16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա Փաշինյանի կողմից անմեղության կանխավարկածի խախտում է. ՄԻԵԴ որոշումները

 …մարդկության ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր

 

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Հանցագործության մեջ մեղադրվող անձի անմեղության կանխավարկածը նրա՝ արդար դատաքննության իրավունքի ապահովման հիմնաքարն է:

ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիաի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ` օրենքին համապատասխան:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր որոշումներում հաստատել է, որ անմեղության կանխավարկածի սկզբունքն արգելում է հանրային իշխանության ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց հրապարակային այնպիսի հայտարարություններ անելը, որոնք կարող են.

  • խրախուսել հանրությանը հավատալու, որ անձը մեղավոր է,
  • ուղղորդել դատարաններին՝ վերջիններիս կողմից փաստերի գնահատման գործընթացում[1]:

Ավելին, ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ եթե ենթադրյալ հանցագործության մեջ մեղադրվող անձի մասին հանրային իշխանության ներկայացուցչի հայտարարությունը պարունակում է կարծիք, որ անձը մեղավոր է մինչև այդ փաստը կհաստատվի դատական քննության արդյունքներով, հանդիսանում է անմեղության կանխավարկածի խախտում:

Պետք է հստակ տարբերակել և հրապարակային հայտարարություններում զերծ մնալ այն գնահատողական հայտարարություններից, որոնցով անձի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելը ներկայացվում է որպես հաստատուն փաստ:

Կարելի է երևույթի մասին խոսել կամ հանդես գալ հռչակագրային հայտարարություններով, որոնցով նկարագրվում է ենթադրյալ հանցագործությունը` առանց անձի վարքագիծը գնահատելու և դատապարտելու:

Այնպիսի հայտարարությունները կամ հրապարակային ելույթները, որոնք իրականացվում են հանրային իշխանության ներկայացուցիչների և պաշտոնատար անձանց կողմից, և չեն համապատասխանում վերը ներկայացված պայմաններին, կարող են անմեղության կանխավարկածի և դրա հիման վրա ձևավորվող օրինականության պահանջի խախտումներ հանդիսանալ:

(…)պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենքզինամթերք պահելու հետ: Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունները յուրացնելու և գողանալու հետ: Կրկնում եմ, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է ոչ միայն ապօրինի զենքզինամթերք պահելու հետ, այլև այն կասկածների հետ, որ նա, օրինակ, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրել է և դրանով կերակրել է իր կենդանիներին՝ իր արջերին, իր վագրերին, և այդպես շարունակ: Եվ հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունները, բանակին ուղարկված օգնությունները, և այս կասկածները հիմնավորվում են նրա տանը, առանձնատանը և նրան պատկանող տարածքներում կատարված խուզարկությունների արդյունքներով(…):

(…) Կրկնում եմ, ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, որևէ անձի մեղավորությունը կամ անմեղությունը որոշում է դատարանը, բայց ես ուզում եմ հստակ պարզաբանել, որ ձերբակալությունը կապված է միայն զենքզինամթերք պահելու կասկածների հետ, այլև արդեն ասացի՝ նաև ինչի հետ: Բացի այս, առկա են կասկածներ, որ յուրացվել են նաև բանակի համար ուղարկված տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ մեքենաներ, բացի այս, երբ մեր բանակը նաև սպառազինությունների մատակարարման հետ կապված խնդիր ունի, ինչո՞ւ պիտի մի մասնավոր անձի տակ լինի ահռելի մեծ քանակությամբ զենք զինամթերք՝ ապօրինի, ինչո՞ւ պետք ա լինի(…):

Մեջբերում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ միացումից,  «Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու», 17 հունիս 2018թ 

Մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքի տեսանկյունից, անկախ հանցագործության ծանրության, հանրային հնչեղության և հանցագործության մեջ մեղադրվող անձի ինքնությունից՝ պետք է խստագույնս հարգել ու պահպանել այդ սկզբունքը: Դա հանդիսանում է օրինականության և խնդիրների իրավական լուծման մեխանիզմները երկրում զարգացնելու ամենամեծ և միակ երաշխիքը:

Հաշվի առնելով վերոգրյալը, կարևորելով հանրային հաշվետվողականությունը, ինչպես նաև անձի իրավունքներն ու օրինականության պահանջը՝ ակնկալում ենք.

 Հանրային իշխանության ներկայացուցիչներից և պաշտոնատար անձանցից

  • մինչդատական փուլում ձեռնպահ մնալ ենթադրյալ հանցագործության մեջ մեղադրվող անձի վարքագծի վերաբերյալ այնպիսի գնահատողական հայտարարություններից, որոնք կարող են հասարակության կողմից ընկալվել որպես արդեն հաստատված հանգամանքներ և կանխորոշել դատարանի կողմից կայացվող որոշումը
  • չհրապարակել ենթադրյալ հանցագործությանը վերաբերող այնպիսի փաստեր կամ հանգամանքներ, որոնք նախաքննության մարմնի կողմից դեռևս չեն հրապարակվել:

Իրավապահ մարմիններ (Ազգային Անվտանգության Ծառայություն)

  • իրավապահ մարմինների գործունեության հրապարակայնությունը և հաշվետվողականությունը խիստ կարևոր են հանրային վստահության ապահովման համար: Այնուամենյանիվ, պետք է հաշվետվողականությունը հավասարակշռել անձի իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքով:

Դատարաններից

  • Գործի նախնական քննության ընթացքում խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս ապահովել կողմերի հավասարությունը, վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերի պատշաճ հետազոտումը, գնահատումը, կայացված որոշման հիմնավորվածությունը և անհատականացվածությունը:
  • Մեղադրական եզրակացությամբ գործը դատարան ներկայացվելու դեպքում լիարժեքորեն երաշխավորել մեղադրյալների արդար դատաքննության իրավունքը՝ պահպանելով նրա անմեղության կանխավարկածը և տուրք չտալով հասարակական պահանջներին:  

 

Տեղեկանքը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից 2018 թվականին

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ