News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այսօր` դեկտեմբերի 3-ին լրանում է Հայաստանի ազգային հերոս, անկախության նվիրյալ մարտիկ Մովսես Գորգիսյանի 56-ամյակը:

1990 թվականի հունվարի 18-ին, Երասխավանում,  նենգ թշնամու նենգ գնդակից զոհվեց Մովսես Գորգիսյանը: Նա մեծ գաղափարախոս էր ու հռետոր, ում արտահայտություններից շատերը թեւավոր խոսք են դարձել այսօր:

«Կեցցե այն Հայաստանը որ վաղն է գալու», «Սուգը հավերժ է, եթե չկա պայքար», «Հոսող գետը չի հոգնում: Մենք հոսելով ու ալեկոծվելով պիտի մաքրվենք եւ դրա մեջ գտնենք մեր պայքարի բարոյականությունը», ասում էր Մոսոն, ով իր իր հետեւից զանգվածներ էր տանում:

1990-ի ձմռան մի դաժան օր կտրվեց Մոսոյի կյանքի թելը, մեր ժողովուրդը զրկվեց իր լուսավոր զավակներից մեկից: Ցավոք, 1988-ին առաջինն Ազատության հրապարակում եռագույնը պարզած Գորգիսյանը չտեսավ իր երազած անկախ Հայաստանը:

Շատերն այդ ժամանակ չէին հավատում ԽՍՀՄ-ի ինքնափլուզմանը, ուստի չէին էլ մտածում հետեւանքների մասին: Առաջիկա անիշխանության, պատերազմի, շատ այլ վտանգների մասին պատկերացում չունեին: Պետք էր բացատրել, հասկացնել, համոզել, անձնական օրինակով ոգեւորել: Զուգընթաց նաեւ պետք էր կազմակերպել, զինվել հոգով, ուժով ու վճռականությամբ:

ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն իր կյանքն ամբողջությամբ նվիրաբերեց Հայոց ազատության ու անկախության վերականգնման գործին:

Նշենք, որ Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին, Երեւանում։ 1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1986–87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում:

1987-ց Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր եւ նրա «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիրը։ 1988թ. մայիսի 28-ին Երեւանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ։

1989թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից է: 1989-ից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը:

1990թ. հունվարի 18-ին վիճակը կտրուկ սրվեց Արարատի շրջանի՝ Նախիջեւանին սահմանամերձ գոտում, ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։ Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրեցին թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավվեցին մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսը ջոկատով գրոհեց բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվեցին, սակայն նա զոհվեց։ Թաղված է Ծիծեռնակաբերդում։ ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ