Մխիթարյան․ «Ռոմայում» ինձ լավ եմ զգում, գերադասում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը

Մխիթարյան․ «Ռոմայում» ինձ լավ եմ զգում, գերադասում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը

PanARMENIAN.Net - Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վարձակալությամբ հանդես է գալիս «Ռոմայում», ասել է, որ կցանկանար շարունակել խաղալ իտալական ակումբի կազմում։

«Ռոմայում» ինձ լավ եմ զգում։ Մենք այնպիսի ֆուտբոլ ենք խաղոմ, որը նախընտրելի է ինձ համար»,- ասել է Մխիթարյանը The Times-ին հարցազրույցում։

Նա համեմատել է հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի և «Արսենալի» նախկին մարզիչ Ունան Էմերիի ղեկավարությամբ խաղը։

«Երբ «Արսենալում» էի խաղում, մարզիչը խնդրում էր, որ այլ կերպ խաղամ, ինձնից այլ խաղ էին ակնկալում։ Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում է Ֆոնսեկայի մոտեցումներից։ Գերադասում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը: Մենք շատ ագրեսիվ ենք խաղում, փորձում ենք գնդակն անընդհատ հսկողության տակ պահել։ Անշուշտ՝ ինձ դուր է գալիս այդպիսի խաղը»,- ասել է Մխիթարյանը։

«Կմնա՞մ արդյոք «Ռոմայում»։ Հիմա ոչինչ չեմ կարող ասել, քանի որ խաղաշրջանը դադարեցվել է․ մենք չգիտենք, թե երբ նորից կսկսենք խաղալ և ինչ կլինի ամռանը։ Ֆուտբոլը շատ արագ է փոխվում։ Սկզբից դու մի թիմում ես, որոշ ժամանակ անց՝ արդեն մեկ այլ։ Երբեք չգիտես, թե ինչ կարող է լինել ապագայում»,- ասել է 31-ամյա ֆուտբոլիստը։

Մխիթարյանն ընթացիկ խաղաշրջանում 17 հանդիպման է մասնակցել «Ռոմայի» կազմում՝ 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ դառնալով։ Իտալական ակումբը լոնդոնյան «Արսենալից» վարձակալել է նրան մինչև խաղաշրջանի ավարտը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---