Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճամբարակ խոշորացված համայնքում կիրականացվեն յոթ սուբվենցիոն ծրագրեր  

Ճամբարակ խոշորացված համայնքում կիրականացվեն յոթ սուբվենցիոն ծրագրեր

 

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում այս տարվա ընթացքում կիրականացվեն յոթ սուբվենցիոն ծրագրեր՝ շուրջ 515 միլիոն 176 հազար դրամ արժեքով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ նշված գումարի մեջ ՀՀ կառավարությունը հատկացնում է մոտ 328 միլիոն 103 հազար դրամ, Ճամբարակի համայնքապետարանը՝ մոտ 187 միլիոն 73 հազար դրամ:

Առաջին սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի շենքի երկրորդ հարկը եւ բարեկարգել տարածքը: Ծրագրի նախնական արժեքը կազմում է շուրջ 31 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 21 միլիոն 700 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 300 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը:

Երկրորդ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է կատարել Ճամբարակ քաղաքի Բաղրամյան, Բաբաջանյան, Գարեգին Նժդեհ փողոցների, Տիգրան Մեծ, Պարույր Սեւակ, փողոցների մայթերի եւ Սեպտեմբերի 21-ի շենքի բակի ասֆալտապատման, Նարեկացի փողոցի հետիոտնային ճանապարհի նորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 143 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 85 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 57 միլիոն 200 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը: Երրորդ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Գ. Նժդեհի, 103 եւ Տիգրան Մեծի, 7 հասցեների բազմաբնակարան շենքերի տանիքները: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 43 միլիոն 997 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 30 միլիոն 798 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 199 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը:

Չորրորդ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է գազաֆիկացման աշխատանքների իրականացում Ճամբարակ քաղաքի Ազատամարտիկների, Տիգրան Պետրոսյան եւ Պարույր Սեւակ փողոցներում: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 22 միլիոն 462 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 15 միլիոն 723 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 6 միլիոն 738 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը:

Հինգերորդ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է Ճամբարակ քաղաքի Չիլինգարյան փողոցի եւ Թթուջուր գյուղի ջրահեռացման, Ճամբարակ քաղաքի Իսահակյան, Օգոստոսի 23 փողոցների, Ճամբարակ թաղամասի, Այգուտ, Բարեպատ, Դպրաբակ, Թթուջուր, Կալավան, Մարտունի եւ Վահան բնակավայրերի խմելու ջրագծերի ներքին եւ արտաքին ցանցերի կառուցման, Թթուջուր բնակավայրի ջրաղբյուրի ջրընդունիչի վերակառուցման աշխատանքների իրականացում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 172 միլիոն 524 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 120 միլիոն 766 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 51 միլիոն 757 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը:

Վեցերորդ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է Թթուջուր, Վահան եւ Դպրաբակ բնակավայրերի վարչական շենքերի տանիքների եւ Ճամբարակի համայնքապետարանի շենքի 3-րդ հարկի հիմնանորոգման աշխատանքների իրականացում: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 41 միլիոն 53 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 18 միլիոն 450 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 22 միլիոն 550 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը:

Յոթերորդ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է լուսավորության ցանցի կառուցում Գետիկ, Դպրաբակ, Թթուջուր, Ձորավանք, Մարտունի բնակավայրերում , Ճամբարակ քաղաքի մի շարք փողոցներում: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 60 միլիոն 657 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 39 միլիոն 427 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 21 միլիոն 230 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը:

Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթները կհայտարարվեն առաջիկայում, իսկ բոլոր շինարարությունները կավարտվեն այս տարվա ընթացքում: «Հսկայածավալ ներդրումների արդյունքում, որի նախադեպը Ճամբարակը չուներ, մենք կարողանում ենք լուծել տասնյակ տարիներով կուտակված բազմապիսի հիմնախնդիրներ՝ սկսած ճանապարհների, ջրատարների, մանկապարտեզի, վարչական շենքերի հիմնանորոգումներից եւ վերջացրած բազմաբնակարան շենքերի տանիքների, գազատարների, լուսավորության ցանցերի կառուցումով: Միաժամանակ, համայնքի ենթակառուցվածքների զարգացումից, մարդկանց կենսապայմանների բարելավումից բացի, հարյուրավոր մարդիկ ապահովվում են աշխատատեղերով, որը շատ ավելի կարեւոր խնդրի լուծում է արտակարգ դրության պայմաններում»,-նշեց Ճամբարակ համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]