Ադրբեջանի հարձակման պատճառով մոտ 30,000 երեխա զրկվել է կրթության հնարավորությունից

Ադրբեջանի հարձակման պատճառով մոտ 30,000 երեխա զրկվել է կրթության հնարավորությունից

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում անվտանգային լուրջ հարցեր են առաջացել՝ այս բնակավայրերում երեխաները զրկվել են կրթության շարունակականության ապահովման հնարավորությունից, կրթության իրավունքից։ Այդ մասին ասուլիսում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Նա նշել է, որ երեք մարզում 25,000 դպրոցահասակ երեխայի և ավելի քան 6000 երեխայի նախադպրոցական կրթությունն ընդհատվել է, հայտնում է Panorama.am-ը։

Փոխնախարարը հայտնել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում այս բնակավայրերում ուղղակի արձակուրդ է եղել, չեն գործել ուսումնական հաստատությունները՝ հաշվի առնելով լրացուցիչ տեխնիկական բարդություններ չունենալու և գործընթացին լրացուցիչ լարվածություն չբերելու հանգամանքները, հետագայում բաց թողնվածը լրացնելու պայմանով։

«Մենք հետևել ենք ընթացքին, կապի մեջ լինելով երեք մարզում մեր գործընկերների հետ՝ որոշում ունենք և արդեն այսօրվանից դպրոցները վերականգնել են իրենց աշխատանքը։ Բայց մենք ունենք տարբեր իրավիճակներ։ Այն դպրոցներում, որտեղ հնարավորություն կա և անվտանգության ապահովման տեսանկյունից կան համապատասխան հնարավորություններ, կրթությունը կազմակերպվում է առկա եղանակով։ Մյուս բնակավայրերում, որտեղ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով դեռևս առկա ուսուցման վերադառնալ հնարավոր չէ, գործընթացը կկազմակերպվի հեռավար»,- ասել է Անդրեասյանը։

Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցմամբ կրթությունը վերսկսել է 12 դպրոց, որոնք հիմնականում Վարդենիսի տարածաշրջանի դպրոցներ են, Վայոց Ձորում՝ Ջերմուկում, 3 դպրոց է գործում հեռավար, իսկ Սյունիքում միայն 5 դպրոց է գործում առկա (Քաջարանում և 1 դպրոց Կապանում)։

«Կնայենք, թե ինչպես է գործընթացը զարգանում այս օրերի ընթացքում, ամեն օրվա դրությամբ կկայացնենք որոշում երեխաների կրթությունն ավելի ամբողջական ապահովելու համար»,- նշել է ԿԳՄՍ փոխնախարարը։

Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա փոխնախարարը տեղեկացրել է, որ Գեղարքունիքում, Վայոց Ձորից Ջերմուկում նախադպրոցական հաստատությունները հիմնականում չեն գործում, մյուս բնակավայրերում, Սյունիքի մարզում շատ տեղերում գործում են։

Նա նաև հայտնել է, որ իրենց տեղեկություններով Գեղարքունիքի մարզում՝ Սոթքում և Այրքում, վնասվել է երկու դպրոց։ Վնասի չափը ճշտվում է ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---