Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գինու սիրահարները մեկ տեղում կհամտեսեն հայկական արտադրության 200 տեսակի գինի. մայրաքաղաքում անցկացվելու է «Երևանի գինու օրեր» միջոցառումը

Գինու սիրահարները մեկ տեղում կհամտեսեն հայկական արտադրության 200 տեսակի 
գինի. մայրաքաղաքում անցկացվելու է «Երևանի գինու օրեր» միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սարյան փողոցը կվերածվի բազմատեսակ գինու համտեսի հարթակի: Գինու սիրահարներին հնարավորություն կտրվի համտեսել հայկական արտադրության լավագույն գինիները: Մայիսի 11-12-ը մայրաքաղաքում անցկացվելու է «Երևանի գինու օրեր» միջոցառումը: Նշված օրերին ժամը 18:00-23:00-ն, Սարյան, Թումանյան և Պուշկին փողոցների խաչմերուկների գողտրիկ հատվածում գինի արտադրողները կներկայացնեն Հայաստանի, Արցախի արտադրության 200 տեսակի գինի:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այս միջոցառումը երկրորդ անգամ է անցկացվում, սակայն ավանդական դառնալու լուրջ ներուժ ունի:

«Միջոցառումը հնարավորություն է տալիս ներկայանալ մեր խոհանոցով, ավանդույթներով, գինու զբոսաշրջության հնարավորություններով: Աշխարհին Հայաստանը ներկայանում է զբոսաշրջության համար կայուն, ապահով, գրավիչ ու դիվերսիֆիկացված արդյունքով»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Մեխակ Ապրեսյանը:

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, կարևորելով Երևանի գինու օրերի անցկացումը, նշեց, որ այն մեծ արձագանք է ստացել:

«Ինչպես գիտեք, մեր մայրաքաղաքն այս տարի նշում է իր հիմնադրման 2800-ամյակը: Երևանի քաղաքապետարանը, կարևորելով միջոցառումային զբոսաշրջության զարգացումը, աջակցում է այս գործընթացին: Նախորդ տարին ցույց տվեց, թե այս միջոցառումն ինչպիսի արձագանք ունեցավ: Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, ովքեր ջանք չեն խնայում այս գործում, համատեղ աշխատում են ազգային ավանդույթները ներկայացնելու հարցում: Վստահաբար կարող ենք ասել, որ այն սպասված միջոցառում է մայրաքաղաքում»,-ասաց Գևորգ Օրբելյանը:

Միջոցառման կազմակերպիչ, «Էվենտտուրա» ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանի խոսքով, թեպետ այս տարի միջոցառման օրերի փոփոխություն կատարվեց, սակայն դա չի ազդելու տոնական բարձր տրամադրության վրա:

«Այս տարի ունենք փոփոխություններ, մասնավորապես, մասնակիցներին տրվելու է կտրոն-գրքույկ, որը հնարավորություն է տալիս համտեսել 27 գինի արտադրող ընկերության արտադրանքը: Միջոցառման ավարտից հետո այդ գրքույկը որպես հուշանվեր կմնա մասնակցի մոտ: Այն բավական հագեցած է Հայաստանի գինու արտադրության, տեսականու, ընկերությունների մասին տեղեկատվությամբ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ միջոցառումը միտված է գինու զբոսաշրջության զարգացմանը: Գրքույկը տպագրված է ռուսերեն, անգլերեն լեզուներով:

«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ  Հայաստանն ունի գինու զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ:

«Այս միջոցառմամբ մի քանի խնդիր է լուծվում, նախ ներկայացվում է հայկական գինեգործական մշակույթը, մարդկանց շրջանում ավելի հաճախ գինի ըմպելը սովորույթ է դառնում, գինու տուրիզմն օգնում է զարգացնել համայնքները: Աշխարհում Հայաստանը ճանաչում են որպես կոնյակի երկիր, սակայն բոլոր հնարավորություններն ունենք որակյալ գինիներով ներկայանալու»,-ասաց Նունե Մանուկյանը: Նա ուրախալի համարեց այն, որ տուրօպերատորները հատուկ այս օրերի համար փաթեթներ են առաջարկում: Զբոսաշրջիկներ են ակնկալվում Ռուսաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Եվրոպայից:  

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումների հնարավոր ազդեցությանը այցելությունների վրա՝ Նունե Մանուկյանը նշեց, որ, իհարկե, եղել են չեղարկումներ, սակայն դրանք մեծ տոկոս չեն կազմում: Դրանից բացի, այսօր իրադարձությունները շատ արագ են զարգանում, երեկ չեղարկածները կարող են վերականգնվել: Կոնկրետ ազդեցության մասին միջոցառման կազմակերպիչները կխոսեն ավելի ուշ:

«Երևանի գինու օրեր» միջոցառումն այս տարի նվիրված է 2800-ամյա գինու մշակույթ և ապրելակերպ ունեցող Երևանին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]