«Մեր քննադատության թիրախը կառավարությունն է». Միքայել Մելքումյան

Հարցազրույց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ

– «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները սուր քննադատեցին 2018թ. Բյուջեն, և հայտարարեցիք, որ դեմ եք քվեարկելու: Ձեզ համար իշխանության ներկայացրած փաստարկներից ո՞րն է ընդունելի, ո՞րը՝ ոչ:

– Մենք բյուջեն չենք դիտարկում միայն այս տարվա կտրվածքով՝ որպես հաշվապահական կամ ֆինանսական փաստաթուղթ, որ ասում է՝ այս ոլորտում այսքան ծախս է արվելու: Պետք է լինի մինչև հիմա ստեղծված իրավիճակին ընդհանուր քաղաքական գնահատական, և անպայման այն պետք է ունենա 2 բլոկ՝ իրականացվող անհետաձգելի միջոցառումների, որովհետև իրավիճակը հարաբերական կայուն չի, այլ կտրուկ բացասական գործընթացները շարունակվում են, խոսքն արտագաղթի, աղքատության մասին է, որն ավելի է խորանալու հունվարի 1-ից՝ Հարկային նոր օրենսգրքի և ԵԱՏՄ մաքսային կարգավորումների հետ կապված գնաճային ճնշումների պատճառով, և երկրորդ՝ այն ծավալի ներդրումների բացակայությունը, որ մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի տեղից շարժվի վիճակը:

Այսինքն՝ ինքը քաղաքական և զուտ տնտեսագիտական մաս ունի: Եթե դասական տնտեսագիտական առումով նայենք՝ բավականին գումարներ ուղղվում են կապիտալ ծախսերին, որն ընդհանրապես վատ չէ, բայց դա այն դեպքում է էֆեկտիվ, երբ այդ ծախսերը կատարող խողովակները ստերիլ են և կոռումպացված չեն: Այսինքն՝ թոշակի, աշխատավարձի և նպաստների ծախսերում կոռուպցիա չկա կամ շատ քիչ կա, այդ գումարով մարդիկ վճարունակ պահանջարկ են ձևավորում և սպառողական ապրանքային շուկայում պատվերներն ավելանում են: Բայց եթե դա ստանում են թեկուզ բարի նպատակներով, որպեսզի կապիտալ ծախսեր անեն, ես չգիտեմ՝ դրա արդյունավետությունն ինչպիսի՞ն է, գումարներն ո՞ւր են գնում, նույն կերպ չգիտենք՝ վարկերը ո՞նց են ծախսվում:

Կարդացեք նաև

Այսինքն՝ սա պետք է անել այն ժամանակ, երբ հանրությունը, ընդդիմությունը և հասարակական սեկտորը համոզվել է, որ այս ծախսերը կատարելու ստերիլ խողովակներ կան: Իսկ դա չկա, մենք չենք վստահում:

Երկրորդ՝ չի կարելի սոցիալական ծախսերը հակադրել կապիտալ ծախսերին: Եթե ուզում ենք կապիտալ ծախսեր անել, չի կարելի ի հաշիվ մյուս սեգմենտի անել: Սա նշանակում է, որ այն հավակնոտ ծրագրերը, որ հայտարարվել էր 1 տարի առաջ, որ մեծածավալ ներդրումներ կգան, որ կլավանա վիճակը, փաստորեն, չկան: Օրինակ, ես ուզում եմ հասկանալ՝ հայտարարված 1 մլրդ դոլարի ներդրումը 2018-ի բյուջեում կա՞, թե՞ չկա: Իհարկե՝ չկա:

Երրորդ՝ պետական պարտքն այն մակարդակի է հասել, որ մեր երկիրն այլևս ռիսկային է, և վարկունակությունն ընկնում է: Պիկը լինելու է 2019թ., երբ 700-800 մլն դոլարի կարիք կլինի, որովհետև 5 տարի առաջ շուկա նետված եվրոբոնդերի մարման ժամանակն է: Հաջորդ հանգամանքը՝ մեզ մոտ կան 5-6 տնտեսագիտական սյուներ, որոնք մեկը մեկին գոլային պասեր տալով՝ ընդհանուր վիճակը տանում են վատթարացման: Առաջինը բանկային համակարգն է, երկրորդը՝ հարկային, երրորդը՝ բյուջետային ծախսերը, չորրորդը՝ ներկրումների մոնոպոլիզացված համակարգը, և հինգերորդը դատական համակարգն է, որ բոլորը մեկը մյուսին սպասարկում են: Օրինակ՝ ՀՀ-ում 7 սուբյեկտ ներկրում են 20 հազար անուն 12 նիշով ապրանքներ, այսինքն՝ տնտեսական կյանքի մոդելը բացարձակ բացասական և նեգատիվ է ազատ շուկայական բիզնեսով շուկաներ մուտք գործելու համար:

Մեր ներկրումը 3.2 մլրդ դոլար է, առաջին 10 ապրանքները կազմում են 36%, այսինքն՝ 1.2-1.3 մլրդ-ը կազմում են՝ գազը՝ 347 մլն դոլար, նավթամթերքը՝ 200 մլն, ավտոմեքենաները՝ 160 մլն, դեղերը՝ 97 մլն, և այլն: Երբ մոնոպոլիզացված շուկաներն այդ ապրանքները բերում են, իրացնում են, այդ ֆինանսական գումարները գալիս են տնտեսական սուբյեկտների մոտ, և ցիկլը շարունակվում է, այսինքն՝ ֆիքսվում է դրանց տնտեսական իշխանությունը երկրում:

Այս պարագայում ի՞նչ է կատարվում: Նախ և առաջ՝ այն սուբյեկտները, որ փորձում են մտնել այդ շուկաներ և բիզնեսով զբաղվել, այդ տնտեսական իշխանավորներն այնքան ուժգին դեմպինգով են զբաղված և գները գցում են, որ նոր բիզնեսները դուրս են շպրտվում, մարդը չի կարող անընդհատ դիմադրել: Հարց է առաջանում՝ մեր երկրի մոդելն այնպիսին է, որ տնտեսական այս իշխանավորներն են թելադրում քաղաքական օրակարգը, իշխանությունը կախված է նրանցից և՛ ընտրություններում, և՛ տարբեր ներդրումների առումով, իսկ դրանց սպասարկում է բանկային, հարկային համակարգը, բյուջեն՝ գնումներով, և դատական համակարգը:

Այսինքն՝ այս պետական ինստիտուտները սպասարկում են այս տնտեսական մոդելը: Ես անձնավորված չեմ ասում, ես կերպն եմ ասում: Սա նշանակում է, որ շուկաներ ազատ մուտք չկա, բայց հայտարարում են, որ ազատ է: Սա հանգեցնում է կապիտալի կենտրոնացման փոքրաթիվ սուբյեկտների մոտ, իսկ Հայաստանում այլևս նոր բիզնեսներում փող դնելու տեղ չկա: Այդ փողը պետք է իր համար տեղ գտնի, չի կարող այդպես մնալ, և արտահոսում է երկրից, որ փրկվի, որովհետև ապագայի նկատմամբ էլ քաղաքական ռիսկեր կան: Ո՞վ է ասել, որ այդ 7 սուբյեկտը միշտ պետք է 7 մնան:

Չէ՞ որ 90-ականների վերջից դիմագծերի փոփոխություններ են եղել: Այս մոդելի նկարագրությունն ամենակարևոր հանգամանքն է, որ բյուջեի քննարկումների ժամանակ մեր նախարարները, որոնք քաղաքական գործունեության վրա ազդեցություն չունեն, սրա դիագնոստիկան չեն տալիս:

Այսինքն՝ ընթացիկ ինչ-որ աշխատանք են անում՝ նորմատիվ ակտեր և այլն, բայց դա էական ազդեցություն չունի: Խնդիրը մոդելի ազատականացումն է, որ վերակազմավորելու արդյունքում ստանանք լուրջ բարեփոխումներ և մրցակցություն: Երբ արդար մրցակցություն լինի, փողերը կգան: Հայաստանում էլ շատ փող կա, բայց վախենում են քաղաքական որոշման ինստիտուտի հետագա ազդեցությունից՝ պայմանավորված այդ տնտեսական իշխանավորների ազդեցությամբ: Օրինակ՝ Ջիննի գործակիցը (սոցիալական բևեռացումը) եվրոպական երկրներում բավականին բացասական երանգ ունի, այսինքն՝ ամենահարուստ մարդկանց 10%-ը տիրապետում է ամբողջ ունեցվածքի 55%-ին, և ավելի քիչ ունևոր 40% մարդիկ տիրապետում են ընդամենը 3%-ին:

Մեր հանրապետությունում այդ բևեռացումն ավելի մեծ է: Եվ եթե հիմա մեր քաղաքական իշխանությունը բարձր աղքատություն ունեցող երկրում չի կարողանում չունևորների համար նյութական բարեկեցություն, սոցիալական ակտիվներ ապահովել, նշանակում է՝ որևէ բան չեն անում: Եվ մենք ի՞նչ գնահատական տանք այդպիսի բյուջեին, ինչպե՞ս կողմ քվեարկենք, գոնե այդ հարցադրումները դրված չեն: Եվ մեր չունևոր ընտանիքների հրաշալի երիտասարդությունը կգնա այլ երկրներ՝ իր տաղանդն իրացնելու:

– Խոսեցիք կապիտալի ու քաղաքական իշխանության մասին: Այժմ Հայաստանում նկատվում է ռուսական կապիտալի ներհոսք: Ձեր կարծիքով՝ այդ կապիտալն ինչպե՞ս կազդի հաջորդ տարի ապրիլին երկրի ղեկավարի՝ վարչապետի ընտրության վրա՝ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հակամարտության ֆոնին, երբ ամբողջապես կանցնենք խորհրդարանական կառավարման մոդելին: Չէ՞ որ ռուսական կապիտալն աջակցում է Կարապետյանին:

– Ես նման հակամարտություն չեմ տեսնում, բայց քաղաքական տրանսֆորմացիաներ միշտ կարող են լինել: Այսօր եկեք գնահատականներ չտանք: Դեռ վաղ է դրա մասին խոսելը, սպասենք ապրիլին: Իսկ կապիտալները, կարծում եմ, սահմաններ չեն ճանաչում, որտեղից էլ գան՝ օգտակար է:

– Բայց հիմնականում ռուսական կապիտալն է:

– Մենք Ռուսաստանի հետ ամենաբարեկամական դաշտում ենք գտնվում, որտեղի՞ց պետք է գա, չի կարող շատ ուրիշ տեղերից շատ գալ: Թեկուզ անգամ Ռուսաստանից է գալիս, եթե դրանք ուղղված են նոր աշխատատեղեր ստեղծելուն, հարկերի ավելացման համար հիմքեր ստեղծելուն, ուրեմն թող լինեն: Բայց եթե Հայաստանն ուղղակի հարթակ է, որ գան մտնեն և ուրիշ տեղ գնան, դա այլ հարց է: Ես զերծ կմնայի գնահատականներից, որովհետև չի կարելի ներդրում անելու ցանկության նկատմամբ քաղաքական գնահատական տալ, ճիշտ չէ: Ցանկացած կապիտալ մեզ պետք է:

– Թեև դուք հակամարտություն չեք նկատում, բայց ԱԺ այս նիստերի սկզբում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ակնհայտ հարձակում գործեցին Կարեն Կարապետյանի դեմ, և քննադատության թիրախը նա էր:

– Քննադատության թիրախը կառավարությունն է, և տիրույթներ կան, որոնք վարչապետի անմիջական վերահսկողության ներքո են: Ի՞նչ էր արել Եկամուտների կոմիտեն. տոնավաճառներում, մեղմ ասած, ոչ օրինական գործընթացներ էր իրականացրել, երբ օպերատիվ հետախուզական ծառայության աշխատակիցները դարանակալել էին մեքենաներում, մարդկանց վրաերթ էին արել, խուզարկել տոպրակները, որի իրավունքը չունեն: Մարդիկ էլ եկել, բողոքում էին, չարձագանքեի՞նք:

– Քաղաքական ենթատեքստ չկա՞, «Ծառուկյան» դաշինքը վարչապետի փոփոխության խնդիր չի՞ դնում:

– Բացարձակ, այս պահին այդպիսի բան չկա: Մենք չենք անձնավորում, անձի խնդիր չենք քննարկում: Այս անձը լինի թե մյուս անձը, դրանից ոչինչ չի փոխվում: Պետք են համակարգային ռեալ որակական փոփոխություններ: Նույն վարչապետն ուներ պատմական շանս, որովհետև վերջին անգամ է, որ նախագահ-վարչապետ ռեժիմն է, ապրիլից պետության ղեկավարը վարչապետն է լինելու, բայց նա կորցրեց կառավարման այս համակարգի տիրույթում փոփոխություն անելու պատմական շանսը: Նա չկարողացավ այդ մոդելի վրա ազդեցություն ունենալ: Խնդիրն այն է, թե ազատ շուկաներ կա՞ն, թե՞ չկան, շուկայական հարաբերություններ կա՞ն, թե՞ չկան: Չկան:

– Այսինքն՝ ընտրություններից առաջ տրված փոփոխության խոստումները չիրականացա՞ն: Սերժ Սարգսյանն էր մոտ 1 տարի առաջ ասում՝ Կարեն Կարապետյանը կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում:

– Իրենց խնդիրն է: Մենք արձանագրում ենք, որ խոստում է թե ծրագիր՝ չիրականացվեց: Ես որպես սրտացավ մարդ եմ ասում, կարելի էր անել: Ամենամեծ խնդիրը ժողովրդի վստահությունն է, որ չունի: Եթե վստահում է, դու կարճ ժամանակ ունես: Հենց սկզբից որոշակի ռեյտինգ կար, կարճ ժամանակվա ընթացքում այդ ռեյտինգը կորուստ ունեցավ: Քաղաքականության մեջ կարճ ժամանակ ունես արմատական փոփոխություններ անելու, որը տեղի չունեցավ:

Տեսանյութեր

Լրահոս