Սանոսյան․ Ադրբեջանը գնդակոծել է նաև ՀՀ-ից Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրագծերը

Սանոսյան․ Ադրբեջանը գնդակոծել է նաև ՀՀ-ից Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրագծերը

PanARMENIAN.Net - ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Սյունիք այցելած դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռակոծել է նաև Հայաստանից Իրան գնացող բարձավոլտ էլեկտրական գծերը։

«Սկզբից կարող է թվալ, որ այն պատահաբար է հրթիռակոծվել, սակայն 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։ Ամեն անգամ, երբ փորձում էին վերականգնել էլեկտրագծերը, մեր մասնագետները կրակահերթի տակ էին հայտնվում և վերադառնում։ Ավելցուկ հոսանք ունենալու պատճառով ստիպված եղանք ատոմակայանի հզորությունն իջեցնել և այն, ինչպես նաև Երևանի ՋԷԿ–ն ու մի շարք այլ էլեկտրակայաններ, կիսով չափ աշխատեցնել»,–ասել է Սանոսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով` սա ակնհայտ վկայում է, որ Ադրբեջանի կողմից հստակ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---