Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, ինչքան հիմա. Փաշինյան

Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, 
ինչքան հիմա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, ինչպես հիմա:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն  այս մասին ասաց ԱԺ-ում՝ կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

Փաշինյանը նախ անդրադարձավ 2021-ին Հայաստանի լրջագույն ձեռքբերումներին: 2021-ի ձեռքբերումներից նա անկյունաքարային համարեց խորհրդարանական ընտրությունները: «Աղետալի պատերազմից հետո տեղի ունեցած այդ ընտրություններն ի ցույց դրեցին մեր պետականության ու ժողովրդի դիմակայունությունը, պետականություն ունենալու մեր կամքը, բարձրացրեցին ՀՀ միջազգային վարկը և արձանագրեցին մեր հավատարմությունը ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին: Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2021-ի ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց, այլ ոչ թե ներքաղաքական ճգնաժամի պատճառ»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ 44-օրյա աղետալի պատերազմից հետո հանրային հուզումների և ալեկոծությունների, հարձակումների և սպառնալիքների մթնոլորտում քաղաքական մեծամասնությունը ժողովրդի բարձրագույն իշխանության կարգավիճակը պահպանելու և պաշտպանելու ուժ գտավ իր մեջ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալով: Վարչապետն ընդգծեց՝ նախորդ տարի տեղի ունեցած ընտրական գործընթացով ՀՀ-ն ոչ միայն հաղթահարեց ներքաղաքական ճգնաժամը, այլև միջազգային ինստիտուտների գնահատմամբ՝ ընտրական ավտորիտարիզմ ունեցող երկրների շարքից անցում կատարեց դեպի ընտրական ժողովրդավարությամբ երկրների շարք, սրանով, ըստ էության, ՀՀ-ն մուտք գործեց պայմանականորեն ասած, ժողովրդավարության բարձրագույն լիգա, և սա կարևորագույն ձեռքբերում է:

Վարչապետը 2021-ի հաջորդ կարևորագույն ձեռքբերումը համարեց մակրոտնտեսական կայունության ապահովումը հետպատերազմական ծանր շրջանում, որը, ըստ նրա, ահագնանում էր նաև ներքաղաքական և կորոնավիրուսային ճգնաժամով, անվտանգային անորոշ միջավայրով և տագնապներով պայմանավորված: «Այս պայմաններում ոչ միայն հնարավոր եղավ պահպանել պետական կառավարման և տնտեսական կայունությունը, այլև եվրոպարտատոմսերի աննախադեպ՝ 750 մլն դոլար ծավալով տեղաբաշխում իրականացնել՝ բոլոր պետական թողարկումների համեմատ ամենացածր տոկոսով»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ միջազգային հեղինակավոր Fitch  և Moody’s վարկանշային գործակալությունները վերահաստատել են ՀՀ-ին տրված կայուն հեռանկարով վարկանիշները՝ վարկունակության մակարդակը գնահատելով որպես վստահելի, կարևորելով առկա ռիսկերը կառավարելու կառավարության կարողությունները:

«Սրանք պատերազմ վերապրած երկրի համար չափազանց բարձր ու կարևոր գնահատականներ են: Եվ այս գնահատականները հաստատվեցին նաև գործնականում մեր երկրի քաղաքական դիմակայունությանը զուգահեռ՝ ի ցույց դնելով ֆինանսատնտեսական դիմակայունությունը: Եվ որպես արդյունք 2021-ի հարկային բյուջեի եկամուտները, տարեսկզբին պլանավորվածի նկատմամբ, գերակատարվեցին 147 մլրդ դրամով: Այսինքն՝ հետպատերազմական ճգնաժամային տարում կառավարությունը ոչ միայն չկրճատեց ծախսերը, այլև լրացուցիչ ծախսեր ֆինանսավորելու հնարավորություն ունեցավ: Այդ լրացուցիչ ծախսերի մի զգալի մասն ուղղվեց պատերազմից վիրավոր Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Ու այս ֆոնին, երբ 2020-ի նոյեմբերից մինչև 2021-ի ավարտը կառավարությունն Արցախում իրականացրել է 136 մլրդ դրամի ծրագիր, իսկ 2022-ի բյուջեով 144 մլրդ դրամի ֆինանսավորում է նախատեսել, մարդիկ կան, որոնց լեզուն պտտվում է ասել, թե ՀՀ-ն Արցախից ձեռքերը լվացել է: Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, ինչպես հիմա»,-ասաց Փաշինյանը:

Հաշվետու տարում կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացվել՝ տարեսկզբի պլանավորվածի նկատմամբ 100 տոկոս: Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի պատմության մեջ նման ցուցանիշ երբեք չի եղել: 2021-ի կապիտալ ծախսերի բացարձակ ցուցանիշը նույնպես աննախադեպ էր 3-րդ հանրապետության պատմության մեջ՝ 217. 8 մլրդ դրամ, ընդ որում 2021-ի կապիտալ  մեծությունը շուրջ 24.7 մլրդ դրամով գերազանցել է 2019-ի և 65.8 մլրդ դրամով՝ 2018-ի նույն ցուցանիշը: Կապիտալ ծախսերի ճշտված պլանի նկատմամբ 2021-ի 92.3 տոկոս կատարողականը վերջին 4 տարիների ամենաբարձր ցուցանիշն է:

«Որպես արդյունք 2021-ի դեկտեմբերին աշխատատեղերի թվաքանակը կազմել է 659 հազար 471, որը բացարձակ ռեկորդ է Հայաստանի նախորդող շրջանի ողջ պատմության համար: 2020-ի նույն ամսվա համեմատ աշխատատեղերի աճը կազմել է 6.1 տոկոս, 2019-ի նույն ամսվա համեմատ՝ 4.9 տոկոս, 2018 թվականի  նույն ամսվա համեմատ՝ 12.1 տոկոս: Էականորեն աճել է միջին և համախառն աշխատավարձը»,-ասաց վարչապետը:

Կառավարությունը կապիտալ ծախսերի ֆինանսավորման մեծացումն ու արդյունավետության բարձրացումը համարում է երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կարևոր գործոններից մեկը, որովհետև այդպիսով բացվում են նոր աշխատատեղեր, բարձրանում են աշխատավարձերը: 2022-ի համար կառավարությունը նախատեսել է շուրջ 350 մլրդ դրամ կապիտալ ծախսեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]