«Ունենք լեգիտիմ Սահմանադրական դատարան, ՍԴ-ում բոլոր թափուր հաստիքները համալրված են, և այն ի զորու է և լիազորված է քննելու ցանկացած գործ». Արթուր Հովհաննիսյան

Երկրում տեղի ունեցող իրավական խառնաշփոթի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի հետ։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Սահմանադրական դատարանի (ՍԴ) նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը։ Կարծիքներ են հնչել, ծանոթ ենք իրավաբանական համայնքի տեսակետին հարցի շուրջ։ Սակայն այսօր ակցիա է տեղի ունենում ՍԴ շենքի մոտ։ Կարո՞ղ ենք պատկերացնել, որ կկրկնվի 2018թ. հոկտեմբերի 2-ի իրավիճակը, երբ շրջափակվեց Ազգային ժողովը, և Հրայր Թովմասյանին պարզապես կպարտադրեն հրաժարվել իր պաշտոնից։

– Ես, ճիշտն ասած, չեմ հասկանում՝ ինչի՞ պետք է պարոն Թովմասյանը չգնա աշխատանքի, և ինչպե՞ս են մեկնաբանում, որ նրա լիազրություններն ինչ-որ կերպ դադարեցված են։ Նման հիմք առհասարակ չկա ոչ Սահմանադրության 2015թ. փոփոխություններով, ոչ էլ ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքով, որովհետև և ՍԴ անդամի լիազորությունների դադարեցումը, և ՍԴ նոր օրենքով՝ դատավորի լիազորությունների դադարեցման հստակ ընթացակարգեր ու հիմքեր կան։ Այսինքն՝ Սահմանադրության մեջ հստակ գրված է՝ երբ կարող են ՍԴ անդամի կամ դատավորի լիազորությունները դադարեցվել։ Այս պարագայում որևիցե հիմք չկա՝ պնդելու, որ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, և նրա կամ ՍԴ մյուս անդամների՝ որպես ՍԴ անդամի, լիազորությունները պետք է համարել դադարեցված։

– Վահե Գրիգորյանի հայտարարությունը պաշտպանող քաղաքական ուժն ինչ-որ բառախաղ օգտագործեց, փորձեց հիմնավորել նրա հայտարարությունը, սակայն մասնագիտական ոլորտի կարծիքները կարծես թե միանշանակ էին հարցի շուրջ։ Այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանի նախագահի պարագայում հոկտեմբերի 2-ի սցենարի կրկնություն հնարավոր համարո՞ւմ եք, թե՞ արդեն այդ ռեսուրսը սպառված է։

– Միանշանակ Սահմանադրությունը կարգավորել է այդ հարցը, թե ՍԴ անդամների ճակատագիրը Սահմանադրության փոփոխություններից հետո ինչ է լինում։ Կա 213 հոդված, որում հստակ ասվում է, որ 2005թ. Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մեջ մտնելուց հետո մինչև այդ փոփոխությունները ՍԴ նախագահն ու անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց 65 տարեկանը լրանալը, իսկ 2005թ. շուտ նշանակված դատավորները՝ մինչև 70 տարին լրանալը։ Բացի այդ, կա նաև սրան համապատասխան դրույթ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի եզրափակիչ մասում՝ 88-րդ հոդվածում։

Մասնավորապես դրա 5-րդ մասում ասվում է, որ մինչև 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժ մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո էլ շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունները 2005թ. փոփոխություններով սահմանված ժամկետի ավարտը։ Սա նշանակում է, որ, թեպետ այդ փոփոխություններով ՍԴ-ն  ՍԴ դատավորին տալիս է 12 տարվա առավելագույն ժամկետ, բայց այդ փոփոխություններից առաջ նշանակված ՍԴ անդամներն այդ 12 տարին պաշտոնավարելուց հետո էլ շարունակելու են պաշտոնավարել։ Սա խոսում է այն մասին, որ Սահմանադրության փոփոխություններից հետո ՍԴ անդամները շարունակելու են պաշտոնավարել։

– Ի՞նչ է նշանակում՝ պաշտոնավարել, ի՞նչ են անելու նրանք։

– Մենք ունենք մի ՍԴ, որը բոլոր սահմանադրությունների փոփոխությունների օրոք նույն մարմինն է և իրականացնում է սահմանադրական արդարադատություն։ Արդարադատություն իրականացնելիս որոշումներ են կայացնում Սահմանադրական դատարանի անդամները, որոնք հիմա արդեն կոչվում են ՍԴ դատավորներ նոր Սահմանադրության շրջանակներում։ Եվ երբ մենք ասում ենք՝ «ՍԴ անդամը շարունակում է պաշտոնավարել», նշանակում է՝ նա շարունակում է իրականացնել սահմանադրական արդարադատություն, այնպես, ինչպես նոր սահմանադրությամբ՝ ՍԴ դատավորը։

Եվ այստեղ միանշանակ է, որ ՍԴ դատավորը և ՍԴ անդամները նույն կարգավիճակն ունեն։ Աշխատավարձը նույնն է, սոցիալական երաշխիքները նույնն են, իրավունք-պարտականությունները, պատասխանատվությունը նույնն են։ Եթե մենք առանձնացնենք, նշանակում է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ՍԴ դատավորի կարգապահական պատասխանատվության հարցերը վերաբերում են միայն ՍԴ դատավորի՞ն։

Այսինքն՝ եթե վարքագծի կանոնների խախտում արեց դատավորը կամ ՍԴ անդամը, ի՞նչ է, անդամին չենք պատժում, բայց դատավորին պատժո՞ւմ ենք։ Ինձ թվում է՝ դա ծայրահեղ մեկնաբանություն է, և եթե մենք պետք է տարանջատենք ու տարբեր կարգավիճակներ տանք ՍԴ անդամին և ՍԴ դատավորին, ես մի օրինակ բերեմ։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածը կարգավորում է ՍԴ դատավորի թափուր տեղը համալրելու հարցը։ Այն ասում է. «ՍԴ դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցնելու դեպքում թափուր տեղում նոր դատավորի ընտրությունը անցկացվում է….»։

Հիմա ի՞նչ է նշանակում, եթե ՍԴ դատավորը չի ազատվում, կամ նրա լիազորությունները չեն դադարեցվում, այլ ՍԴ անդամինը, օրինակ, թոշակի անցնելու կապակցությամբ, ի՞նչ է, պիտի ասենք, որ չկա՞ ՍԴ դատավորի թափուր տեղի հաստիք։ Եթե չկա, նշանակում է՝ չէր եղել նաև նախորդիվ։ Հետևաբար՝ ՍԴ դատավորի վերջին ընտրությունները, փաստորեն, չպե՞տք է անեին։ Սա, կրկնում եմ, շատ ծայրահեղ մեկնաբանություն է, և մենք թակարդն ենք ընկնելու։

– Դուք կրկին ներկայացնում եք իրավական ընթացակարգերը, գնում եք օրենքի գերակայության ճանապարհով, բայց, ինչպես տեսնում ենք, նոր իրողություններում օրենքը շատ հաճախ մնում է սոսկ որպես թղթին գրված ճշմարտություն։ Երբեմն իրադարձություններն այլ կերպ են զարգանում։ Նույն իրավիճակն էր նաև ԱԺ-ն պաշարելու ժամանակ, երբ օրենքը հակասահմանադրական չէր, բայց բոլորս տեսանք, թե ինչ կատարվեց։ Հիմա այդ նույն գործելակերպը ՍԴ-ի պարագայում կարո՞ղ ենք բացառել։

– Կանխատեսել, թե ինչ կլինի, ինձ համար շատ դժվար է՝ նաև մտքումս ունենալով դատարանների պաշարման վերջին իրադարձությունները, բայց եթե նույնիսկ նման բան լինի, դա շատ մտահոգիչ է, որովհետև դա նշանակում է՝ հիմա էլ խոչընդոտում ենք սահմանադրական արդարադատություն իրականացնող կառույցի գերկարևոր աշխատանքը։

– Անշուշտ, ծանոթ եք նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի այն հայտարարությանը, երբ ասաց. «Ես կարծում եմ՝ այդ գործը ՍԴում չի քննվի։ Ես հիմա փակագծեր չեմ ուզում բացել, ասում եմ, որ չի քննվի։ Համենայն դեպս, ես կարծում եմ՝ այս կազմով ՍԴն չի քննի։ Ավելին չասեմ։ Կգա ժամանակը, դուք տեղյակ կլինեք, կիմանաք»։ Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությունը դրա շարունակությո՞ւնը չէր արդյոք։ Նախապես ամեն ինչ գծած-պլանավորած լինելու տպավորություն չի՞ ստեղծվում։

– Ես համարում եմ, որ այսօր ունենք լեգիտիմ Սահմանադրական դատարան, ՍԴ-ում բոլոր թափուր հաստիքները համալրված են, կան 7 դատարանի անդամներ, որոնցից մեկը նախագահն է, և որոնք շարունակում են պաշտոնավարել, ինչպես որ գրված է անցումային դրույթներում, և կան ևս 2 դատավոր-անդամներ, որոնք վերջերս են նշանակվել։ 9 հոգանոց կազմն ամբողջությամբ համալրված է և ի զորու է և լիազորված է քննելու ցանկացած գործ, որը վերապահված է ՍԴ-ին՝ լինի դա Ռոբերտ Քոչարյանի գործ թե կլինեն հարյուրավոր այլ գործեր, որոնք այսօր ներկայացվում են ՍԴ։ Հիմա քաղաքացիները, հայտնի է, ևս իրավասություն ունեն դիմել ՍԴ, եթե ունենք վերջնական դատական ակտ, և այն կայացվել է մի օրենքի, իրավական ակտի հիման վրա, որը քաղաքացիները համարում են սահմանադրությանը հակասող։

– Դատաիրավական համակարգի վերջին ժամանակների բոլոր ցնցումները, տհաճ իրադարձությունները պատահականորե՞ն են հաջորդում Ռոբերտ Քոչարյանի գործով կայացվող ինչ-որ որոշման։

– Ես չեմ կարող ասել՝ ամեն ինչ կապել Քոչարյանի գործի հե՞տ, թե՞ ոչ։ Ուղղակի  բնական եմ համարում, որ տեղի է ունեցել հեղափոխություն, օրենսդիր և գործադիր մարմինները փոխվել են, և ցանկություն կա փոխելու նաև դատական իշխանությունը, բայց ես այստեղ սպեցիֆիկա եմ տեսնում։ Դատական իշխանության անփոփոխությունը, կայունությունը պահելն իրավական պետության պարտականություններից մեկն է։ Չենք կարող ամեն  հեղափոխությունից հետո դատական իշխանություն փոխել։

– Այսօր ՍԴ-ն վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի բերած ևս երկու բողոք, որոնք պիտի քննվեն օգոստոսի 29-ին։ ՍԴ-ի կողմից սա կարո՞ղ է դիտարկվել՝ որպես վերաբերմունքի արտահայտություն երեկվա հայտարարությանը։

– Ես կարծում եմ, չեմ կարող մեկնաբանություն անել, բայց հուսով եմ՝ ՍԴ-ն իր աշխատանքը կատարում է բնականոն հունով, և սա էլ դրա վառ օրինակն է, որ դիմումները, որոնք հասցեագրվում են Սահմանադրական դատարանին, իրենց պատշաճ վերաբերմունքն են ստանում վարույթն ընդունելու կամ մերժելու տեսքով։

Տեսանյութեր

Լրահոս