«Սահմանային ներկայիս իրավիճակը հանդարտություն է՝ փոթորկից առաջ». Ադրբեջանագետ

Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի ոչ պաշտոնական հանդիպումների գլխավոր նպատակն այն է, որ երկու կողմերը ցանկանում են ժամանակ շահել, հատկապես այն դեպքում, երբ Արցախի հարցի լուծման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները միմյանցից կիլոմետրերով հեռու են։

«Այս հանդիպումներով առավելագույնը, ինչին կարող են հասնել, այն է, որ ժամանակ են շահում՝ տարածաշրջանն առայժմ որոշ սրացումներից զերծ պահելու համար։ Չնայած Ադրբեջանի դիրքորոշումից ու քայլերից չի երևում, որ պատրաստվում է խաղաղության։ Այդ ինչպե՞ս է Ադրբեջանն իր ժողովրդին խաղաղության նախապատրաստում, երբ Նախիջևանում մինչև ատամները զինվում են, ամեն օր հարձակողական զորվարժություններ են իրականացնում, երկրի ներսում և դրա սահմաններից դուրս վարում հայատյաց քաղաքականություն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ներքին քաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ քիչ են ուշադրություն դարձնում արտաքին, հատկապես՝ Արցախի ուղղությամբ տեղի ունեցող գործողություններին, քանի որ Ադրբեջանը բոլոր դիվանագիտական միջոցներն օգտագործում է իր բաղձալի նպատակին հասնելու համար՝ վերադարձնել ազատագրված տարածքները, իսկ Հայաստանի նպատակը պետք է լինի այդ ամենը թույլ չտալը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը, թե բանակցային գործընթացում չի կարող քննարկվել «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, և դրան հաջորդած Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը, ըստ որի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հիմքում հենց հայկական զինուժի դուրսբերումն է «Ադրբեջանի գրավյալ տարածքներից», Գրիգորի Այվազյանը նկատեց, որ ՀՀ վարչապետի հայտարարությունն ամբողջովին տրամաբանական էր, քանի որ համայն հայությունը հասկանում է, որ Արցախի տարածքի նույնիսկ 1 սմ-ը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ավելին՝ հայությունը միշտ հայտարարել է, որ ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնողին ժողովուրդը կհանձնի հողին։

«Պարզից էլ պարզ է, որ արյան գնով ազատագրված հայկական հողը ենթակա չէ հանձնման, հատկապես, որ հակառակորդը որևէ բան չի պատրաստվում մեզ զիջել։ Հայկական կողմից զիջումներ կատարելու վերաբերյալ տեղեկատվությունն ադրբեջանական կողմի լավ քարոզչության արդյունքն է, Ադրբեջանին ձեռնտու է, որ ՀՀ ներքին քաղաքական կյանքում լուրջ խմորումներ լինեն, որպեսզի ինքն անցնի գործի։

Բոլորս էլ հիշում ենք Զաքիր Հասանովի այն հայտարարությունը, որ սպասում են շահեկան իրավիճակի ստեղծման, որպեսզի հայկական կողմին չեզոքացնելով՝ կարողանան հասնել հաջողության։ Պետք է զգուշավորություն ցուցաբերել, քանի որ հայկական կողմը երբևէ զիջումների մասին չի խոսել ո՛չ նախկինում, ո՛չ այժմ: Ցանկացած իշխանության համար պարզ է, որ Արցախի հարցում հայությունը միասնական է, և նրանց բոլորի կարծիքը համընկնում է»,- շեշտեց Գ. Այվազյանը։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը վաղուց ապացուցել է, որ բանակցությունների միջոցով իր հետ որևէ դրական արդյունքի հասնելն անհնար է։ Իսկ այն հանդարտությունը, որն այսօր կա արցախաադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանում, չպետք է կուրացնի հայկական կողմին, քանի որ այն հանդարտություն է՝ փոթորկից առաջ: Ուստի միշտ պետք է հիշել, որ ամեն վայրկյան սահմանին կարող են լինել սրացումներ։

Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ՀՀ ներկայիս իշխանությունների նկատմամբ ցուցաբերված չեզոքությանը, հրապարակվող հոդվածներում ատելության բացակայությանը, ինչը կար նախկինում, Գրիգորի Այվազյանն ասաց, որ ադրբեջանական մամուլը վարում է հայատյաց քաղաքականություն, սակայն ներկայումս ցուցաբերում են չեզոքություն ՀՀ իշխանությունների նկատմամբ, քանի որ Ադրբեջանում սպասողական վիճակում են Արցախի հարցում։

«Այսպիսով՝ ցանկանում են հասկանալ մեր իշխանությունների իրական դիրքորոշումը, ուզում են հասկանալ՝ արդյոք կարո՞ղ են որևէ բան ակնկալել։ Նախկին իշխանությունների նկատմամբ այդ միտումները չկային։ Բայց պարզ է, որ ով էլ Հայաստանում գա իշխանության՝ Արցախի հարցում չի կարող գնալ զիջումների»,- եզրափակեց Գ. Այվազյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս