Աշխարհ

24.05.2019 16:35


Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր հայտնել է, որ ճիշտ երկու շաբաթից հրաժարական է ներկայացնելու: Այսպիսով, նրա քաղաքական կարիերայի առնվազն այս փուլն ավարտվում է:

«Այսօր ես հայտարարում եմ, որ հունիսի 7-ին ազատում եմ Պահպանողական և Յունիոնիստական կուսակցության ղեկավարի պաշտոնը, ուստի կարող է մեկնարկել նոր լիդերի ընտրությունը», - ասել է Մեյը Դաունինգ Սթրիթ 10 հասցեում՝ վարչապետի գրասենյակի մուտքի մոտ հավաքված լրագրողներին:

Այդ քաղաքական կառույցի պաշտոնական անվանումն է «Պահպանողական և Յունիոնիստների կուսակցություն», ոչ պաշտոնական պատմական անվանումն է՝ «տորի»:

Թերեզա Մեյը ժամանակին որոշ վերապահումներով աջակցել է Եվրամիության կազմում Բրիտանիայի մնալու գաղափարին:

Նա վարչապետ է դարձել այն բանից հետո, երբ Բրեքզիթի հանրաքվեի արդյունքում հրաժարական է ներկայացրել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 75-րդ վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:

2016 թվականի հանրաքվեով չնչին առավելություն են ստացել Եվրամիությունից դուրս գալու գաղափարի ջատագովները:

Դա լուրջ քաղաքական ճգնաժամ է հրահրել Բրիտանիայում: Հանրաքվեի այդօրինակ արդյունքն իսկական շոկ էր մեծ թվով բրիտանացիների համար: Նրանցից շատերը նույնիսկ արշավ էին սկսել ևս մեկ հանրաքվե անցկացնելու պահանջով:

Սակայն ստանձնելով կառավարության ղեկավարի պաշտոնը՝ Մեյն ասել է, որ անհրաժեշտ է կատարել ժողովրդին տված խոստումը և ապահովել Եվրամիությունից թագավորության՝ հնարավորինս հանդարտ դուրս գալը:

Պահպանողականների ապագա լիդերի առաջնահերթությունը կլինի փակուղային վիճակում հայտնված Բրեքզիթի հարցի լուծումը:

Խոհրդարանը երեք անգամ մերժել է Բրեքզիթի հարցով Մեյի ներկայացրած փաթեթը:

2016 թվականին պահպանողականները ենթադրել են, որ ունեն բավական ժամանակ Բրյուսելի հետ հարաբերությունները կարգավորելու համար, սակայն, ինչպես ընդդիմադիր լեյբորիստներն են պնդում, իշխանությունը վատնել է այդ ժամանակը:

Բրեքզիթը պետք է մեկնարկեր այս տարվա մարտի 29-ին: Լոնդոնը և Բրյուսելը մի քանի անգամ հետաձգել են մեկնարկը:

Վերջին համաձայնությամբ՝ Բրեքզիթի մեկնարկի օր է սահմանվել հոկտեմբերի 31-ը: Բրյուսելը նկատել է տալիս, որ այլևս զիջում չի լինի:

Աղբյուրը՝ «Ազատություն»

Այս խորագրի վերջին նյութերը