14:37  ,  18 հունիսի, 2018

Փաշիկ Ալավերդյան․ Միջազգային ֆեդերացիան մեզ հետ կրկին չար կատակ է խաղում

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի հուլիսին Իտալիայում կայանալիք Եվրոպայի պատանիների առաջնությանը, որը վարկանիշային է պատանեկան Օլիմպիական խաղերի համար։ Սակայն թիմը բախվել է նոր խնդիրների։ Այդ մասին պատմել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։

 «Հունիսի 11-ին միջազգային ֆեդերացիայից Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ստացել է փաստաթուղթ, որտեղ նշված է, որ պատշաճ կատարել ենք պայմանագրի 18 կետերը եւ հավաքականները կարող են մասնակցել միջազգային մրցաշարերին:

Պատանիները հունիսի 19-ից են մտնում պայքարի մեջ, երիտասարդներն ու մեծահասակները օգոստոսի 19-ից: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, բայց միջազգային ֆեդերացիան մեզ հետ կրկին չար կատակ է խաղում եւ նոր պայմաններ է մեր առաջ քաշել: Երեկ նորից ստացել եմ նամակ միջազգային ֆեդերացիայից, որ պատանիների հավաքականում կան մարզիկեր, որոնցից իրենք դոպինգ թեստեր վերցրել են մեկ անգամ, իսկ օրենքով պետք է վերցրած լինեին երեք անգամ, որպեսզի տվյալ մարզիկը լիարժեք մաքուր համարվի: Սա նշանակում է, որ հուլիսին կայանալիք Եվրոպայի պատանիների առաջնության մեր ծանրորդներից ուժեղագույնների մասնակցությունը դրվում է հարցականի տակ: Չեմ հասկանում, թե ինչ է մեզանից ուզում միջազգային ֆեդերացիան, բայց սա արդեն կատակ չէ, այնպես են ուզում անել, որ արդեն ես իրենց կոկորդին կանգնած ոսկոր դառնամ: Այսօր նամակով պետք է դիմեմ միջազգային ֆեդերացիային, որ դա Հայաստանի խնդիրը չէ, իրենց ներկայացուցիչներն ումից ցանկացել են, այդ մարզիկից էլ դոպինգ թեստ են վերցրել: Ես առաջարկով հանդես կգամ, որ այս մեկ ամսվա ընթացքում ուղարկեն խումբ, որոնց ես Հայաստանում կպահեմ իրենց ուզած հյուրանոցում, իրենց ուզած պայմաններով եւ մեկ ամիս նրանց մասնակից կդարձնեմ մեր հավաքներին, մարզումներին եւ քանի անգամ որ պատանուց ուզում են դոպինգ թեստ վերցնեն, եւ համոզվեն, որ հայ մարզիկները լրիվ մաքուր են: Ես այս պահին խնդիր ունեմ Միլանում կայանալիք Եվրոպայի պատանիների առաջնության կազմի հետ կապված, քանի որ այն ծանրորդները, որոնցից բարձր արդյունքների ակնկալիք ունեմ, նրանք են միջազգային ֆեդերացիայի մեկ անգամ ստուգվածների ցանկում: Իսկ ինչպես հայտնի է, այս Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է պատանեկան Օլիմպիական խաղերի համար, իսկ մենք դեռ ունենք միայն մեկ տեղ տղաների համար: Մեզ հարկավոր է դեռ եւս մեկ տեղ աղջկա համար:

Այստեղ արդեն մենք որեւէ առնչություն եւ մեղավորություն չունենք, որ հակադոպինգային ծառայության աշխատակիցները 3, 4, 5 անգամ անալիզներ են վերցրել ոչ թե այն մարզիկներից, որոնցից պետք է, այլ նրանցից, ովքեր այս պահին պետք չեն»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչը փաստեց, որ դոպինգ անալիզների հետ կապված խնդիրը չի առնչվում մեծահասակներին եւ երիտասարդներին, քանի որ կա ռիսկային մարզիկների սեւ ցուցակ, որոնց ցանկում են նաեւ Հայաստանի առաջատար ծանրորդները՝ օլիմպիական փոխչեմպիոնները, աշխարհի, Եվրոպայի մեդալակիրները, որոնք պարտադիր հանձնում են դոպինգ թեստեր:

«Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, Անդրանիկ Կարապետյան, Ռուբեն Ալեքսանյան եւ մեր մյուս ուժեղագույնները, որոնք բարձր կիլոգրամներ են բարձրացնում եւ պետք է մասնակցեն աշխարհի առաջնությանը, նրանց անալիզների հետ կապված խնդիր չկա, լիարժեք մաքուր են եւ որեւէ խնդիր չեն ունենա Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությանը մասնակցել, ապա նաեւ աշխարհի առաջնությանը: Ի դեպ, Անդրանիկ Կարապետյանն արդեն կարողանում է բարձրացնել այնքան, որքան նա բարձրացրեց Օլիմպիական խաղերում, հոգեբանական պահը հաղթահարված է, եւ նա աշխարհի առաջնությունում կմասնակցի նոր քաշային կարգում՝ 80 կգ-ում:

Ի դեպ, այս աշխարհի առաջնությունը օլիմպիական վարկանիշային է, լինելու է 10 քաշային կարգ՝ 7-ը օլիմպիական, 3-ը՝ ոչ օլիմպիական: Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ միջազգային ֆեդերացիային ապացուցենք՝ հայ ծանրորդները մաքուր են, մենք գնում ենք դեպի մաքուր սպորտ, եւ մենք ամեն գնով տանելու ենք մեր հաղթանակները, որոնք բաց թողեցինք նախորդ աշխարհի առաջնությունում: Ես մի անգամ միջազգային ֆեդերացիայի կոնգրեսում հարց եմ բարձրացրել՝ ինչ է ուզում միջազգային ֆեդերացիան՝ դոպինգ բռնի, թե դոպինգը կանխարգելի... Այդպես էլ չստացա հարցիս պատասխանը, քանի որ դոպինգ բռնելու դեպքում այդ ամենի մեջ գումար կա, իսկ կանխարգելելու մեջ՝ ոչ»,- նշեց Փաշիկ Ալավերդյանը:

Անդրադառնալով Հռիփսիմե Խուրշուդյանի հարցին, Փաշիկ Ալավերդյանը հայտնեց, որ մարզուհու որակազրկումը երկարաձգվել է եւս երկու տարով, այսինքն 2016-2020 թվականը, քանի որ միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ միասին որոշել է վերանայել օլիմպիական մեդալակիների հարցը, թե ինչ դեղամիջոցներով են բռնվել դոպինգի համար:

«Այս հարցը դեռ կբարձրաձայնեմ ես առաջիկա կոնգրեսում, որը կայանալու է հուլիսի 6-ին Ուզբեկստանում, թե ինչու հենց Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման վրա ազդեց այս որոշումը: Շատ ցավալի կլինի, եթե վերջնական հաստատվի 4 տարվա որակազրկումը, քանի որ արդեն տարիքը թույլ չի տա մարզուհուն շարունակել մնալ մեծ սպորտում: Ամեն ինչ կանենք, Հռիսիմեի հարցին էլ լուծում տանք»,- ամփոփեց Փաշիկ Ալավերդյանը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձայն 2008-2020 թվականներին բազմաթիվ դոպինգային խախտումներ ունեցած հինգ երկրների 2020թ. Օլիմպիական խաղերում կտրվի միայն երկուական ուղեգիր նվաճելու հնարավորություն: Այդ երկրների թվում է հայտնվել նաեւ Հայաստանը՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ:

Մինչեւ 2020թ. ապրիլ հակադոպինգային կանոնադրության նոր խախտումների դեպքում, այս երկրներն ընդհանրապես կզրկվեն օլիմպիական ուղեգրերից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում