Մոսկվան անհեթեթ է որակել Ալեն Սիմոնյանի բարձրաձայնած՝ ՌԴ կողմից «Արցախը հանձնելու» մասին միտքը

Մոսկվան անհեթեթ է որակել Ալեն Սիմոնյանի բարձրաձայնած՝ ՌԴ կողմից «Արցախը հանձնելու» մասին միտքը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արտահայտություններին «Լավրովի պլանի» վերաբերյալ՝ հայտարարելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի միայն երևակայության մեջ։

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանը, հիշատակելով «Լավրովի պլան» կոչվածը, Ռուսաստանի հետ էր կապել «Ղարաբաղի հանձնումը», գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հիշատակված զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ խոսնակ, հարգարժան Ալեն Սիմոնյանը, հղում անելով «հայ հասարակության մեջ տարածված մտքերին» այն մասին, թե «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», հայտարարել է․ «Եթե (Հայաստանում) որևէ մեկը պատրաստվեր որևէ բան հանձնել, կար մի քանի տարբերակ դա անելու` ներառյալ Լավրովի պլանը»։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել»,- լրագրողներին ասել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Դժվար է մեկնաբանել այն, ինչը գոյություն ունի միայն երևակայության մեջ։ Այդպիսի երևակայական իրողություններին է դասվում նաև «Լավրովի պլանը»,- ասել են նախարարությունում։

Կառույցում նշել են նաև, որ չի կարելի խոսել «հանձնելու» մասին, քանի որ խոսքը ԼՂ հակամարտության փուլային կարգավորման մասին է եղել։ ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հակամարտության կարգավորման ծրագրի վերջին տարբերակը կողմերին են փոխանցել 2019-ի հունիսին։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ «նախատեսվում էր առաջին փուլում Ադրբեջանին վերադարձնել 5 շրջան, երկրորդ փուլում՝ 2, պարտադիր դա շաղկապելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ»։

«Պլանի մյուս տարրերից են՝ սեփական բնակչության լիարժեք կենսագործունեությունն ապահովելու ԼՂ իրավունքի ճանաչումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ նիստերին, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, կողմերի՝ ուժի չկիրառմասն մասին հանձնառությունը, Լաչինի միջանցքի լայնության և կարգավիճակի հարցի լուծումը՝ Ադրբեջանին Քարվաճառի և Լաչինի շրջանների վերադարձը հաշվի առնելով»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա մինչև 2020-ի աշունը բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին բառացիորեն հետևյալը․ ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի որոշում կողմերի միջև համաձայնեցված ժամկետում՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական հանրաքվեի միջոցով, որը կարտահայտի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտումը և իրավաբանորեն պարտավորեցնող կլինի՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան»,- ասել են գերատեսչությունում։

«Ընդ որում, քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները որևէ կերպով չպետք է սահմանափակվեին, իսկ կողմերը պետք է հարգեին ցանկացած արդյունքը։ Թեև տվյալ առաջարկների շուրջ ամբողջական համաձայնության հասնել չէր հաջողվել, սակայն ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը դրանք չեն մերժել»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Փաստերը խոսուն են՝ խաղաղ կարգավորման բազում հնարավորություններ են բաց թողնվել, ընդ որում՝ ոչ ՌԴ մեղքով։ Եվս մեկ անգամ համեմատեք համանախագահների նշված առաջարկները այժմյան իրավիճակի հետ և հետևություններ արեք։

«ՌԴ ԱԳՆ-ն միշտ հարգանքով է վերաբերվում այլ երկրների հասարակական կարծիքին, նույնիսկ եթե դրա հետ համաձայն չէ։ Առավել ևս, երբ խոսքը մեր դաշնակիցների ու բարեկամների մասին է, որոնց դասվում է նաև Հայաստանը»,- ասել են ՌԴ ԱԳ նախարարությունում։

Ցանկացած հասարակությունում կարծիքներն ու գնահատականները տարբեր են լինում, իսկ մեդիատիրույթում երբեմն շրջանառվում են կանխակալ դատողություններ, որոնք հաճախ քաղաքական մանիպուլյացիաների արդյունք են։

Խորը ափսոսանք է առաջացնում այն, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանին չպատկանող Լեռնային Ղարաբաղը «հանձնելու» մասին անհեթեթ «մտքերը», այլ, ըստ էության, համերաշխություն են հայտնում նման անհիմն դատողություններին։

ՌԴ բոլոր ջանքերը, ներառյալ՝ 44-օրյա պատերազմը դադարեցնելուն նպաստելը, 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ստորագրումն ու դրանց իրականացումը, ամեն ինչ ասում են»,- նշել են նախարարությունում։

Ռուսաստանը չափազանց շահագրգռված է օգնելու հայերին և ադրբեջանցիներին՝ թերթելու իրենց հարաբերությունների ցավոտ էջերը, նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովմանը»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---