Գեղարքունիքում հեռավար ուսուցման է անցել 12 դպրոց

Գեղարքունիքում հեռավար ուսուցման է անցել 12 դպրոց

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզում, պայմանավորված սեպտեմբերին ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի պատճառով ստեղծված իրավիճակով, հեռավար կրթության է անցել սահմանամերձ բնակավայրերի 12 հանրակրթական դպրոց։ Այդ մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

Դպրոցները գտնվում են Վարդենիս համայնքի այն բնակավայրերում, որոնք ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում հայտնվել են թշնամական թիրախի ներքո, և, ելնելով անվտանգության ապահովման նկատառումներից, որոշվել է անցնել կրթության կազմակերպման հեռավար ձևին։ Գեղարքունիքի մնացած կրթական հաստատությունները գործում են առկա ուսուցմամբ, այդ թվում՝ Վարդենիսի մյուս դպրոցները, որոնք չեն համարվել անվտանգության տեսանկյունից խոցելի համարվող կառույցներ։

«Հեռավար ուսուցման անցած աշակերտների ընդհանուր թիվը հասնում է 1245-ի։ Պետք է շեշտեմ, որ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի արդյունքում ուղիղ մեկ շաբաթ կրթություն ստանալու իրավունքից զրկվել է Վարդենիս համայնքի 36 հանրակրթական հաստատության 7072 աշակերտ։ 500 նախադպրոցական տարիքի երեխա էլ զրկվել է մանկապարտեզներ հաճախելու իրավունքից։ Անշուշտ, հեռավար ուսուցումն էլ առաջացնում է իր դժվարությունները՝ կապված տեխնիկական հնարավորությունների հետ։ Այդ խնդիրը կարգավորելու համար մենք աշխատում ենք տարբեր կառույցների հետ և անում հնարավորը, որպեսզի ոչ մի երեխա դուրս չմնա հեռավար կրթություն ստանալու հնարավորությունից »,-ներկայացրել է մարզպետ Կարեն Սարգսյանը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---