա այն հավաքել: Ավելի լավ է գնամ գիրք կարդամ»,- գրել է ԴեՋեներեսը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին