Արցախի ՄԻՊ-ը հուսով է՝ ՄԻԵԴ որոշումը կկանխարգելի Ադրբեջանում հայատյացության տարածումը

Արցախի ՄԻՊ-ը հուսով է՝ ՄԻԵԴ որոշումը կկանխարգելի  Ադրբեջանում հայատյացության տարածումը

PanARMENIAN.Net - Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ողջունել է Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշումը և հույս հայտնել, որ այն կանխարգելիչ կլինի Ադրբեջանում հայատյացության տարածման ու դրա հիման վրա նորանոր հանցագործությունների իրականացման ուղղությամբ։

Հայտարարության մեջ ասվում է, որ 2004-ից հետո հայատյացությունը Ադրբեջանում առավել կազմակերպված բնույթ է կրում։

«Հայատյացության քաղաքականությունն առավել ծանր հետևանքներ ունեցավ 2016թ.ապրիլին Ադրբեջանի սանձաձերզած պատերազմի ընթացքում՝ հայ զինծառայողների և քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված պատերազմական հանցագործությունների տեսքով, որոնց վերաբերյալ ՄԻՊ-ը 2016թ. դեկտեմբերին հրապարակել է հատուկ զեկույց: Իսկ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մշտադիտարկման արդյունքները ամփոփվել են 2018թ. սեպտեմբերին հրապարակված «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցում:

ՄԻԵԴ տվյալ որոշման և հայատյացության շարունակվող քաղաքականության համատեքստում առավել մտահոգիչ են դառնում Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտման դեպքերը, որոնք առ այսօր շարունակվում են Արսեն Բաղդասարյանի, Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի հանդեպ»,-ասվում է հայտարարության մեջ:

Մայիսի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հյուրանոցում քնած վիճակում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների, ինչպես նաև մահափորձի ենթարկված սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչների կողմից՝ Ադրբեջանի և Հունգարիայի դեմ՝ 2013 թվականին ՄԻԵԴ ներկայացված անհատական գանգատներով կայացված որոշումը:

Որոշմամբ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի կողմից նրա ներումը, ըստ էության` արդարացումը և հերոսացումը ճանաչվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (Կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքների խախտում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---