Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առաջին Թումո տուփը բացվեց Գավառ քաղաքում

Առաջին Թումո տուփը բացվեց Գավառ քաղաքում

ԳԱՎԱՌ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ ամերիկյան  «dot 818» ընկերության համագործակցության շնորհիվ Գավառ քաղաքում բացվեց առաջին Թումո տուփը, որն ուղղված է Գեղարքունիքի մարզ քաղաքներում եւ գյուղերում կրթության  զարգացմանը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Թումո ստեղծարար կենտրոնի տուփի բացման միջոցառմանը մասնակցեցին  ՀՀ ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԲՏԱ փոխնախարար Վիկտորյա Պողոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետի տեղակալ  Գրիգոր Բոշյանըը, Թումո կենտրոնի շրջանավարտներ ու Գավառի տուփի ապագա ուսանողներ։
Ողջունելով ներկաներին` Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց. «Թումոյի մարզային ընդլայնումը էլ ավելի մեծ թափ է ստանում Գավառի Թումո տուփի բացումով: Հաշված օրերից եւս մի Թումո տուփ կբացվի Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում: Այս գործընթացը շարունակական է, եւ դրանով մենք վերահաստատում ենք մեր առաքելությունը` Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնել Հայաստանի եւ Արցախի անգամ ամենափոքր համայնքների պատանիներին»:

«Ես ողջունում եմ  Գավառ քաղաքում Թումո կենտրոնի բացումը եւ ուրախ եմ, որ ամիսներ առաջ կայացած մեր հանդիպումները, քննարկումներն ու համատեղ աշխատանքը տվեցին իրենց արդյունքները: Ուզում եմ մարզի բնակիչներին տեղեկացնել, որ Թումո կենտրոնի հետ աշխատող եւս 8 այսպիսի տուփ կունենանք մարզում: Շատ լավ է, որ մարզերում ստեղծվում է հնարավորություն, որպեսզի մեր երեխաները չկենտրոնանան մեկ վայրում կամ մայրաքաղաքում՝ ժամանակակից գիտելիքներ ձեռք բերելու նպատակով:  Փորձը ցույց է տալիս, որ  այս ոլորտում բավականին մեծ  պոտենցիալ կա, եւ նման կենտրոնների բացումը հնարավորություն կտա՝ այդ պոտենցիալն  իրացնելու, իսկ ժամանակակից  աշխարհում այս ոլորտը, կարծում եմ, տնտեսության առաջատար ուժն է լինելու: Ուրախ եմ, որ  այս կենտրոնում 200-ից ավելի դպրոցական կա  արդեն գրանցված, ունենք եւս 120 տեղ, եւ հույս ունեմ, որ կարճ ժամանակահատվածում  գրանցվածների թիվը կավելանա:  Գեղարքունիքի մարզպետարանը, մարզի համայնքներն ու գործարարները պատրաստակամ են՝   աջակցել կենտրոնին  եւ համագործակցել  նրա հետ, որպեսզի մարզի մնացած տուփերը  եւս սեղմ ժամկետներում կառուցվեն եւ կյանքի կոչվեն»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Տպավորություններով կիսվեց նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Սա իրոք ապագային ուղղված գաղափար է, որը դառնում է իրականություն մեր բոլորի աչքի առջեւ՝  ապահովելով արդյունավետ գործունեություն: Հատկապես մարզերում շատ կարևոր է նման տուփերի ստեղծումը, քանզի դրանց շնորհիվ  հրաշալի միջավայրում  հնարավոր է արդյունավետ գործունեություն ծավալել: Ես այստեղ  հաճախող  աշակերտների աչքերի մեջ տեսնում եմ  երջանկություն եւ կասկած չունեմ, որ նրանց սպասվում է խոստումնալից ապագա: Ես շատ կարեւորում եմ  նաև կենտրոնի ղեկավարության հետ մեր համագործակցված  եւ արդյունավետ աշխատանքը, որի շնորհիվ

հնարավորություն է ստեղծվել նման  տուփեր հիմնել նաեւ Արցախում՝ տեղի դպրոցականների համար »,- նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Համագործակցությանն ու նախագծի կարեւորությանն անդրադարձավ «dot 818» կազմակերպության հիմնադիր Դավիթ Տոնոյանը՝ նշելով,  որ   իրենք շատ ոգևորվածեն Գավառի Թումո տուփ նախագծի իրականացմամբ եւ հասվաստեց, որ առաջիկայում իրենց աջակցությամբ կիրականացվեն նմանատիպ նոր նախագծեր։ 

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Թումո տուփի ամենաառաջին գրանցված աշակերտների  ծանոթացումը ծրագրին ու հանդիպումը արդեն փորձառու  շրջանավարտների հետ Նրանցից ոման առաջին փորձարկումներն արեցին ռոբոտաշինության, նկարչության եւ ծրագրավորման ոլորտներում:

Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի հավաստմամբ՝ ուսանողները Թումո կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են Տուփում, իսկ Թումոյի գործնական դասընթացների համար ուղեւորվելու են  Դիլիջանի Թումո կենտրոն։ Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Բացի Թումոյի հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին Տուփը կարող է օգտագործվել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Աշակերտներն այստեղ սովորելու են 14 ծրագիր, այդ թվում՝ ծրագրավորում, գծագրություն, մոդելավորում, գրություն, երաժշտություն, անիմացիա, խաղերի պատրաստում, ռոբոտաշինություն եւ այլ մասնագիտություններ։

Խոսրով Խլղաթյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]