«ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համատեղ հայտարարության գաղափարների մասին պաշտոնական Ստեփանակերտն առաջարկել էր դեռևս 10-11 տարի առաջ». Դավիթ Բաբայան

Այսօր Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո երեք երկրների արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված է.

«Ի զարգացումն մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև՝ հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալի փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատեցին կողմերի մտադրությունը՝ շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը:

Ընդգծվեց շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես, գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը միջնորդական առաքելությանը՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել շփումները մոտ ապագայում»:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով համատեղ հայտարարությանը՝ ասաց.

«Այն գաղափարները, որոնք հնչել են հայտարարությունում, դրանց մասին պաշտոնական Ստեփանակերտը մի քանի անգամ առաջարկներ արել է։ 10-11 տարի առաջ մենք համանախագահներին առաջարկել ենք քայլերի մի փաթեթ, որոնք, ըստ մեզ, դրական կազդեին տարածաշրջանում սահմանների խաղաղության և կայունության պահպանման վրա։ Օրինակ՝ այդ քայլերից էին դիպուկահարների հետքաշում, տոն օրերին զերծ մնալ զինադադարի ռեժիմի խախտումից։ Առաջարկել ենք նաև էկոլոգիայի տեսանկյունից զերծ մնալ բերքահավաքի ժամանակ ինչ-որ քայլերից, քանի որ Ադրբեջանն անընդհատ հատուկ փամփուշներով կրակում էր մեր դաշտերի վրա, խոտն այրում էր, հետո քամին այդ կրակը տանում էր նաև իրենց դաշտերի վրա։

Մենք ասել ենք, որ այդ ամենն անթույլատրելի է, դիմել ենք համանախագահներին և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների, որպեսզի գան, տեղում տեսնեն, ինչ-որ առաջարկներ լինի։ Ադրբեջանը, ըստ ամենայնի, այդ գործընթացը տապալել է և այժմ, երբ դրա համար արդեն համաձայնություն կա, փորձում են քայլեր ձեռնարկել, լավ է, այն դրական կազդի տարածաշրջանում և սահմանների երկայնքով խաղաղության և կայունության պահպանությանը»։

Ինչ վերաբերում է հումանիտար առաքելության առաջարկին, Դավիթ Բաբայանը նկատեց՝ թաքցնելու որևէ բան չունեն, քանի որ հայկական կողմում կան Ադրբեջանի երկու քաղաքացիներ, որոնք ահաբեկիչ են, որոնք խախտելով սահմանը՝ մարդ են սպանել, որոնց նկատամբ եղել է թափանցիկ դատավարություն, և այժմ կրում են իրենց պատիժը։

«Նույնիսկ այս կատեգորիայի մարդկանց մենք երբևէ չենք զրկել մարդասիրական օգնությունից. «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեից պարբերաբար այցելում են նրանց, եթե ունենում են առողջական խնդիրներ, անմիջապես ստանում են բժշկական օգնություն, սա փաստ է։ Թե ինչ են անում ադրբեջանցիները մեր քաղաքացիների նկատմամբ, ովքեր այս կամ այն պատճառով գտնվում են նրանց ձեռքերում, սա արդեն լուրջ խնդիր է։ Մենք շահագրգռված ենք, նրանց բարեկամները թող գնան ու տեսնեն, բայց նրանց անվտանգությունը պետք է ապահովվի ամենաբարձր մակարդակով, որպեսզի որևէ մեկը նրանց պատանդ չվերցնի, քանի որ ոչինչ բացառված չէ»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով երկու երկրների ԶԼՄ-երի փոխադարձ այցելությունների հետ կապված պայմանավորվածությանը՝ Դ. Բաբայանն ընդգծեց, որ այստեղ ևս խնդիր չի տեսնում։

«Իհարկե, լավ է, որ գան ու տեսնեն, թե ինչ է կատարվում, գուցե դա ազդի կարծրատիպերի քայքայման վրա, չնայած ադրբեջանական կողմը չի փոխվելու, որովհետև նրանք համապատասխան ուղղվածություն ունեն, վերահսկողության տակ են։ Ուզում են գալ, խնդրեմ, թող գան, մենք վախենալու և թաքցնելու ոչինչ չունենք։ ԶԼՄ-ների փոխադարձ այցերի դրական կողմն այն է, որ խողովակ է բացվում և ինչ-որ կոնտակտներ։ Մինչև Իլհամ Ալիևի իշխանության գալը նման բաներ եղել է, սակայն, երբ Ալիևը եկավ իշխանության, աստիճանաբար փակեց բոլոր խողովակները։ Իհա՛րկե շահարկելու են, այստեղ են ուղարկելու մարդկանց, որոնք վատ բաներ են գրելու, բայց անկախ դրանից՝ թող գան, տեսնեն, որ մեր հայրենասիրությունը բարձր մակարդակի վրա է, մեր կորովը խարխլված չէ, և այլն։ Մենք էլ կգնանք ու կտեսնենք, թե այնտեղ ինչ վիճակում են մեր պատանդները, հայկական բնակավայրերը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս