«Արմեն Գևորգյանի՝ երկրից դուրս գալու արգելքի խնդրով ՄԻՊ-ը դիմել է Վալերիյ Օսիպյանին». փաստաբան

Այսօր մամուլում լուրեր հայտնվեցին, թե ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի 1»-ի քրեական գործով անցնող Արմեն Գևորգյանին թույլ չեն տվել երկրից դուրս գալ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս իր մոտ ունեցել է դատարանի համապատասխան թույլտվությունը։

Ավելի ուշ՝ News.am-ի հետ զրույցում, վերջինիս շահերը ներկայացնող Էրիկ Ալեքսանյանն ասել էր, որ «Իրոք, երեկ Արմեն Գևորգյանը, համաձայն  առաջին ատյանի դատարանի թույլտվության, պետք է 3 օրով մեկներ երկրից՝ պայմանավորված  աշխատանքային անհրաժեշտությամբ։ Սահմանային հսկողության կետում հայտարարվեց, որ համակարգում երկրից նրա ելքի համար արգելք կա դրված, և տվյալ պարագայում դատարանի թույլտվությունը ոչ մի նշանակություն չունեցավ», ապա նշել էր, որ Արմեն Գևորգյանը  պետք է մեկներ Ռուսաստանի Դաշնություն՝ Նիժնի Նովգորոդ, որտեղ գտնվում են կազմակերպություններ, որոնք մտնում են այն ընկերության կազմի մեջ, որի վարչության  նախագահը հանդիսանում է ինքը։ Այնտեղ պետք է տեղի ունենային աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ՝ կապված կազմակերպության գործունեության և զարգացման ծրագրերի հետ, այդ թվում՝ Հայաստանի մասով։ Մանրամասներին չեմ տիրապետում, սակայն իմ իմացած տեղեկություններով՝ խոսքը նաև  պետությանը վերաբերող  ծրագրերի մասին է։

168.am-ի հետ զրույցում էրիկ Ալեքսանյանը նշեց, որ իր պաշտպանյալին ՌԴ մեկնելու արգելքի պատճառները չեն ներկայացրել, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակից իրեն հայտնել են, որ Ոստիկանությունն իրենց էլ տվել է նույն պատասխանը, ինչ Յուրի Խաչատուրովի դեպքում։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին էլ շուրջ երկու շաբաթ առաջ թույլ չէին տվել հատել հայ-վրացական սահմանը։

Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ «Յուրի Խաչատուրովն անձնապես իր մոտ ունեցել է դատարանի հանձնարարականն այն մասին, որ առաջին հերթին նրան թույլատրվում է որոշակի ժամանակահատվածով մեկնել ՀՀ-ից, և երկրորդը, որ, եթե առկա է սահմանահատումների արգելք, ապա դա ենթակա է վերացման, սակայն այդ փաստաթղթի ներկայացումն էլ ոչինչ չի փոխել. կարճ քննարկումներ են եղել, բայց իրավիճակը որևէ կերպ չի փոխվել: Սահմանապահները չեն թույլատրել նրան հատել սահմանը»։

Ոստիկանությունն այդ առիթով տարածած իր մեկնաբանության մեջ մասնավորապես նշել էր, որ «մեղադրյալը, ում նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է գրավը, այլ տեղանք կարող է մեկնել բացառապես վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը պետք է արտահայտվի ոչ այլ կերպ, քան համապատասխան դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ: Մինչդեռ տվյալ դեպքում նման որևէ որոշում կայացված չի եղել, և դատարանի կողմից ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանն ուղղված գրությունը հիմնված չի եղել նման դատավարական որոշման վրա»։

«Քրդատ օրենսգիրքը դատարանին նման որոշում կայացնելու ոչ մի լիազորություն չի տվել։ Այսինքն՝ դատարանն օբյեկտիվորեն ինչ որ պարտավոր էր, իրականացրել է։ Ոստիկանության կողմից փորձ է կատարվում կոծկել այն ապօրինությունը, ինչ տեղի է ունեցել Յուրի Խաչատուրովի նկատմամբ։ Մենք կրկին պնդում ենք, որ տեղի է ունեցել լիազորությունների չարաշահում, և եթե նույնիսկ առաջնորդվենք ոստիկանության տարածած հաղորդագրության տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ սահմանահատումների արգելք դնելու մասին ևս պետք է որոշում կայացված լիներ վարույթն իրականացնող մարմնի կողմից, մինչդեռ քրեական գործում նման որոշումը բացակայում է»,- Ոստիկանության որոշումը 168.am-ի հետ զրույցում այսպես էր մեկնաբանել Յուրի Խաչատուրովի պաշտպանը։

Փաստորեն, նույն պատճառաբանությամբ էլ Արմեն Գևորգյանին թույլ չեն տվել դուրս գալ երկրից։

«ՄԻՊ-ը մեզ գրավոր պատասխանել է, որ մեր բողոքը վարույթ են ընդունել ու նույն օրը դիմել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը։ Վերջիններս նույն պատասխանն են տվել, ինչ Յուրի Խաչատուրովի դեպքում։ Քիչ առաջ ես կապ հաստատեցի ՄԻՊ-ի հետ, և նրանք ասացին, որ խնդիրը պարզաբանելու համար հատուկ դիմել են նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։ Արդյունքների մասին մեզ կտեղեկացնեն»,- ասաց նախկին փոխվարչապետի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Տեսանյութեր

Լրահոս