Քաղաքական 12:05 30/12/2021 Հայաստան

Արթուր Վանեցյան. Հայաստանի այս իշխանություններն ի վիճակի չեն պատշաճ կերպով ներկայացնել ու պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը միջազգային հարթակներում

«Հրապարակ»-ում այսօր լույս է տեսել  ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հարցազրույցը։

«Հրապարակ»- 2021 թվականը դժվար տարի էր Հայաստանի և Արցահարցազրույցխի համար։ Որո՞նք են այսօր մեր հիմնական խնդիրները, և ի՞նչ նոր մարտահրավերներ բերեց անցնող տարին։

Արթուր Վանեցյան- Դժվար է առանձնացնել ու խոսել միայն անցնող տարվա մասին, քանի որ այսօրվա իրավիճակն ուղղակի արդյունք է նաև պատերազմի ու հետպատերազմական զարգացումների։ Ընդհանուր առմամբ՝ այսօր բավական շատ խնդիրներ ունենք, որոնց, երևի թե, կարիք ունենք առանձին-առանձին անդրադառնալու։ Հայաստանի համար արտաքին քաղաքական և անվտանգային կարևորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ արցախյան հիմնահարցը։ Այստեղ պատերազմը նոր խնդիրներ բերեց՝ ի դեմս տարածքային կորուստների, զոհերի, փախստականների, չլուծված կարգավիճակի հարցի և այլն։ Ադրբեջանը պարբերաբար պնդում է, որ Արցախի հարցը լուծված է, և, չհանդիպելով հայկական կողմի կոշտ արձագանքին, հաջողում է նաև այս թեզն ընկալելի դարձնել միջազգային հանրության համար։ Ի դեպ, ես այստեղ հատուկ ուշադրություն կհրավիրեի այն հանգամանքի վրա, որ «հայկական կողմի արձագանք» ասելով չպիտի սահմանափակվենք միայն ԱԳՆ հայտարարություններով կամ դատապարտող տեքստերով։ Մենք արդյունք կունենանք, եթե համապատասխան աշխատանք իրականացվի գործընկերների, միջազգային կազմակերպությունների և միջազգային հանրության հետ ընդհանրապես, որը, ցավոք սրտի, չի արվում։ Մյուս կողմից, Հայաստանի իշխանությունները պիտի դադարեցնեն այն գործելաոճը, որն ուղղակիորեն լեգիտիմացնում է Ադրբեջանի մոտեցումները և ջախջախում բանակցային գործընթացի ապագան։

Օրինակները բազմաթիվ են, ամենաթարմը՝ վերջին մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հանրաքվեի, հակամարտության կարգավորումը ՄԱԿ ԱԽ տեղափոխելու, Արցախում ադրբեջանցիների ինքնորոշման և այլնի մասին։  Հայաստանի իշխանությունների կեցվածքն ուղղակի ազդեցություն է թողնում միջազգային հանրության ընկալումների վրա։ Ես այստեղ կմեջբերեի բոլորովին վերջերս Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի նախագահի ելույթից մի դրվագ, երբ եվրոպացի պաշտոնյան, խոսելով կոնֆլիկտի մասին, օգտագործում է «հաղթահարել» եզրույթը, և խոսք չկա կարգավիճակի մասին։ Ավելին, նույն Շառլ Միշելի խոսքում, ինչպես նաև ԱլԳ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում, ընդհանրապես չկար Արցախի անունը, չկար ուղիղ հղում Մինսկի խմբի համանախագահությանն ու ձևաչափին։ Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչ ռիսկեր է այս ամենը պարունակում։  Մյուս կարևորագույն խնդիրը գերիների հարցն է, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ շարունակում է չլուծված մնալ։ Հումանիտար նշանակության այս խնդիրը, որն Ադրբեջանի համար նաև պայմանագրային պարտավորություն է՝ ի դեմս նոյեմբերի 9-ի հայտարարության, շարունակում է քաղաքական շահարկումների ու առևտրի առարկա դառնալ, ինչը պարզապես անընդունելի է։

Այս ամենին զուգահեռ, մենք տեսնում ենք նաև միջազգային հանրության կողմից հետպատերազմյան այս իրավիճակում արցախյան կարգավորման գործընթացի հետ կապված բավական մտահոգիչ տենդենցներ։ Այս իմաստով հատկապես ուշագրավ են վերջին հայտարարությունները՝ թե՛ եվրոպական խորհրդի նախագահի, թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների։ Այս փաստաթղթերում խոսք չկա Արցախի կարգավիճակի հստակեցման կարևորության, Արցախի տարածքների դեօկուպացիայի, Արցախի համար երկարաժամկետ ու կայուն անվտանգության երաշխիքների տրամադրման մասին։ Սա, թերևս, լավագույն ցուցիչն է նրա, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները պարզապես ի վիճակի չեն պատշաճ կերպով ներկայացնել ու պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը միջազգային հարթակներում։ Բնականաբար, սրա հիմնական պատճառն այն է, որ այս իշխանությունները պարտության ու կապիտուլյացիայի խորհրդանիշ են, և աշխարհն էլ է նրանց այսպիսին ընկալում։

Իհարկե, այս ամենն անվտանգային լուրջ խնդիրներ է մեզ համար ստեղծում։ Մյուս կողմից՝ պիտի ընդունենք, որ Արցախի մեծ մասը կորցնելու արդյունքում ուղիղ հարվածի տակ է հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Մայիսի 12-ից թշնամու զինված ուժերն անխոչընդոտ մուտք են գործել մեր սուվերեն տարածք, շարունակում են մնալ այստեղ և հրաժարվում են դուրս գալ։ Հայաստանի իշխանություններն էլ, կոնկրետ գործողությունների դիմելու փոխարեն, առաջարկում են հայելային հետ քաշել զորքերը։ 

«Հրապարակ»- Կխնդրեի, որ ավելի մանրամասն անդրադառնաք Սյունիքում տիրող իրավիճակին։ Ի վերջո, թշնամին ճանապարհներին մաքսակետեր տեղադրեց, անընդհատ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, այստեղից, կարծես, հերքում են, բայց իրականում ի՞նչ վիճակ ունենք։

Արթուր Վանեցյան- Ի դեմս Սյունիքում ստեղծված իրավիճակի՝ այսօր բավական լուրջ անվտանգային խնդիր ունենք։ Ադրբեջանի և Թուրքիայի կարևոր նպատակներից մեկը Սյունիքով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող միջանցք ունենալն է, որը թուրքական կողմն անգամ որպես նախապայման է առաջ քաշում՝ արդեն հայ-թուրքական հնարավոր գործընթացի շրջանակներում։ Ի դեպ, այսօր Անկարան ու Բաքուն այնքան անկաշկանդ են իրենց զգում Հայաստանի իշխանություններին պայմաններ թելադրելու հարցում, որ անգամ ՀՀ-Արցախ ճանապարհի կարգավիճակն են փորձում հավասարեցնել, իրենց տերմինաբանությամբ ասված՝ «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակին, ինչը բացարձակ անընդունելի է։ Ուշագրավ է, որ Սյունիքում և Սյունիքի շուրջ այսօր ստեղծված իրավիճակը նոյեմբերի 9-ի հայտարարության հետևանքը չէր։ Հիշեցնեմ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված էր, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Զորքերի տեղաշարժի և դիրքերի փոփոխության մեկ այլ լեգիտիմ հիմք կարող էր լինել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որը պարզապես չկար։

Եվ եթե հաշվի առնենք այս ամենը, ապա ստացվում է, որ Կովսականի ու Սանասարի՝ մեզ համար կարևոր դիրքերը թշնամուն են զիջվել վերջինիս հետ գաղտնի պայմանավորվածությունների արդյունքում։ Հենց սրանից հետո Սյունիքը հայտնվեց անմիջական սպառնալիքի ներքո։ Հենց սրանից հետո թշնամին ամիսներ անց արդեն մաքսակետեր տեղադրեց ու փաստացիորեն անհնար դարձրեց տեղի հայկական գյուղերի ազգաբնակչության տեղաշարժը։ Ի դեպ, հատկապես ուշագրավ է այն, որ երբ մեր զորքերը հետ քաշվեցին՝ Ադրբեջանին զիջելով վերոնշյալ կարևոր դիրքերը, Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ նման որոշում կայացվել է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու նպատակով, այնինչ տեղի ունեցավ ճիշտ հակառակը։

Ավելի ուշ՝ այս տարվա նոյեմբերի կեսերին, ականատես եղանք թշնամու հերթական ագրեսիայի դրսևորմանը Սյունիքի ուղղությամբ, որը, իրականում, երևան հանեց մեզ համար անվտանգային կարևոր նշանակություն ունեցող այլ խնդիրներ ևս։ Նախ, բանակի բարոյահոգեբանական վիճակն ու ծառայության համար առկա պայմանները։ Տեսեք՝ մենք մեկ տարի ժամանակ ունեինք մեր զինվորների համար պատշաճ պայմաններ ապահովելու, դիրքերը կահավորելու համար։ Բայց պետական միջոցները բանակի ուղղությամբ ծախսելու փոխարեն այս իշխանությունները նախընտրում են պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնել և պարգևավճարներ ստանալ, լրտեսական ծրագրեր գնել ու ընդդիմախոսներին գաղտնալսել և այլն, և այլն։ 

Մյուս կարևոր խնդիրը, իհարկե, այն էր, որ հերթական անգամ բախվեցինք իրավիճակի, երբ ակնհայտ դարձավ, որ Հայաստանի արտաքին քաղաքականություն այսօր պարզապես չկա։ Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան հերթական առիթն էր Բաքվի՝ ագրեսոր լինելու մասին հնարավոր բոլոր հարթակներից բարձրաձայնելու, քննարկումներ ու բանաձևերի ընդունումներ նախաձեռնելու, դատարաններ դիմելու համար։ Ոչինչ արդյունքում չունենք։ Անգամ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, մեր անվտանգային համակարգը կազմող կառույցի՝ ՀԱՊԿ-ի հետ գործողությունների նախաձեռնումն ու պլանավորումը, մեղմ ասած, պատշաճ կերպով չիրականացվեցին։ 

«Հրապարակ»- Հիշատակեցիք գաղտնի պայմանավորվածությունների մասին։ Այսօր այդ ձեռագիրը շարունակվո՞ւմ է։ 

Արթուր Վանեցյան- Միանշանակ՝ շարունակվում է, և սա իմ կամ որևէ մեկի ենթադրությունը չէ։ Կարող եք նայել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների վերջին համատեղ հայտարարությունը, որտեղ շատ հստակ արձանագրված է այս փաստը։ Հիշեցնեմ՝ միջնորդ երկրների ԱԳ նախարարները հղում էին անում 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, 2021-ի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը և այլ պայմանավորվածություններին։ Ի՞նչ «այլ պայմանավորվածությունների» մասին է խոսքը։ Մյուս կողմից՝ նորից անդրադառնալով վերջին իրադարձություններին, չէր կարող ուշադրություն չգրավել այն հանգամանքը, որ Բրյուսելում երկուսով՝ Փաշինյանն ու Ալիևը, փակ դռների հետևում քննարկում են ունեցել։ Ի՞նչ են պայմանավորվել, ինչի՞ շուրջ են համաձայնության եկել՝ չգիտենք, գիտենք միայն, որ Բրյուսելից հետո Ալիևը «կառուցողական» գնահատեց այդ ֆորմատով հանդիպումը։ Ուշադրության արժանի է նաև Նիկոլ Փաշինյանի վերջին մամլո ասուլիսի ընտրված ժամանակը։ Գիտենք՝ այդ օրը Ադրբեջանի նախագահի ծննդյան օրն էր, որն էլ այն նշանավորեց օկուպացված Հադրութում նոր ռազմական միավոր բացելով։ Ինչ է, սա է՞լ էր Ալիև-Փաշինյան «միասնական ուղերձներ» շարքից։
Այսինքն՝ այո՛, սա ձեռագիր է, որ բնորոշ է Փաշինյանին։

«Հրապարակ»- Իշխանություններին, կարծես, մեկ այլ ձեռագիր էլ է բնորոշ՝ ընդդիմախոսների նկատմամբ շինծու քրեական գործեր, քաղաքական հետապնդումներ իրականացնելը։ Եվ այսօր այդ ալիքը բավական մեծ ծավալով շարունակվում է։ Ի՞նչ կասեք սրա հետ կապված։

Արթուր Վանեցյան- Այո՛, ընդդիմությանը բովանդակային պատասխանելու փոխարեն ընդդիմադիր գործիչներին փորձում են վախեցնել կեղծ քրեական գործերով ու ձերբակալություններով։ Սա շատ արատավոր երևույթ է, որ հարվածի տակ է դնում առաջին հերթին մեր պետության հեղինակությունը։ Այսօր մենք մեծ քայլերով հետ ենք գնում ժողովրդավարական արժեքներից։ 
Մյուս կողմից՝ իրավապահ համակարգն իշխանության կամակատարն է դարձել՝ բառի բուն իմաստով։ Բայց ես ուզում եմ նորից դիմել այդ գործառույթներն այսօր կատարող մեր սպաներին՝ հիշեցնելով, որ ոչինչ, այդ թվում՝ այսօրվա իշխանությունը, հավերժ չէ։ Գալու է պատասխան տալու ժամանակը, և օրենքի առաջ պատասխան են տալու բոլորը՝ իրենց գործողությունների կամ հանցավոր անգործության համար։  Ինչ վերաբերում է հարցին, թե որքան են շարունակվելու այս կամայականությունները, ապա ես շատ հստակ կարող եմ ասել՝ այնքան, քանի դեռ Նիկոլն ու իր թիմը իշխանության են։ Բռնությունը, ատելությունը նրանց էության մի մասն են, նրանց ձեռագիրն են։ Ասվածի վկայությունը վերջին ՏԻՄ ընտրություններն էին ու դրանց արդյունքում իշխանությունների ապօրինությունները։ Վերջերս ես այցելեցի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ շինծու քրեական գործի շրջանակներում պահվում է Վանաձորի ընտրված ավագանի Մամիկոն Ասլանյանը։ Ես ուրախությամբ կարող եմ նշել, որ Մամիկոնի տրամադրվածությունը խիստ մարտական էր, և պատրաստակամությունը բարձր՝ մինչև վերջ պայքարելու։ 

«Հրապարակ»- Վերադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին՝ ի՞նչ է կատարվում հայ-թուրքական գործընթացներում։ Ո՞ւր են մեզ տանում։

Արթուր Վանեցյան- Մեզ տանում են թուրքական օրակարգով հարաբերությունների հաստատման։ Թուրքիան մշտապես հայտարարել է, որ նախապայմաններ ունի՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Դրանք էին՝ Արցախից հրաժարվելը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, պահանջատիրությունից հրաժարվելն ու իր տարածքային ամբողջականությունը ճանաչելը։ 44-օրյա պատերազմից հետո ավելացավ ևս մեկը՝ իրենց տերմինաբանությամբ ասած՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրումը։ Անկարան ոչ մի օր չարեց հայտարարություն, որ հրաժարվում է այս նախապայմաններից և պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման։ Դրա մասին միայն Հայաստանի իշխանություններն են խոսում։ Եվ, ուրեմն, եթե Թուրքիան չի հրաժարվում իր նախապայմաններից, բայց միաժամանակ հայտարարում է, որ բարենպաստ միջավայր է ստեղծվել հարաբերությունները կարգավորելու համար, ուրեմն չի՞ ստացվում արդյոք, որ այս իշխանությունները համաձայնել են բավարարել այդ նախապայմանները։ Ես հիշեցնեմ․ այդ նախապայմաններն էին՝ հրաժարվել Արցախից, հրաժարվել Ցեղասպանության ճանաչումից ու պահանջատիրությունից և «Զանգեզուրի միջանցք» տրամադրել։ Ընդ որում, մենք հաճախ ենք խոսում արցախյան հարցին և միջանցքին առնչվող նախապայմանների մասին, և կարծես անտեսվում է Ցեղասպանության հարցի կարևորությունը։ Ես նորից ուզում եմ ընդգծել, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն և ոչ առաջին հերթին պատմական արդարության վերականգնման նպատակ է հետապնդում։ Այն կարևոր անվտանգային հարց է Հայաստանի ու հայ ժողովրդի համար։

Չմոռանանք Թուրքիայի կեցվածքն արցախյան հակամարտության ողջ ընթացքում, Թուրքիայի պահվածքն առաջին արցախյան պատերազմում, ապրիլյանի ժամանակ և, անշուշտ, վերջին՝ 44-օրյա պատերազմի օրերին։ Արդյոք Թուրքիայի կեցվածքը նույնը կլինե՞ր, եթե ժամանակին Ցեղասպանության համար պատասխանատվության ենթարկված լիներ։ Հենց այս է պատճառը, որ Ցեղասպանության ճանաչումը նախևառաջ անվտանգային խնդիր է մեզ համար։ Ընդհանուր առմամբ, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, մենք մի պարզ ճշմարտություն պիտի հասկանանք՝ սահմանները չեն կարող հավերժ փակ մնալ, մի օր պիտի սկսվի հարաբերությունների կարգավորման գործընթաց, բայց կողմերի շահերը հաշվի առնող գործընթաց։ Թուրքիան մեկ տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, հերթական անգամ ցույց տվեց իր թշնամական կեցվածքը հայ ժողովրդի նկատմամբ՝ ամեն կերպ աջակցելով Ադրբեջանին՝ թե՛ ռազմական, թե՛ տեղեկատվական, թե՛ քաղաքական ճակատներում։ Ի վերջո, ապացուցված տվյալներ կան Թուրքիայի աջակցությամբ զինյալ ահաբեկիչների վարձակալության մասին։ Սրանք գործողություններ էին, որ պիտի ստանային համարժեք գնահատական։ Բայց մենք ոչ միայն չունենք համարժեք գնահատական, այլև այսօր հենց Թուրքիան է նախապայմաններ առաջ քաշում՝ հարաբերությունների կարգավորման համար։ Ի պատասխան սրան՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները հայտարարում են, թե իբր դեմ են այդ նախապայմաններին, բայց իրականում այսօր մենք մի իրավիճակում ենք, երբ փաստացի դրանց կյանքի կոչման փուլ ենք մտնում։ 

Հիշենք բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ կազմակերպված «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, ի դեպ, մի միջոցառման, որի վերաբերյալ ոչ միանշանակ վերաբերմունք ունեն մեր գործընկեր երկրները, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունը։ Հայաստանի իշխանություններն այս գագաթնաժողովին մասնակցելու իրենց որոշումը հիմնավորեցին նրանով, որ դա այդ թվում լավ հնարավորություն է Հայաստանի համար՝ ներկայացնելու աշխարհին հայության նկատմամբ իրականացված ագրեսիան։ Բայց արդյունքում ոչ մի խոսք չասվեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի, ահաբեկիչների, թուրքական նախապայմանների և այլնի մասին։ Այսինքն, ոչ միայն քայլեր չեն իրականացվում Հայաստանի իշխանությունների կողմից՝ հասնելու այդ ագրեսիայի դատապարտմանը, այլև ստեղծված հնարավորություններն էլ պարզապես չեն օգտագործվում։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ որոշակի կապեր, պայմանավորվածություններ Թուրքիայի հետ արդեն գործում են։ 
Մյուս կողմից՝ այսօր արդեն հայտարարվում է հարաբերությունների կարգավորման համար Հայաստանից և Թուրքիայից ներկայացուցիչներ նշանակելու մասին, ինչը ևս որոշակի շփումների արդյունք է։ Այդ շփումների, կապերի առկայության ցուցիչ է նաև նույն «3+3» շատ կասկածելի ձևաչափին առանց որևէ խոչընդոտի համաձայնություն տալը։ 

Հայ-թուրքական այսօրվա գործընթացի համատեքստում մեկ այլ կարևոր հարց էլ կա՝ այս գործընթացը երկկո՞ղմ է՝ առանց միջնորդի, թե՞, այնուամենայնիվ, կա միջնորդ կողմ կամ միջնորդներ։ Սա ևս չափազանց կարևոր է գործընթացի ամբողջական պատկերը հասկանալու տեսանկյունից։
Եթե փորձեմ կարճ, ապա պիտի նշեմ, որ սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ Հայաստանի շահը որևէ կերպ ներկայացված չէ։ 

«Հրապարակ»- Իշխանությունները վստահեցնում են, որ Թուրքիայի հետ սահմանի բացումից և տարածաշրջանի ապաշրջափակումից հետո Հայաստանը տնտեսապես զարգանալու է։ Գուցե այսօր մեր երկրի, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակն է պատճառը, որ այս գործընթացին հանրությունն առանձնապես չի հակադրվում։ Ընդհանուր առմամբ՝ ի՞նչ կասեք երկրի տնտեսական վիճակի հետ կապված։

Արթուր Վանեցյան- Ինչ վերաբերում է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին, ապա սա մեկ այլ լրջագույն խնդիր է։ Պարադոքսալն այն է, որ աննախադեպ նվաճումների մասին անընդհատ բարձրաձայնող իշխանությունն իրականում հանրությանը խնդիրների աննախադեպ փունջ բերեց: 
Երկնիշ տնտեսական աճի փոխարեն ունենք երկնիշ գնաճ, թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները:  Այս իշխանությունը, որ պնդում էր, թե աղքատությունը մարդկանց գլխում է, ոչ միայն ոչինչ չարեց՝ հանելու համար այն մարդկանց գլխից, այլև աղքատության հասցրեց Հայաստանի բնակչության գրեթե կեսին: Մասնագետները պնդում են, որ արտագաղթն այս տարվա ընթացքում գերազանցեց նախորդ բավական երկար ժամանակահատվածի ռեկորդները: Թվային համեմատությամբ, այս տենդենցը համեմատելի է 90-ականների արտագաղթին: 

Եվ, ի վերջո, անվտանգային միջավայրի հետ կապված այսօրվա անորոշ իրավիճակում, անգամ սահմանների բացումից հետո անհեթեթ է խոսել համակարգային հնարավորությունների մասին, այդ թվում՝ ներդրումների ներգրավման, կապիտալ ծախսերի ավելացման: Որևէ արժանահավատություն ունենալու համար այդքան խոստումներից գոնե մեկ-երկուսը պետք է իրականացված լինեին: 

«Հրապարակ»- Մեր այսօրվա զրույցը հիմնականում Հայաստանի արտաքին քաղաքական ու անվտանգային խնդիրների շուրջ ստացվեց։ Երևի հարկ էր անդրադառնալ նաև այլ ոլորտներում մեր ունեցած խնդիրներին։ Ընդհանուր առմամբ՝ ո՞ր հիմնական հարցերը կառանձնացնեիք։

Արթուր Վանեցյան- Բնականաբար, հասկանալի է, որ այսօրվա մեր զրույցը հիմնականում ծավալվեց հենց անվտանգային խնդիրների շուրջ։ Այսօր սա կենսական նշանակության հարց է մեզ համար, և պատահական չէ, որ կարևորագույն թեմաները հենց սրան են առնչվում։ Բայց, միաժամանակ, վստահաբար կարող եմ պնդել, որ այսօր խնդիրներ ունենք բոլոր ոլորտներում՝ սոցիալականից մինչև մարդու իրավունքներ և անկախ դատական համակարգ։
Մենք՝ բոլորս, ամենօրյա կտրվածքով ենք բախվում խայտառակ թանկացումների, գնաճի խնդիրներին։ Ես արդեն նշեցի՝ Հայաստանի բնակչության գրեթե կեսն է այսօր հասնում աղքատության շեմին։ Սա լրջագույն թիվ է և լրջագույն մարտահրավեր մեր պետության համար։ 
Որևէ դրական դինամիկա չունենք տնտեսության ոլորտում։ Չնայած ամպագոռգոռ խոստումներին՝ մենք այսօր առարկայական առաջընթաց պարզապես չունենք։
Նույնը՝ նաև մարդու իրավունքներին առնչվող հարցերում, ժողովրդավարության զարգացման, անկախ դատական համակարգի հետ կապված։ Ընդ որում, մենք ոչ միայն չունենք առաջընթաց, այլև շատ դեպքերում հստակ հետընթաց ունենք, որի ամենաթարմ օրինակը վերջին ՏԻՄ ընտրություններին հաջորդած հայտնի իրադարձություններն են։
Իսկ իրավիճակը, իրականում, շատ պարզ է՝ այս իշխանությունը պարզապես չունի հնարավորություն որևէ ոլորտում հաջողելու, և նա դա արդեն ապացուցել է լիարժեք և ամբողջական և ապացուցել է մեզ համար շատ ցավոտ ձևերով։ 

«Հրապարակ»- Ելք տեսնո՞ւմ եք այսօր ստեղծված իրավիճակից։

Արթուր Վանեցյան- Իհարկե, անելանելի իրավիճակներ չեն լինում, բայց բանաձևը հստակ է՝ այս իշխանությունները պիտի հեռանան։ Պիտի հնարավորություն ստեղծվի չկապիտուլացված, չպարտված, բարոյահոգեբանորեն ուժեղ, խելացի, պրոֆեսիոնալ ուժերի համար՝ համայն հայության ջանքերով փորձելու կասեցնել պարտության անիվն ու ոտքի կանգնեցնել Հայաստանն ու Արցախը։ Եվ սա այսօր իմ մեծագույն մաղթանքն է մեր հայրենակիցներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ։
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}