Մատչելիության հղումներ

Թբիլիսիի ոստիկանությունը հեռացրել է Ռուսթավելիի պողոտայում տեղադրված վրանները


Այսօր կեսօրին Թբիլիսիի ոստիկանությունը քաղաքի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայի բանուկ հատվածից հեռացրել է անցած գիշեր ցուցարարների կողմից տեղադրված վրանները` վերականգնելով տրանսպորտի բնականոն երթևեկությունը:

Մոտ 15 րոպե տևած ոստիկանական գործողության ընթացքում ցույցի մասնակիցներից երեքը` այդ թվում հայտնի իրավապաշտպան Զվիադ Կուպրավան, բերման են ենթարկվել:

Բողոքի գործողությունները Վրաստանի մայրաքաղաքում վերսկսվել են երեկ, երբ լրացավ 2017 թվականի տարեվերջին Խորավայի փողոցում սպանված դեռահասներից մեկի հոր` Զազա Սարալիձեի կողմից իշխանություններին ներկայացրած վերջնագրի ժամկետը: Սարալիձեն պահանջում է պատժել այն բոլոր իրավապահներին, որոնք, իր համոզմամբ, կեղծել էին դեռահասների երկու մեծ խմբերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի քննության նյութերը` իրական մարդասպաններին ազատելով պատժից:

Դիմելով Վրաստանի խորհրդարանի շենքի առջև հավաքված հազարավոր ցուցարաներին՝ Սարալիձեն հայտարարեց, թե իր որդու սպանության գործի կոծկմանը միանգամից մի քանի գերատեսչություններ են մասնակցել․ - «Իմ որդու սպանության հետաքննությունը սկսել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները և մի քանի օր անց փոխանցել են դատախազությանը: Դա նշանակում է, որ առաջին կեղծիքները իրականացվել են հենց ոստիկանության քննիչների կողմից: Ես չէին վստահում Ներքին գործերի նախարարությանը, սակայն 10 օր ժամանակ տվեցի այդ գերատեսչությանը հստակ քայլեր իրագործելու համար: Նրանք, սակայն, շարունակում են թքել իմ որդու շիրիմի վրա: Դա է պատճառը, որ ես պահանջում եմ Ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը»:

Չնայած սպանված դեռաասի հոր այս պնդումներին՝ վերջին մի քանի օրերին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Խորավայի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետաքննության գործում ավելի լուրջ առաջընթաց է արձանագրել քան դատախազությունը վերջին կես տարում:

Անցած շաբաթավերջին ձերբակալվեց դատախազության արդեն նախկին բարձրաստիճան աշխատակիցներից մեկը` Միրզա Սուբելիանին: Լրատվամիջոցների պնդմամբ, նրա որդին ևս մասնակցել էր Խորավայի փողոցում տեղի ուենցած ծեծկռտուքին, ինչը, սակայն, Սուբելիանին թաքցրել էր իր գործընկերներից: Այժմ նրան 2-4 տարվա ազատազրկում է սպառնում:

Ոստիկանությունը ձերբակալել է նաև 45-ամյա Մերաբ Մորչաձեին, ով, ըստ նախաքննության մարմնի, ճնշում է գործադրել գործով անցնող վկաներից մեկի վրա:

Բերման ենթարկելու պահին Մորչաձեն կտրականապես հերքել է շրջանառվող այս տեղեկությունները․ - «Ես դեռահասներից մեկի ազգականն եմ, սակայն չգիտեմ, թե ինչ մեղադրանք է ինձ ներկայացվում: Տեղի ունեցածի մասին ես իրոք որևէ տեղեկություն չունեմ»:

Վերջում հավելեմ, որ մի քանի ժամից Ռուսթավելիի պողոտայում նոր բողոքի գործողություն կմեկնարկի, որի նախաձեռնողները նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում», լեյբորիստական և մի քանի մանր կուսակցություններն են: Քաղաքական կուսակցությունները ևս ցանկանում են իրենց աջակցությունը հայտնել Զազա Սարալիձեին և նրա սկսած պայքարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG