211652_close_icon
views-count1284 դիտում article-date 23:30 15-04-2019

Հունաստանում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 14-ին Հունաստանում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Կենտրոնական քաղաքական ձեռնարկը կազմակերպվեց Աթենքի Ռազմական թանգարանի սրահում, որին ներկա էին Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ը, Հունաստանի Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների առաջնորդները, Հունաստանի կառավարության և Խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, մտավորականներ, դասախոսներ, հասարակական-քաղաքական շրջանակների և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Միջոցառմանը ելույթ ունեցավ Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Հունաստանի կառավարության անունից ելույթ ունեցավ արտաքին գործերի փոխնախարար Տերենս Նիկոլաոս Քուիքը (Terence Nicholas Quick), իսկ խորհրդարանի անունից ներկաներին խոսք հղեց Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախաագահ Էլենի Ստամատակին (Eleni Stamataki): Ձեռնարկի հիմնական բանախոսն էր հայտնի վերլուծաբան և լրագրող, «Ռեալ Նյուզ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոս Խաձինիկոլաուն (Nikos Hadjinikolaou). Միջոցառումն ուղեկցվեց «Համազգային» մշակութային միության երգչախմբի և պարախմբի, դերասանուհի Քրիստինե Ալեքսանյանի ասմունքային կատարումներով: Միջոցառման ավարտին Հ.Մ.Ը.Մ թմբուկահարների, սկաուտների և Աթենքի քաղաքապետարանի նվագախմբի ուղեկցությամբ կայացավ հիշատակի քայլերթ դեպի Աթենքի Սինտաղմա կենտրոնական հրապարակ և, պատվո պահակախմբի ներկայությամբ, Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակի զետեղման արարողություն` ՀՀ դեսպանության, Հունաստանի կառավարության, խորհրդարանի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի, հունահայ համայնքի կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր