211652_close_icon
views-count9939 դիտում article-date 14:11 27-11-2017

Գրքի երևանյան փառատոնի՝ Yerevan Book Fest-ի շրջանակում ներկայացվել են Ջոն Գրինի վեպերի հայերեն թարգմանությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գրքի երևանյան փառատոնի՝ Yerevan Book Fest-ի շրջանակում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրեց հայտնի ու սիրված հեղինակ Ջոն Գրինի «Թղթե քաղաքներ» և «Աստղերն են մեղավոր» վեպերի հայերեն թարգմանությունները: Երկու գրքերի թարգմանիչն Ալինա Միրզոյանն է: Ներկայացնելով Ջոն Գրինի բեսթսելերները՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանն անդրադարձ կատարեց հեղինակի կենսագրությանն ու անցած ուղուն: «Ջոն Գրինը գրել է գրքեր, որոնք վաճառվում են, այն էլ շա՜տ-շա՜տ: Նրա առաջին՝ «Փնտրելով Ալյասկան» գիրքը միանգամից դարձավ բեսթսելեր: Ամերիկյան շուկան մեծ է, բայց ոչ բոլոր գրքերն են նման կերպ վաճառվում.ուրեմն ինչ-որ բան կար: Հաջորդ՝ «Թղթե քաղաքները», «Աստղերն են մեղավոր» գրքերը ֆուրոր արեցին ամբողջ աշխարհում: 2014 թ. «Աստղերն են մեղավոր»-ը դարձավ աշխարհի ամենավաճառված գիրք»,-նշեց Շավարշ Կարապետյանը: Ի դեպ, #1 բեսթսելերների հեղինակ Ջոն Գրինի փայլուն ու սուր միտքը, այրող, հուզական անկեղծությունը ծնունդ են տվել ընթերցողների մի նոր սերնդի: 2014 թվականին «Time» ամսագրի տվյալներով Գրինի անունը ներառվեց «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկ» ցուցակում: Շավարշ Կարապետյանը վստահ է՝ գրողը նույնպես պետք է զբաղվի սեփական PR-ով, այնպես, ինչպես, օրինակ, Ջոն Գրինը: Վերջինս յութուբով ալիք է ստեղծել, բացել էջեր սոցիալական ցանցերում, պարբերաբար հանդիպումներ ունեցել ընթերցողների հետ ու սկսել հայտնի դառնալ: «Բայց ամեն ինչ չէ PR-ից կախված: Ջոն Գրինի դեպքում լավ PR-ից բացի առկա են եղել լավ ստեղծագործություններ: Ջոն Գրինը ստեղծում է լուսավոր գրականություն: Ասում են, որ Գրինը գրում է պատանիների համար, սակայն ես կարծում եմ, որ նա գրում է պատանիների մասին, բայց բոլոր մարդկանց համար»,-նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրենը: Նա խոստացավ, որ առաջիկայում հրատարակչությունը հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին կհանձնի հեղինակի բոլոր ստեղծագործությունները: Անդրադառնալով երկու գրքերի թարգմանությանը՝ Կարապետյանը շեշտեց, որ բնօրինակն ու հայերեն թարգմանությունն ընթերցելիս ունեցել է նույն զգացողությունները և կարծում է, որ թարգմանությունները լավն են: Ի դեպ, Ջոն Գրինի ստեղծագործությունների հեղինակային իրավունքի ձեռքբերման հետ է կապված հետաքրքիր պատմություն: «Երբ Penguin Group-ի հետ խոսեցինք հեղինակային իրավունքների ձեռքբերման վերաբերյալ և արդեն կարելի ասել, որ համաձայնության էինք գալիս, մեզ ասացին, որ ևս մեկ հայաստանյան հրատարակչություն է կապվել իրենց հետ և ցանկանում է գրքի հրատարակման իրավունք ձեռք բերել: Մեզ ասել էին, որ բարելավենք մեր առաջարկը: Ես էլ որոշեցի նամակ գրել Ջոն Գրինին՝ որպես ընթերցող: Նամակը փոխանցեցին նրան, և մեզ ասացին, որ հեղինակային իրավունքները մերն են: Այն դեպքերից է, երբ թե՛ մարքեթինգային քայլն ու թե՛ անկեղծությունը տվեցին իրենց արդյունքը: Նամակն այն մասին է, թե ինչ եմ հասկացել իր գրքերից ու ինչ է տվել ինձ իր գրականությունը: Այս պատմությունն ապացուցում է, որ պետք է միշտ անկեղծ լինել, ինչպես ասում է Ջոն Գրինը. նրա գրականությունն անկեղծ է»,-հավելեց Շավարշ Կարապետյանը: Նշենք, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը նոյեմբերի 24-26-ը մասնակցեց Գրքի երևանյան փառատոնին: «Լավագույնը՝ հայ ընթերցողներին» խորագրի ներքո ընթերցասերներին գրքերի տոնավաճառի շրջանակում բացի Ջոն Գրինի գրքերից ներկայացվեցին բոլորովին նոր լույս տեսած «Աննա Ֆրանկի Օրագիրը», Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը», ինչպես նաև Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը», Սպենսեր Ջոնսոնի «Ո՞Ւր է իմ պանիրը» և բազում այլ գրքեր: «Մեզ միշտ հարցնում են՝ արդյոք հետևո՞ւմ եք միջազգային տենդենցներին: Չէ՞ որ գրականությունն ապրող օրգանիզմ է, ուրեմն պետք է հետևել միտումներին և հայ ընթերցողներին ներկայացնել նորույթներ: Եվ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-շեշտում է հրատարակչության մարքեթինգի տնօրենը: Առաջիկայում հայ ընթերցողներին սպասվում են այլ անակնկալներ՝ ինքնատիպ գրքերի տեսքով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր