Միկրոէլեկտրոնիկայի 14-րդ օլիմպիադայի հաղթողները հայտնի են 7 նոյեմբերի 2019 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Միկրոէլեկտրոնիկայի 14-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է նոյեմբերի 6-ին Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում: Մրցույթին մասնակցել է 34 մասնակից 18 երկրից՝ Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Կոլումբիայից, Եգիպտոսից, Գերմանիայից, Իրանից, Հորդանանից, Ֆիլիպիններից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, ԱՄԷ-ից, Ուկրաինայից, Ուրուգվայից, ԱՄՆ-ից և Վիետնամից: Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանդիսավոր երեկոյի ընթացում։ Օլիմպիադայի հաղթողներն արժանացել են մրցանակների: Առաջին մրցանակակիր է դարձել Տոմա Գավրիշը՝ Սերբիայից: Երկրորդ տեղը զբաղեցրել է Մուհամեդ Աբդելնաբի Ալլի Մահմուդ Զահերը` Եգիպտոսից: Երրորդ մրցանակին արժանացել է Գլորիա Սեպանտան` Իրանից: 2006-ին մեկնարկած օլիմպիադան բացահայտում և խրախուսում է մինչև 30 տարեկան տաղանդավոր ճարտարագետների, կարևոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության հարցում, խթանում է ոլորտի զարգացումը՝ Հայաստանում և մասնակից երկրներում: Երիտասարդ մասնագետների շրջանում օլիմպիադան մեծացնում է հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ՝ ստեղծելով ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք: Այն նաև օգնում է բացահայտել երիտասարդ մասնագետների՝ տարածաշրջանային կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով: Օլիմպիադայի առաջին փուլին մասնակցել է 518 երիտասարդ, 22 երկրից՝ Արգենտինայից, Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Չիլիից, Կոլումբիայից, Եգիպտոսից, Վրաստանից, Գերմանիայից, Իրանից, Հորդանանից, Ֆիլիպիններից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից, Ուրուգվայից, ԱՄՆ-ից և Վիետնամից: Առաջին փուլի 518 մասնակիցներից 96-ը ներկայացրել են Հայաստանը: «Անչափ ուրախ եմ այն փաստի կապակցությամբ, որ ունենք երիտասարդների մի այնպիսի սերունդ, որը պատրաստ է մեզ շրջապատող խնդիրների լուծման համար առաջարկել խիզախ ու նորարարական լուծումներ՝ միաձուլելով տեխնոլոգիան ու գիտությունը: Առավել ոգևորիչ է այն փաստը, որ այս օլիմպիադան իր շուրջը միավորել է հարյուրավոր պայծառ ուղեղների՝ աշխարհի տասնյակ երկրներից, ում մասին, վստահ եմ, դեռ կլսենք»,- ասել է օլիմպիադայի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Այս տարի ևս օլիմպիադայի մրցույթային ծրագրում ընդգրկվել են հետևյալ թեմաները. թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում: Արդեն ութ տարի, օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ: «Սինոփսիս Արմենիան» օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է: Օլիմպիադայի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաև ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը։ Հավելյալ տեղեկության համար կարելի է այցելել Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կայք: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |