Մատչելիության հղումներ

Պեսկովի խոսքով` Պուտինն ամեն ինչ անում է ղարաբաղյան հարցը դիվանագիտական դաշտ տեղափոխելու համար


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «Վալդայ» ակումբի հարթակում երեկվա հեռավար ելույթի մի մասը նվիրված էր ղարաբաղյան պատերազմին և ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ռուս-թուրքական հարաբերություններին: Պուտինը երեկ, հիշեցնենք, ասել էր, որ ղարաբաղյան համակարտությունը չի սկսվել որպես միջպետական կամ տարածքների համար հակամարտություն, այլ էթնիկ բնույթ է ունեցել, և նշել է հայերի դեմ դաժան հանցագործությունները Սումգայիթում և Լեռնային Ղարաբաղում:

Միևնույն ժամանակ Պուտինը նաև ասել էր, թե «այն իրավիճակը, որի պարագայում Ադրբեջանի տարածքի զգալի մասը կորցվել է, չի կարող երկար շարունակվել»: Ադրբեջանական մամուլը հենց այս նախադասությունն է մեջբերում` տարածելու ՌԴ նախագահի ելույթը:

Երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ավանդույթի համաձայն բացատրել է ռուսաստանցիներին, թե ինչ էր ուզում ասել Պուտինը, ինչ նկատի ուներ: Ղարաբաղի մասին խոսելիս Դմիտրի Պեսկովը, սակայն, միայն ընդգծել էր, որ Պուտինն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանին և Ադրբեջանին դուրս բերի կարգավորման քաղաքական, դիվանագիտական հարթություն: Իսկ հարցին, թե ինչ քաղաքական, դիվանագիտական լուծում կարող է գտնվել, Կրեմլի խոսնակը պատասխանել է. - «Ես կարծում եմ, որ չափազանց անթույլատրելի սխալ կլինի հիմա ձևակերպել կարգավորման ինչ-որ բանաձևեր»:

Ի դեպ, եթե հոկտեմբերի 10-ի մոսկովյան եռակողմ ձևաչափով հայտնի հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարարը մանրամասն ներկայացրել էր այն սկզբունքները, որոնց շուրջ միջնորդներն առաջարկում են համաձայնության գալ կողմերին, ապա վերջին շրջանում պաշտոնական Մոսկվան հնարավոր համաձայնագրի մանրամասները գերադասում է չներկայացնել, ինչպես երեկ չներկայացրեց Պուտինը և չներկայացրեց այնուհետև նաև նրա խոսնակը:

Մոսկվայում ղարաբաղյան պատերազմի շուրջ քննարկումները վերջին օրերին ընթանում են երկու հիմնական խնդրի շուրջ` ի՞նչ անել Թուրքիայի հետ, և արդյոք Ռուսաստանը պետք է խաղաղապահներ կամ զինվորականներ ուղարկի Ղարաբաղ:

Երեկ Ռուսաստանի ղեկավարը մի կողմից ընդգծեց, որ Ղարաբաղի հարցում Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումները տարբեր են, մյուս կողմից` բավականին երկար խոսեց այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վստահելի գործընկեր է Մոսկվայի համար:

Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Զատուլինը երեկ հայտարարել էր, թե Մոսկվան կարող է հատուկ ջոկատներ ուղարկել Ղարաբաղ, ավելի ուշ Պետդումայի մեկ այլ պատգամավոր` Պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Անդրեյ Կռասնովը հակառակը պնդեց` ասելով, որ Ռուսաստանը մտադիր չէ Ղարաբաղ ուղարկել ռազմական ստորաբաժանումներ, և որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նույն դիրքորոշումն ունի: Ամեն դեպքում, ինչպես նկատում են ռուսաստանցի փորձագետները, անկախ նրանից, թե ինչ փակ քննարկումներ են ընթանում Կրեմլի կաբինետներում, Մոսկվան այսօր շարունակում է պահպանել իր ընդգծված չեզոք դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում: Մյուս կողմից, սակայն, Մինսկի խմբի համանախագահող երկրի գործող ղեկավարն առաջին անգամ հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտության հիմքում հայերի դեմ դաժան հանցագործություններն են:

Այսօր ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հանդիպել է Ռուսաստանի Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ: Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` դիվանագետները հայտարարել են, որ անհրաժեշտ է օտարերկրացի վարձկաններին անհապաղ հեռացնել Լեռնային Ղարաբաղից: Նախարարի տեղակալը և դեսպանն ընդգծել են, որ Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից ապօրինի զինված խմբավորումների փոխադրումը Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատ անընդունելի է, այն պետք է կասեցվի, իսկ գրոհայինները պետք է անհապաղ հեռացվեն:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG