Բաժիններ՝

Երևանի խնդիրների լուծումը պետք է տեսնել նաև մայրաքաղաքից դուրս. մշակույթի գործիչների սպասելիքները Հայկ Մարությանից

Մշակույթի գործիչների խոսքով՝ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք նա պետք է փորձի լուծել։ Խնդիրները բազմաթիվ են ու բազմաբնույթ՝ սկսած տրանսպորտից մինչև աղբահանություն։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով՝ մայրաքաղաք Երևանը շատ է աղավաղվել, և պատճառն այն է, որ հաճախ ճարտարապետները չեն դիմանում այն գայթակղություններին, որ նրանց առաջարկում են։

Ըստ նրա, Երևանը կորցրել է ոչ միայն իր թամանյանական գիծը, այլև՝ տրամաբանությունը։
«Իսկապես չեմ նախանձում այն մարդուն, ով իր վրա է վերցրել այս ծանր բեռը, հուսանք, որ նա բոլոր այս խնդիրները կլուծի, և իսկապես մեծ սպասելիքներ ունենք»,- ասաց նա։

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի կարծիքով՝ Երևանի նորընտիր քաղաքապետը շատ դժվարին բեռ է վերցրել իր ուսերին, բայց ցանկացած գործ, որը պետք է իրականացնի մարդը, դժվար է, ուստի պետք է այն պատվով կատարել։
Է. Միլիտոնյանի կարծիքով՝ Երևանի իշխանություններն են որոշում քաղաքի դեմքը՝ մայթերը դարձնում են սրճարաններ, շենքերի արտաքին տեսքն աղավաղում են, և այլն։
«Օրինակ, ունենք Ոսկու շուկան, որը նախկին բաղնիքի շենքն է, մեր աչքի առաջ շենքը փայլփլուն ապակիով երեսպատեցին։ Այս պլպլան, ողորկ անիմաստությունը, փաստորեն, նսեմացրեց փողոցի դիմագիծը։ Երևանի այս բարձրահարկ շենքերը, որ տեսնում ենք, դրանք վատ օրինակներն են աշխարհի տարբեր քաղաքների, սա ճարտարապետական կապկում է։ Մենք կենտրոնացել ենք քաղաքի կենտրոնի վրա, բայց այս քաղաքն ունի նաև արվարձաններ»,- շեշտեց Է. Միլիտոնյանը։

Կարդացեք նաև

Նա հույս հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանում աշխատանքի կանցնեն բանիմաց, քաղաքը ճանաչող և սիրող մարդիկ, որոնք կփորձեն լուծել այս խնդիրները։

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի համար ավելի կարևոր է եղել քաղաքապետի ազատ և անկաշկանդ ընտրությունները, քան գրանցված արդյունքը։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի նման ընտրությունները դառնան սովորական երևույթ։

«Շատ խոսվեց նախընտրական պայքարի, հաճախակի թույլ տրվող հայտարարությունների մասին, բայց մենք ունենք այն, ինչ ունենք։ Եթե հասարակության մի ստվար զանգված ունի գողական մտածողություն և կարծում է, որ լավագույն փաստարկը վիրավորելն ու սպառնալն է, ապա պարզ է, որ քաղաքական գործիչները ևս օգտագործելու են այդ ամենն իրենց նախընտրական պայքարի ժամանակ, առավել ևս, որ այդ պայքարում քաղաքական գործիչներն ավելի շատ ուշադրություն են դարձնում քանակի, քան որակի վրա»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Ինչ վերաբերում է քաղաքապետից սպասելիքներին, Ռուբեն Բաբայանը նկատեց, որ կցանկանար Երևանը տեսնել բեռնաթափված և ոչ գավառական։

«Գավառական մտածողություն է՝ ամեն ինչ բերել և կենտրոնցնել մեկ տեղում։ Երևանի խնդիրների լուծումը պետք է տեսնել նաև մայրաքաղաքից դուրս, երկիրը կառուցվում է սահմաններից, իսկ գավառական մտածողությունը բերում է նրան, որ երկիրը կառուցում են կենտրոնից. այդպես չի լինում՝ բուրգը տակից է կառուցվում»,- հավելեց Ռ. Բաբայանը։
Գրականագետ, գրաքննադատ Դավիթ Գասպարյանի բնորոշմամբ՝ հայ ժողովուրդը Երևանի ավագանու ընտրություններում ընտրեց ոչ թե քաղաքապետ, այլ գնաց վարչապետի հորդորով, ինչը նշանակում է, որ ժողովուրդը վստահում է վարչապետին։

Գրականագետը քաղաքային նոր իշխանություններին առաջարկում է Երևանում բացել արևմտահայերենով ուսուցանվող մեկ դպրոց, որտեղ կսովորեն սիրիահայերի, լիբանանահայերի և դրսից եկած երեխաները։

«Դժբախտաբար, արևմտահայերենը դասվում է մեռնող լեզուների շարքին, որտե՞ղ, եթե ոչ՝ Մայր հայրենիքում, պետք է հոգ տանեն, որպեսզի այդ լեզուն ապրի։ Ինձ համար Երևանի զարդերից մեկը Երևանի տրիբունա կոչվածն էր, որը գտնվում էր Հանրապետության հրապարակում, առաջարկում եմ վերականգնել այդ տրիբունան։ Աբովյան պուրակից մինչև Հաղթանակի զբոսայգու տարածք ընկած ճանապարհահատվածը խնամված չէ, առաջարկում եմ այդ լանջերը խնամել, ոռոգման ջուր քաշել և այն դարձնել զբոսայգի»,- ասաց գրականագետը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս