13:32:50 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վատ պարողին խորհրդարանն է խանգարում. Աղասի Ենոքյան

    09:32 27 Սեպտեմբեր 2018

    Հայաստանում տնտեսական բարեփոխումները բյուրեղացան բանանի գնի իջեցման մեջ։ Եթե ժամանակին հհկականները կոչ էին անում կարտոֆիլ ուտել, ապա այս ձմեռ Նոր Հայաստանի իշխանությունները կոչ կանեն բանան ուտել։

    Իսկ ինչո՞ւ այլ ապրանքների գները չեն էժանանում, ինչո՞ւ Նոր Հայաստանի չեն ձեռնարկում տնտեսական բարեփոխումներ։ Ներկա փուլում տնտեսության զարգացման վերաբերյալ նրանք գտել են շատ էական բացատրություն. «Հո ամեն ինչ մի օրում չի լինի»։ Միաժամանակ, կառավարությունն արդեն իսկ սկսել է տնտեսական բարեփոխումները, հայտարարելով բոլոր տնտեսվարողների հավասարության մասին, սակայն դրան հաջորդող գործողությունները չեն արվում։

    Իրականում, իր որոշ քայլերով նոր իշխանությունները բավականին հետ են գցել տնտեսության զարգացումը։ Տնտեսության համար կարևորագույն խնդիրը սեփականության անձեռնմխելիությունն ու քաղաքական կայունությունն է. ներդրողներին հայտարարելով, թե էլ փայ մտնողներ չեն լինի, Նիկոլ Փաշինյանը շատ փոքր քայլ է անում տնտեսական կայունության ուղղությամբ, քանի որ նախ՝ ԱԱԾ-ն է մշտապես և շատ հնչեղ սպառնում տնտեսվարողների սեփականությանը (անգամ էական էլ չէ, որ դրանք բոլորի կողմից ատելի օլիգարխներն են), և երկրորդ՝ դեռ շատ երկար ժամանակ պետք է տիրի կայունություն, որպեսզի ոչ միայն ներդրողներ գան, այլև հայաստանցի տնտեսվարողները չվախենան իրենց իսկ բիզնեսում լրացուցիչ փող դնել։

    Ինչևէ, մեր իշխանությունները նշանակել են, թե երբ կսկսեն տնտեսական բարեփոխումները. Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից հետո։ Մինչ այդ ժողովուրդն ապրում է պերմանենտ հեղափոխության տեսլականով և հակաօլիգարխիկ շոուներով, համոզված լինելով, որ տեսարանների հետ զուգահեռվող հացը արտահերթ ընտրություններից հետո կկայանա։

    Մինչդեռ բազմաթիվ կոնկրետ քայլեր հնարավոր էր անել հեղափոխության առաջին իսկ օրվանից։ Ի վերջո, հեղափոխությունը նվաճել է գործադիր իշխանությունը, իսկ Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված Սահմանադրությամբ՝ քանի որ այն կարված էր հենց իր վրայով, գործադիրի դերը բացարձականացվել է՝ խորհրդարանին թողնելով երկրի կյանքին խառնվելու նվազագույն հնարավորություններ։

    Կան պարզ հարցեր, որոնց լուծումները կառավարության ձեռքում են և Ազգային Ժողովը չի կարող խոչընդոտել դրանց լուծմանը։ Ի՞նչ պետք է անի խորհրդարանը, եթե, ասենք, Նիկոլ Փաշինյանը փորձի իջեցնել գազի գինը։ Բոլորս շատ լավ գիտենք, որ սահմանի վրա գնելով գազը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնարկն այն կրկնակի թանկ է վաճառում բնակչության վրա։ Նույնը վերաբերում է բենզինին, ալյուրին ու մնացած մոնոպոլիաներին, որոնց կառավարումն ամբողջովին գործադիրի ձեռքում է։ Սակայն այս ուղղությամբ որևէ քայլ չի արվել։

    Ի վերջո, եթե անգամ խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս, նա կարող է շատ ու շատ հարցեր լուծել կառավարության որոշումներով՝ չսպասելով խորհրդարանի ընդունած օրենքներին։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը դեռևս գերզբաղված է հեղափոխությամբ և տարբեր արտահերթ ընտրություններով, սակայն կառավարությունը միայն Նիկոլ Փաշինյանը չէ, և անհասկանալի է նրա հիմնարկի մյուս աշխատողների՝ նախարարների, անգործությունը։

    Մինչ այժմ որևէ փորձ անգամ չի արվել բարեփոխական մի փաթեթ, մի օրենք մտցնել խորհրդարան, որպեսզի դրան դիմադրեն օլիգարխիկ պատգամավորները։ Ավելին՝ մինչ այժմ չի էլ ներկայացվել տնտեսական բարեփոխումների հայեցակարգը, և մեծ կասկածներ կան, որ այն ոչ միայն պատրաստ չէ, այլև չի էլ պատրաստվում։

    Մյուս կողմից, եթե հիմա վերացել է հովանավորչությունը, մոնոպոլիաները, իսկ ԱԺ ներկա կազմի հիմնական մասն ունի բիզնես՝ թեկուզ կնոջ կամ զոքանչի անունով գրանցված, ապա նրանք միայն ուրախ կլինեն բարեփոխումների համար, որոնք կհեշտացնեն իրենց բիզնես գործունեությունը։ Այսինքն՝ այս պատգամավորական կազմն ավելի քան պատրաստ է ընդառաջ գնալ տնտեսական բարեփոխումներին։ Նրանք միշտ էլ կողմ են եղել ցանկացած իշխանության, և այս իշխանությունը բացառություն չէ, նրանք պատրաստ են կողմ քվեարկելու ցանկացած փաթեթի՝ միայն իրենց ԱԱԾ չտանեն։

    Կրկին նշենք, որ ԱԺ ցրելը և արտահերթ ընտրությունները մի մեծ ցնցում են մեր երկրի համար, որն է ավելի է հեռացնում այն պահը, երբ կապիտալը Հայաստանում իրեն հանգիստ կզգա և կսկսի աշխատել։ Տնտեսական բարեփոխումների տեսանկյունից արտահերթ ընտրությունները կունենան ճիշտ հակառակը ազդեցությունը։

    Ընդհանուր առմամբ, չի երևում որևէ տրամաբանական բացատրություն, թե ինչու է պետք հետաձգել տնտեսական բարեփոխումները և խորացնել ճգնաժամային վիճակը տնտեսությունում։ Ավելին՝ հաշվի առնելով մոտեցող ձմեռը և իմանալով, որ ցուրտ եղանակին ավելի է խորանում սոցիալական վիճակը, և քաղաքացիները ավելի դժվար են շարունակում իրենց գոյատևումը, պարզապես անհասկանալի է տնտեսական բարեփոխումների ձգձգումը։

    Մինչդեռ պատճառահետևանքային կեղծ դրույթը, թե տնտեսական բարեփոխումների համար անհարժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, անընդհատ ուռճացվում է մեդիայի կողմից և սկսում ընկալվել որպես իրական իրավիճակ։ Որոշ երևակայություն ունենալու դեպքում նույնիսկ կարելի է կոնսպիրոլոգիական եզրահանգումների գնալ, թե աղքատությունը հատուկ է պահպանվում, իրավիճակը հատուկ է թեժացվում, որպեսզի ժողովուրդը միշտ լինի հեղափոխական, միշտ դժգոհ լինի խորհրդարանից և պատրաստ լինի առաջին իսկ կոչով ներխուժել ԱԺ շենք։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս