211652_close_icon
views-count204182 դիտում article-date 23:13 18-08-2022

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Էջմիածնում. «յաշիկի» վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, իսկ մեքենայի մոտ՝ «Մակարով» տեսակի ատրճանակ. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Գնունյանց փողոցում ավտոմեքենաներ են բախվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նշված վայրից  2 հոգու հրազենային վնասվածքներով Վաղարշապատի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը, նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը:

Ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության  գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանը և նույն վարչության կարևորագույն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանը:

Հաշվի առնելով դեպքի վտանգավորության աստիճանը, ժանանել է նաև  Արմավիրի մարզի դատախազի պաշտոնակատար Կարեն Խաչատրյանը:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «յաշիկ», որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր: 

Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և նույն վարչության Վաղարաշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև մարզի ոստիկանապետի օպերատիվ գծով  տեղակալ  Վահան Մաթևոսյանն ու քրեական ոստիկանության գլխավոր վարչության  անձի դեմ ուղղված հանցագործությունների պայքարի վարչության պետ Արսեն Ավոյանը:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու փորձաքրեագետները ու մինչ նրանք դեպքի վայրում  զննություն էին կատարում,  Վաղարշապատի ոստիկանները ՝ բաժնի պետի և օպերգծով տեղակալի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ են ստացել,  որ «յաշիկի» վրա կրակոցներ են արձակել Էջմիածին  քաղաքի Աբովյան փողոցում ու «յաշիկի» վարորդը վիրավոր վիճակում մեքենան վարել է դեպի հիվանդանոցի ուղղությամբ, որտեղ էլ տեղի է ունեցել վթարը:

Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում «յաշիկի» մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ ավտոմեքենայի մեջ՝ արնանման հետքեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև մահացածի, վիրավորի և վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  սպանվածի հայրը  ոստիկանության նախկին աշխատակից է եղել:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 279+
279+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր