Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիգեն Չալդրանյանը՝ Համազգային թատրոնի տնօրեն. նախարարն ամփոփեց տարին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
0b37061e25c62a11670ae90cfc3e52bf

Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն այսօր ընտրվել է Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնում: Մյուս թեկնածուն՝ Վահրամ Գալստյանը, այսօր Մշակույթի նախարարությունում անցկացվող մրցույթին ներկա չի եղել: Մինչ այդ, այսօր հրավիրված տարեկան ամփոփիչ ասուլիսում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը խոսեց նաև Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի թափուր տեղի մասին. «Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը հրաշալի տնօրեն ունի՝ հանձին Ֆրեդ Դավթյանի, և Ալեքսանդր Գրիգորյանից էլ ժառանգել է հրաշալի ներկայացումների թատերացանկ, -ասաց նա։- Փոխարենը հաջորդ տարի թատրոնը իր հանդիսատեսին կներկայանա վերանորոգված և վերազինված»։ Հայաստանի Երիտասարդական նվագախումբը այսուհետ կկոչվի Հայաստանի պետական նվագախումբ։ Այս մասին հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը իր տարեվերջյան ամփոփիչ ելույթի ժամանակ։ Սա 2017-ի վերջին նորություններից է։ 2018-ին կբացվեն նոր թանգարաններ՝լուսանկարչական, գորգի և Սայաթ-Նովայի թանգարանը՝ Հաղպատում։ Ընդ որում սա պետական ներդրումների հաշվին չի լինելու։ Սրանք մասնավոր նախաձեռնություններ են, իսկ նախարարությունը ընդամենը աջակցել է։ Գրախանութների ցանցը ևս կընդլայնվի։ Արդեն Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի հարևանությամբ կառուցվում է նոր գրախանութ, որը կդառնա գրողների և գրքամոլների հաճելի ժամանցի վայր։ Նոր կինոթատրոններ են բացվելու և առաջին ծիծեռնակը Գյումրիում վերաբացված «Հոկտեմբերն» է։ Իսկ կինոյի մասին օրենքը պետք է կենսունակ լինի զարգացնելու հայրենական կինոարտադրությունը և  Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և մայրաքաղաքի հոբելյանական միջոցառումների առիթներով 2018-ին աշնանը մայրաքաղաքում սպասվում է զբոսաշրջիկների և արտերկրից ժամանած հյուրերի մեծ հոսք և այս առիթներով կազմակերպված տարաբնույթ մշակութային միջոցառումներ։ Իսկ գարնանը՝ ապրիլի 24-ի միջոցառումների շարքում, համահայկական նվագախմբի համերգային նախագծին կմիանա միացյալ երգչախմբերի նախագիծը։ Հունիսի 1-ին կավարտվեն որոշ հուշարձանների վերականգնման աշխատանքները և կսկսվեն այլ թվով ինը հուշարձանների ռեստավրացիոն աշխատանքները։ Մշակութային կապիտալիզացիայի մոդելը կմնա անփոփոխ, ասաց նախարարն ու խնդրեց ճիշտ մեկնաբանել կապիտալիզացիա տերմինը։ «Սա առևտրային հարաբերություններ չի նշանակում։ -ասաց նա,- Սա նշանակում է, որ պետք է ստեղծել մշակութային իրական արժեք, լավ ներկայացումներ բեմադրել, հետաքրքիր ցուցահանդեսներ  ու բովանդակալից համերգներ ու փառատոններ կազմակերպել, Այլ խոսքով, պետք է կազմակերպել մրցունակ նախագծեր իրականացնել և ստացված հավելյալ արժեքը ներդնել հետագա նախագծերի մեջ։