211652_close_icon
views-count4495 դիտում article-date 19:15 06-11-2017

Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնը

Նոյեմբերի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնը: Փառատոնն այս տարի ստացել է 950 հայտ` շուրջ 57 երկրից: Դրանցից 180 ֆիլմ ընդգրկվել է մրցութային և ոչ մրցութային ծրագրերում: «Ռոլան» կինոփառատոնն այս տարի կբացվի օսկարակիր «Երգիր» /ռեժիսոր՝ Քրիստոֆ Դեակ, Հունգարիա/ ֆիլմով: Փառատոնի ծրագիրը /կցվում է/ ներառում է 2017 թ. ստեղծված լավագույն մանկապատանեկան ֆիլմերի ցուցադրություն, վարպետության դասեր, ստեղծագործական երեկոներ, պրեմիերաներ, միջազգային կինոփառատոնների շնորհանդեսներ, workshop-եր, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, համերգներ, հանդիպումներ հանրակրթական դպրոցներում և արվեստի կենտրոններում: Միջոցառումները նախատեսվում են անցկացնել «Մոսկվա» կինոթատրոնում, «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանում, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Ալավերդու մշակույթի տանը, Գավառի մանկատանը և այլուր: Փառատոնի շրջանակում Երևան կժամանեն հյուրեր Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Չեխիայից, Լեհաստանից: Կկայանան «Նիկոստրատոս հավալուսնը» /Ֆրանսիա/ և «Երալաշ» /ռեժիսոր՝ Բորիս Գրաչևսկի, Ռուսաստան/ ֆիլմերի հատուկ ցուցադրությունները, ինչպես նաև Կարեն Շահնազարովի «Աննա Կարենինա. Վռոնսկու պատմությունը» /Ռուսաստան/, «Սարերի հրաշքը. անսպասելի ընկերություն» /ռեժիսոր՝ Տոբիաս Վիեմանն, Գերմանիա/, «Վենդի» /Գերմանիա/ ֆիլմերի պրեմիերաները: 13-րդ փառատոնի յուրաքանչյուր անվանակարգի մանկապատանեկան ժյուրին կազմված է լինելու մարզաբնակ երեխաներից` Լոռու մարզ /Վանաձոր և Ալավերդի քաղաքներ, Թեղուտ և Շնող համայնքներ/ և Գեղարքունիքի մարզ /Գավառ/, ինչպես նաև ՀՀ և ԱՀ զորամասերի զինվորներից: Փառատոնի փակումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին` ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում, որի ընթացքում կամփոփվեն կինոդիտումների արդյունքները, կհայտարարվեն մրցանակի արժանացած ֆիլմերը, հանդիսավոր կերպով կհանձնվեն Գրան պրին և մրցութային անվանակարգերի մյուս մրցանակները:

Նմանատիպ նյութեր