Բաժիններ՝

Բեզոսը հինգ օրում Amazon-ի՝ գրեթե 3 մլրդ դոլար գումարի բաժնետոմսեր է վաճառել

Amazon.com Inc ինտերնետ-ռիթեյլերի ղեկավար եւ հիմնադիր Ջեֆ Բեզոսը ընկերության բաժնետոմսերի եւս մեկ վաճառք է կատարել, ինչի արդյունքում Amazon-ի՝ նրա կողմից վաճառված արժեթղթերի ընդհանուր գումարը հասել է գրեթե 3 մլրդ դոլարի։

Ինչպես գրում է Financial Times-ը, վկայակոչելով Արժեթղթերի ու սակարանների հանձնաժողովին (SEC) ուղարկված փաստաթղթերը, օգոստոսի 1-ին եւ 2-ին Բեզոսը Amazon-ի գրեթե 532 հազար բաժնետոմս է վաճառել՝ յուրաքանչյուր բաժնետոմսը 1,8 հազար դոլարից մինչեւ 1,9 հազար դոլար գնով՝ շուրջ 990 մլն ընդհանուր գումարով: Նաեւ նա 268 բաժնետոմս նվիրաբերել է անվանումը չնշված ոչ առեւտրային կազմակերպությանը: Ավելի վաղ տեղեկացվել է, որ հուլիսի 29-ի-31-ին բիզնեսմենը ավելի քան 1,8 մլրդ դոլար է ստացել Amazon-ի 950 հազարից ավելի բաժնետոմսերի վաճառքից:

Թե ինչ պատճառներով է Բեզոսն ազատվում իր ընկերության բաժնետոմսերից, չի նշվում: Սակայն Financial Times-ը գրում է, որ ավելի վաղ նա հայտնել է տարեկան շուրջ 1 մլրդ դոլար Blue Origin տիեզերական ընկերությունում ներդնելու մտադրության մասին, իսկ անցյալ տարի խոստացել է 2 մլրդ դոլար հատկացնել բարեգործական հիմնադրամի ստեղծմանը, որը միտված կլինի նախադպրոցական կրթության բարելավմանը եւ անտուն ընտանիքներին օգնելուն:

Մեկ տարի առաջ Բեզոսը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը, նրա կարողությունը գերազանցել է 150 մլրդ դոլարը: Հունվար ամսին կնոջից բաժանվելուց հետո նրա կարողությունը կրճատվել է, բայց նա 117 մլրդ դոլար ցուցանիշով առաջվա պես առաջին հորիզոնականում է մնում աշխարհի միլիարդատերերի ցուցակում, որը կազմել է Bloomberg-ը: Amazon-ում Բեզոսի բաժինը գնահատվում է 102 մլրդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս