Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻ նախարար Փամբուխչյանը Սպիտակում և Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

ՀՀ ԱԻ նախարար Փամբուխչյանը Սպիտակում և Վանաձորում հարգանքի տուրք է 
մատուցել 1988-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 7-ին Սպիտակ քաղաք են այցելել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Նրանց ուղեկցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, վարչության աշխատակիցները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ աղետի անմեղ զոհերի։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին և Ճապոնիայի ահեղ ցունամիի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։

«34 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջանին պատուհասած երկրաշարժը վայրկյանների ընթացքում տասնամյակների վիշտ և ավերածություն պատճառեց մեր պետությանը։ Ավերիչ երկրաշարժի արդյունքում հողին հավասարվեցին գյուղեր, ավերվեցին քաղաքներ, զոհվեցին քսանհինգ հազար քաղաքացիներ, խեղվեցին անհաշիվ մարդկային ճակատագրեր։ 1988 թվականից մինչ օրս մեր ժողովուրդը կառուցում և նորոգում է երկրաշարժի արդյունքում ավերվածը։ Սպիտակի երկրաշարժը բացահայտեց Հայաստանում քաղաքացիական պաշտպանության համակարգի շատ հիմնահարցեր և դարձավ այդ համակարգի արմատական վերակազմավորման հիմնական ազդակը։ Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծությունը ցույց տվեց, որ նմանատիպ երկրաշարժերը, տարատեսակ բնական և տեխնածին այլ աղետներ կարող են պատուհասել նաև այսօր»,- ասել է իր ելույթում ԱԻ նախարար Փամբուխչյանը:

«Այսօր մենք պետք է համադրենք մեր ջանքերը, որպեսզի հասկանանք, թե ինչ ենք անելու վաղը, որ ավելի ամրացնենք Հայաստանի դիմակայունությունը, և բնական կամ տեխնածին որևէ աղետ մեզ այլևս կորուստներ չպատճառի։ Այդ ամենի համար արվել են և արվում են կարևորագույն քայլեր, ինչպիսիք են միջազգային փորձի ներդրումը, սեյսմիկ գոտիներում գտնվող երկրների հետ փորձի փոխանակումը, ՀՀ ԱԻՆ տեխնիկական հագեցումն ու մեր մասնագետների շարունակական վերապատրաստումը։ Դեկտեմբերի 7-ը մեր ժողովրդի մոտ հոգեբանական և հուզական ծանր հիշողություններ է արթնացնում, սակայն ես հուսով եմ, որ մենք համատեղ ջանքերով կկարողանանք լիովին հաղթահարել աղետի հասցրած հետևանքները», - եզրափակել է Փամբուխչյանը։

Ըստ աղբյուրի՝ ծաղկեդրման արարողությանը հաջորդել է նախարարի այցը Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատ։ Նախարար Փամբուխչյանը հանդիպել է անձնակազմի հետ, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել հնարավոր առկա խնդիրներով, տվել համապատասխան հանձնարարականներ։

Նշվում է, որ նախարար Փամբուխչյանն այցելել է նաև Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որտեղ երկրաշարժի զոհերին նվիրված խաչքարի մոտ ծաղիկներ է խոնարհել։ Սրբոց Նահատակաց պուրակում՝ խաչքարի մոտ, կատարվել է նաև հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]